ՙՙՍՊՈՐՏԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԵՆ՚
Արխիվ 12-16ՙՍՊՈՐՏԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԵՆ՚
Ապրիլի 18-ին ՀՀ վաստակավոր գործիչ, միջազգային, ինչպես նաեւ օլիմպիական մրցավար, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Դերենիկ Գաբրիելյանը Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից արժանացել է ՙՖիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման առաջընթացին նպաստելու համար՚ պատվո մեդալի: Անդրադառնալով պարգեւին` պարոն Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար անակնկալ էր ԱՊՀ երկրների մրցանակին արժանանալը.-Շուրջ հիսունհինգ տարի է` սպորտում եմ, եւ եթե անկեղծ` չէի պատկերացնի, որ մի օր պատիվ կունենամ ԱՊՀ երկրների պարգեւը ստանալուն: Դա ինձ համար իրոք անակնկալ էր, բայց իհարկե` հաճելի: Դրա համար նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել ԱԺ-ի բոլոր պատգամավորներին, որ ներկայացրել էին ինձ այդ պարգեւին: Չկա աշխարհում մի մարդ` երբ տեսնում է, որ իր աշխատանքը գնահատում են` ավելի չոգեւորվի: Ապրիլի 18-ը ինձ համար իրոք շատ երջանիկ եւ հիշարժան օր էր, երբ ես տեսա, թե ինչպիսի փայլուն ելույթներ ունեցան Սանկտ Պետերբուրգում մեր պատգամավորները, այդ թվում` Հայկ Բաբուխանյանը, մեծ հպարտություն ապրեցի: Հենց այդտեղ` Սանկտ Պետերբուրգում, տիկին Մատվիենկոն ինձ պարգեւատրեց ՙՖիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման առաջընթացին նպաստելու համար՚ մեդալով:
Ի դեպ` պարոն Գաբրիելյանը միակն է, ում մրցանակը ստանալուց հետո, որպես երախտիք` հաջողվել է համբուրել Վալենտինա Մատվիենկոյին.
- Շուրջ տասը պետության ներկայացուցիչներ էին պարգեւատրվում, եւ երբ հերթը հասավ ինձ` տիկին Մատվիենկոն պարգեւատրեց ինձ եւ վարդեր նվիրեց, ես էլ պահը չկորցրի եւ առաջարկություն արեցի համբուրել իրեն, ասելով. ՙԻմ ընկերները, իմ հայրենակիցները ինձ չեն ների, եթե ես Ձեզ չհամբուրեմ՚: Պետք է ասեմ, որ տիկին Մատվիենկոն չմերժեց խնդրանքս, ես էլ նրան համբուրեցի:
Անդրադառնալով սպորտի բնագավառին` պարոն Գաբրիելյանն ասաց.
- Միշտ ասել եմ ու էլի կասեմ, որ սպորտում մարզչի, մանկավարժի աշխատանքը ամենաբարձր աշխատանքներից մեկն է: Քանի որ մեր տարիների աշխատանքը երեւում է միայն տարիներ հետո` երբ տեսնում ենք, թե մեր աշակերտները ովքեր են դարձել եւ ինչով են զբաղվում: Ես ուրախ եմ, որ տարիների ընթացքում տվել եմ շուրջ յոթ հազար շրջանավարտ ու նրանցից ոչ ոքի համար չեմ կարմրել: Այսօր իհարկե` հատկապես ֆիզիկական կուլտուրայում եւ սպորտում, կան բազմաթիվ հարցեր, խնդիրներ, բայց կարծում եմ, որ եթե լինի ճիշտ մոտեցում` կարելի է լուծել բոլոր խնդիրները` առանց մեծ ներդրումներ անելու: Այսինքն, յուրաքանչյուրը պետք է շատ լավ կատարի իր աշխատանքը, իսկ մեր ֆեդերացիաները, մեր Օլիմպիական կոմիտեն պետք է զբաղվեն մեծ սպորտի խնդիրները լուծելով: Վստահ եմ` համատեղ աշխատանքը իր արդյունքներին երկար սպասեցնել չի տա: Եթե այսօր հանրակրթական դպրոցներում մենք չկարողանանք բարձրացնել ֆիզիկական կուլտուրայի դերը, ուրեմն վաղը չենք ունենա ուժեղ եւ պիտանի զինվորներ, քանի որ մեկը մյուսի շարունակությունն է: Այդ իսկ պատճառով ես ասել եմ ու էլի կասեմ, որ Սպորտի, Առողջապահության, Պաշտպանության նախարարությունները պետք է համատեղ աշխատեն, այդ շղթան չպետք է թուլանա:
Պարոն Գաբրիելյանի խոսքով, այսօր սպորտում կան բազմաթիվ խնդիրներ, բայց հիմնական խնդիրները երկուսն են.
-Գիտեք, որ մեծ սպորտը, իսկապես մեծ քայլերով է առաջ գնում, մենք պետք է կարողանանք հասնել դրան: Այսօր սպորտի հիմնական խնդիրները երկուսն են` մարզաբազաների եւ կադրերի վերապատրաստում: Ինչպես ասում են` առանց մեծ ներդրումների չի լինի մեծ սպորտ: Այնպես, որ խնդիրները շատ են, բայց ես կարծում եմ, որ լուծումները պետք է գտնենք միասին:
- Որ ոլորտներում եք առաջընթաց նկատում` համեմատած նախորդ տարիներին:
- Սպորտը միշտ գնահատում են մեդալներով, վերջին ոսկե մեդալը բերեց մեր քոլեջի շրջանավարտ Արմեն Նազարյանը` Ատլանտայի օլիմպիական խաղերից: 1996 թվականից հետո, ցավոք, մենք ոսկե մեդալ ձեռք չենք բերել: Մինչ օրս մեր օլիմպիական չեմպիոնների ընդհանուր թիվը տասներեքն է, եւ այդ տասներեք թիվը, չգիտես ինչու, չի հաջողվում ջարդել: Բայց հուսով եմ, որ առաջիկայում Բրազիլիայում անցկացվելիք օլիմպիական խաղերի ժամանակ մեր մարզիկները ամեն ինչ կանեն, որ ոսկե մեդալ բերեն: Իսկ մարզաձեւերից այսօր մեծ վերելք է ապրում շախմատը: Այսօր կաղում ենք խաղային ձեւերից` չունենք թենիսի, վոլեյբոլի կարգին թիմեր:
- Ինքներդ նշեցիք, որ սպորտը միշտ գնահատում են մեդալներով: Սակայն օլիմպիական խաղերի ժամանակ հաճախ ենք լսում հետեւյալ արտահայտությունը. ՙԿարեւորը մասնակցություն է՚, Դուք ինչպե±ս եք վերաբերվում:
- Ընդհանրապես ճիշտ եք` հատկապես օլիմպիական խաղերի ժամանակ հաճախ ենք լսում նման արտահայտություն, բայց, ինչ խոսք, կյանքն ապացուցել է, որ հենց հաղթանակն է կարեւորը: Այդպես ասում են, բայց ինչքան հաճելի է, որքան հպարտություն է ապրում ազգը, երբ իր ներկայացուցիչը հայկական դրոշն է բարձրացնում, հնչում է հայկական հիմնը: Ամեն դեպքում, ըստ իս` կարեւորը ոչ թե մասնակցությունն է, այլ` մեդալը: Մեդալ բերողի անունը պատմության մեջ ոսկե տառերով է գրվում: Տեսեք, եթե մեր օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Հրանտ Շահինյանը, Վլադիմիր Ենգիբարյանը եւ այլոք ոսկե մեդալ ստացած չլինեին, չեմ կարծում, որ միայն մասնակցությամբ նրանց այսօր ինչ-որ մեկը հիշեր:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Հ.Գ. Ի դեպ` մայիսի 17-ին կբոլորի սպորտի ականավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանի ծննդյան 70-ամյակը: Եվ, հատկանշական է, որ իրեն տրված մեդալի համարը` թիվ 17, համընկել է հենց իր ծննդյան օրվա հետ:

