«ԱՄՆ-ԻՆ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ»
Արխիվ 12-16«ԱՄՆ-ԻՆ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ»
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը` ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության վերաբերյալ արվող հայտարարության առնչությամբ, օրերս լրագրողների հետ ճեպազրույցում նշել է.
«Պետքարտուղար Քերրին եւ ԱՄՆ նախագահ Օբաման շատ լավ տեղյակ են այս իրադարձությունների մասին: Շատ ուժեղ հայտարարություն է լինելու, որն ընդունում է այն փաստը, որ 1,5 միլիոն հայեր են կոտորվել, բայց, թե ինչ խոսքեր է օգտագործելու նախագահն իր հայտարարության մեջ, նրա փոխարեն չեմ կարող ասել»: Թե ի՞նչ «շատ ուժեղ հայտարարության» մասին կարող է խոսք լինել, եւ այս անգամ «Մեծ եղեռնը» անգլերեն ի՞նչ տառադարձությամբ կկոչի «նորին մեծություն» ԱՄՆ առաջնորդը, «Իրավունքը» հետաքրքրվեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻՑ, ով կարճ ու կոնկրետ, քմծիծաղ տալով` պատասխանեց.
- Չեմ հավատում, ես ԱՄՆ-ին չեմ հավատում...
Իհարկե, տարիներ առաջ ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու մասին շռայլ խոստումներ տալն եւ խաբելը արդեն իսկ Հայաստանի համար պետք է բավական լիներ ԱՄՆ-ին չվստահելու համար: Բայց նաեւ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նույն դեսպան Հեֆֆերնը հերթական փայլուն ճառն արտաբերեց հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների եւ այդ գործընթացի նկատմամբ ԱՄՆ-ի ակտիվ աջակցության մասին: Բայց այս անգամ էլ, դեսպանը բառ անգամ չասաց ո՛չ Քեսաբի իրադարձությունների, ո՛չ էլ դրանում Թուրքիայի ակտիվ դերակատարության եւ, իհարկե, ո՛չ էլ այդ ամենի նկատմամբ ամերիկյան ստվերային ազդեցության մասին: Ու այս ամենից հետո, իրոք, մի՞թե հնարավոր է ԱՄՆ-ին հավատալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

