«ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՐԳԵԼ, ԲԱՅՑ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ԽԱՅԹՈՑՆԵՐԸ»
Արխիվ 12-16«ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՐԳԵԼ,
ԲԱՅՑ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ԽԱՅԹՈՑՆԵՐԸ»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ կրկին հիշեցրել է իր մասին ու հարցազրույցով հանդես եկել, մասնավորապես քննադատել է սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը, գնահատականներ հնչեցրել նախկին եւ նոր վարչապետների մասին: Ըստ Ռ. Քոչարյանի. «Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը եւ առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ»: Հնչեցված քոչարյանական տեսակետների, ինչպես նաեւ ներքաղաքական զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ, ում անունն, ի դեպ, վերջերս շրջանառվում է որպես ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածու:
«ԲՀԿ-Ի ԵՎ ՀՅԴ-Ի ՄՈՏ ՆՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԴԵՌԵՎՍ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
-Պարոն Սահակյան, Ռ. Քոչարյանը դժգոհելով սահմանադրական բարեփոխումների ծրագրից, ըստ էության, ցանկություն հայտնեց երրորդ անգամ ՀՀ նախագահ առաջադրվել: Ինչպե՞ս կմեկնաբանեք նման տեսակետը:
- Սահմանադրական բարեփոխման հայեցակարգը հենց դրա համար էլ տրված է, որ դրվի հասարակական քննարկման, եւ կարող է շատ տարբեր կարծիքներ լինեն: Այդ իմաստով մասնագիտական խումբը դեռեւս աշխատում է, տարբեր առաջարկներ կլինեն, ու մասնագետներն այդ առաջարկների հիման վրա իրենց հիմնավորումները կներկայացնեն հասարակության դատին:
- ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցի տոնայնությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ նա առաջիկայում ընդդիմություն դառնալու ցանկություն ունի:
- Չեմ կարծում, համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանի տեսակետը կարելի է հարգել, բայց միեւնույն ժամանակ անընդունելի են խայթոցները:
- Ինչպե՞ս կգնահատեք քոչարյանական հենասյուների` ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վերջին շրջանում դրսեւորած քաղաքական վարքագիծը:
- Որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ նման միտումներ դեռեւս չեմ տեսնում:
«ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱԿ-ԻՑ ՀԱՐՑՆԵՔ»
-Երեկ ՀՀ նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մոտ էր հրավիրել ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին` պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ կապված հարցերը քննարկելու, սակայն ՀԱԿ-ն այդպես էլ չէր ներկայացել: Ըստ Ձեզ, որքանո՞վ է տրամաբանական այս քայլը, երբ ՀԱԿ-ը կարծես, առաջին շահագրգիռ կողմն էր` հարցի լուծման համար:
- Տրամաբանությունը պետք է ՀԱԿ-ից հարցնեք: Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում, եթե ինչ-որ բան են քննարկում, եւ շահագրգիռ կողմ կա, որը ցանկանում է քննարկումների, նաեւ ուղղորդողի դերում հանդես գալ, բնականաբար, պիտի մասնակցի դրանց:
- Առաջիկայում խորհրդարանում նախատեսվում է կառավարության կողմից ներկայացված բյուջեի հաստատման քննարկումը, ինչին ոչ իշխանական քառյակը մտադիր էր անվստահություն հայտնել: Արդյո՞ք նոր ընդդիմություն իրեն համարող «Օրինաց երկիրը», եթե նրանց միանա, ապա կկարողանան անվստահություն հայտնել կառավարությանը:
- Ոչ, դա հնարավոր չէ, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը բավականին ե՛ւ կառուցողական է, ե՛ւ վճռական: Այնպես որ, չեմ կարծում: Իհարկե, մեզ համար ցանկալի կլինի, որ քննարկումներն այնպիսի փուլ անցնեն, որպեսզի որոշակիորեն նաեւ կարծիքների տրամաբանություն լինի ամբողջ քննարկումների արդյունքում, որն ավելի կամբողջացնի բյուջեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

