ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ԱՐՑԱԽ
Արխիվ 12-16ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ԱՐՑԱԽ
Մարտի 25-ից 27-ը համալսրանականները կայցելեն Արցախ: 2006 թվականից սկսած` ամեն տարի Երևանի պետական համալսարանի ուսանողական կառույցները՝ ի դեմս ՈՒԽ-ի, ՈՒԳԸ-ի, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աջակցությամբ այցելում են Արցախ:
Ըստ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանի` Արցախ կատարած այցելության գլխավոր նպատակն է մասնակցել Եղեգնուտի` Պետրոս Ղևոնդյանի անունը կրող միջնակարգ դպրոցում կայանալիք հուշ-ցերեկույթին` նվիրված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի 50-ամյակին:
Բացի այդ` համալսարանականները կայցելեն Սրխավենդում գտնվող Պետրոս Ղևոնդյանի անվան զորամաս, որտեղ «Անմահները հրամայում են» ծրագրով հանդես կգան ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ուսանողները:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև Արցախի պետական համալսարանում անցկացնել գիտաժողով՝ նվիրված զինադադարի 20-ամյակին, այնուհետև ուսանողները կայցելեն նաև Բերձոր` համալսարանական պուրակ, որտեղ կկազմակերպվի ծառատունկ՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 95 և ՈՒԽ հիմնադրման 20-ամյակներին:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

