«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»
Արխիվ 12-16«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»
Ընդամենը երկու օր անց կրկին ողջ պահանջատեր հայությունը կբարձրանա դեպի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերին ու կրկին աշխարհին ցույց տալով, որ 99 տարի անց դեռ ոճրագործ թուրքը չի սրբել իր արյունոտ ձեռքերը: Եվ այսօր ընդամենը մեկ տարի է բաժանում մեզ Ցեղասպանության 100-րդ տարելիցից, իսկ թե Հայաստանում պետական մակարդակով եւ սփյուռքյան համայնքներում ինչ քայլեր են ձեռնարկվում Ցեղասպանության ճանաչման ճանապարհին, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ.
-Դեռեւս 2011 թվականից սկսած` մեր երկրում սկսվել են նախապատրաստական աշխատանքները: ՀՀ նախագահը 2011 թվականի ապրիլի 23-ին հրամանագիր ստորագրեց` պետական հանձնաժողով ստեղծելու մասին, որը ղեկավարում է հենց ՀՀ նախագահը:
Եվ այդ պետական հանձնաժողովը համահայկական բնույթ կրեց, նրա կազմում են ե՛ւ Արցախից, ե՛ւ Հայաստանից, ե՛ւ սփյուռքյան խոշոր կազմակերպություններից ներկայացուցիչներ: Այս հանձնաժողովի կարեւոր առանձնահատկությունն այն էր, որ նախագահը իր հրամանագրում հորդորեց, որպեսզի Սփյուռքում ՀՀ արտաքին գործերի եւ Սփյուռքի նախարարությունների օգնությամբ ստեղծվեն տարածաշրջանային հանձնախմբեր: Այդ հանձնախմբերը ստեղծվեցին, ու 2011 թվականից սկսած նոր ազդակ հաղորդվեց Ցեղասպանության խնդրին, եւ մեր համայնքները կազմակերպված, խելացի ձեւով աշխատանք են տանում: Եթե 70-80 տարի նրանք մենակ էին գործում, այսօր իրենց թիկունքին ունեն Հայոց պետությունը, Արցախը, մեր դիվանագիտական կառույցները,
դեսպանատները, որոնք շատ ակտիվ ձեւով համագործակցում են:
Միաժամանակ, նախագահի հանձնարարությամբ գործում է աշխատանքային խումբը` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, որի շրջանակներում վերջերս Բրյուսելում հավաքել էինք Ցեղասպանության տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին եւ ներկայացուցիչներին ու անցկացրեցինք հավաք-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին հոգեւորականներ, դեսպաններ, հանձնախմբերի նախագահներ, եւ մենք ներկայացրեցինք, թե Հայոց պետությունը ինչ քայլեր է ձեռնարկել, եւ ինչ ենք ակնկալում իրենցից: Իրենք էլ ելույթներով հանդես եկան` ներկայացնելով, թե յուրաքանչյուր երկիր կոնկրետ ինչ գործունեություն է ծավալել:
Սակայն այսօր մենք արդեն կարող ենք արձանագրել, որ հրապարակի վրա է Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված, քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նամակը, որով քուրդ ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հրապարակի վրա է նաեւ Չեխիայի նախագահի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսեց Ցեղասպանության մասին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ ասված է, որ պետք է պատմությունը վերանայել եւ ճանաչել Ցեղասպանությունը: Ինչպես նաեւ հատկանշական է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունները Թուրքիայի համալսարանում, երբ նա ասաց, որ դուք պարտավոր եք ճանաչել Ցեղասպանությունը: Այսինքն` աշխարհում ընթանում են գործընթացներ` Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ: Շուտով` մայիսին, այստեղ կլինի նաեւ Ֆրանսիայի նախագահը, ով խոստացել է, որ Ցեղասպանության քրեականացման եւ ժխտման օրենքի խնդիրը կկարգավորվի:
Ասեմ, որ փայլուն ձեւով աշխատեցին մեր հայկական կազմակերպությունները` Շվեյցարիայի որոշման դեմ Եվրադատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը` եւս մեկ անգամ բողոքարկելու առումով: Եվ մենք այս հարցը նորից պետք է շարունակենք մեր ուշադրության կենտրոնում պահել, պայքարել, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության եւ ժխտողականության դեմ Բեռնում ընդունված որոշումը իրականում շարունակի գործել: Նշեմ նաեւ, որ անպայման մինչեւ 2015 թվականը կսկսի գործել Կոմիտասի անվան թանգարանը, իսկ Կոմիտասը, կարծում եմ` Հայոց ցեղասպանության խորհրդանիշերից մեկն է:
Եվ ամենագլխավոր քայլերը, որ այսօր նաեւ Սփյուռքի օգնությամբ տարվում են, Թուրքիայում թուրք ժողովրդի կողմից իրենց պատմությունը ճանաչելուն միտված գործընթացներն են: Մենք շատ ուրախ ենք, որ գնալով` թուրք մտավորականները, լրագրողները, գիտնականները իրենց շարքերը ընդլայնում, մեծացնում են, եւ այսօր նաեւ մեզ համար շատ կարեւոր երեւույթներից մեկն այն է, որ իսլամացած հայերի շարժում է սկսվել: Նրանք արդեն ճանաչում են իրենց ինքնությունը, վերադառնում են իրենց արմատին: Դիարբեքիրի, Դերսիմի հայերի հետ շատ ակտիվ գործունեություն ենք ծավալում, նրանցից շատերը շուտով Հայաստան պետք է գան: Այս ուղղությամբ մենք կազմակերպում ենք «Արի տուն» ծրագիրը` մի այլ ասպեկտով, որպեսզի ավելի տարեցները գան եւ իրենց արմատին վերադառնալու խնդիրը կարողանան կարգավորել: Այսինքն` ոչ թե հայրենադարձության, այլ հայադարձության խնդիր ենք փորձում լուծել եւ պետք է ուրախ լինենք, որ նրանք մեր Արեւմտյան Հայաստանում կարողացել են ապրել, շարունակել մեկ դար պայքարել եւ այսօր վերադառնում են իրենց արմատին: Այս բոլորը 100-րդ տարելիցի շրջանակներում, կարծում եմ, կարեւորագույն գործընթացներ են, որոնք տեղի կունենան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

