ՙՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է 5 ՈՒԺԵՐԻՆ
Արխիվ 12-16ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է 5 ՈՒԺԵՐԻՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի Հանրապետական, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙՕրինաց երկիր՚, ՀՅԴ, ՙԺառանգություն՚ խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քաղաքական համագործակցության նման ձեւաչափի անհրաժեշտությունը, կարեւորել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի կառավարության հետ բաց, անկաշկանդ համագործակցության ուղիները, այդ թվում` տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարեւորում է խորհրդարանական խմբակցությունների հետ համագործակցությունը եւ պատրաստ է հետագա երկխոսության` տարբեր ձեւաչափերով: Այնուհետ տեղի ունեցած կառուցողական երկխոսության շրջանակում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ, ներկայացրել տարբեր առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները պատգամավորների եւ շահարգիռ կողմերի հետ` կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար:

