«ԵԹԵ ԼՌԵՆՔ, ՔԱՐԵՐԸ ԿԱՂԱՂԱԿԵՆ»
Արխիվ 12-16«ԵԹԵ ԼՌԵՆՔ, ՔԱՐԵՐԸ ԿԱՂԱՂԱԿԵՆ»
Օրերս ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Եթե լռենք, քարերը կաղաղակեն» գրքի շնորհանդեսը, որում զետեղված են Եղեռնը վերապրած Հրաչյա Գևորգյանի հուշերը:
Գրքի հրատարակությունն իրականացվել է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ: Երեք տարի առաջ նրա ձեռքերում են հայտնվել գրքի անտիպ էջերը, որոնք այսօր արդեն վեպ-հուշագրության տեսքով ընթերցողների ձեռքերին են:
Գիրքը պատմում է Վանի նահանգի բնակչության տեղահանության ու կոտորածների մասին: Հեղինակն իր կյանքի պատմությունը ներկայացնում է իրական պատմական իրադարձությունների կիզակետում: Փաստագրական հարուստ նյութի հիման վրա հեղինակը նկարագում է ոչ միայն իր ծննդավայրի, այլև հարևան գյուղերի բնակչության դաժան կյանքը 20-րդ դարասկզբին թուրք և քուրդ ավազակների տիրապետության տակ: «Կարծում եմ՝ պատմական հիշողությունը շատ կարևոր է ազգային ինքնությունը պահպանելու առումով: Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ՝ սա մեծ նվեր է հայ ժողովրդին»,- նշեց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը:
Տիկին Բաղդասարյանը ներկայացրեց հեղինակի կենսագրությունը, խոսեց գրքի առանձնահատկությունների մասին. «Դրանում օգտագործված են և՛ գրական, և՛ խոսակցական ոճերը, շատ են նաև քրդերեն ու թուրքերեն բառերը: Խմբագրելիս աշխատել ենք չհեռանալ հեղինակից: Եղեռնին հաջորդած հասարակական-քաղաքական կյանքը ևս տեղ են գտել գրքում»:
Հրաչյա Գևորգյանը ծնվել է 1902 թ-ին Վանի գավառի Նորդուզ գավառակի Դիմ գյուղում: Կոտորածից փրկվելով՝ հասել է Էջմիածին, այնուհետև տեղափոխվել Երևան: Մանուկ հասակում տեսածն ու զգացածը տարիներ անց նա փոխանցել է թղթին, ինչն էլ նրա թոռները որոշել են վերածել գրքի: Ինքը՝ հեղինակը, մահացել է 1987 թ-ին:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

