Վերջերս ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ
Արխիվ 12-16
Վերջերս ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ շատ է սիրել արաբական ՙԱլ Ջազիրա՚ հեռուստաընկերության կայքը, ուր ընդարձակ հոդվածներով է հանդես գալիս: Անշուշտ, ահագին համբերություն է պետք Վարդան Սիվիլիթասիչի այդ ՙլավաշները՚ ուսումնասիրելու համար, սակայն վերջին հոդվածում զարմանքով հայտնաբերեցինք նրա խոստովանությունը, որ այն ամենը, ինչ դասավանդել են իրեն երիտասարդ գործակալի դպրոցում, կներեք` Ֆլետչերի դիվանագիտական դպրոցում, սուտ դուրս եկավ: Հետխորհրդային երկրների ժողովրդավարացման ձախողմանը նվիրված նրա ՙմանուսկրիպտում՚ գտնում ենք հետեւյալ խոստովանությունը. ՙԿոմունիզմից պոկվելու ճանապարհին մեր ընդունած վայրի, գրքային կապիտալիզմին հետեւելը չի աշխատում: Մենք կարող ենք եւ պետք է մտածենք հանրային-մասնավոր գործընկերության առավել ժամանակակից եւ նրբանկատ ձեւի մասին, որը պետությանը հնարավորություն կտա ըստ անհրաժեշտության միջամտել`
ռազմավարական ոլորտներում աջակցություն ցուցաբերելու եւ տնտեսական աճ երաշխավորելու նպատակով: Դժբախտաբար, երբ չկա օրենքի անսասան գերակայությունը, հանրային-մասնավոր հարաբերությունները երբեմն հանգում են հանրային միջոցներն անձնական նպատակներին ծառայեցնելուն: Եթե որոշ հաստատություններ մասնավոր հատվածում խորտակվում են եւ ոչ թե լողում` ապա դա չպետք է բացատրվի նրանով, որ կառավարությունը չի արել իր պարտականությունը գործուն տնտեսական միջավայր ստեղծելու համար՚: Անշուշտ, լավ է ուշ, քան` երբեք հասկանալ, որ ՙվայրի կապիտալիզմի՚ դոգմաները չեն աշխատում: Այն, որ ճիշտ ժամանակին թոշակի գնալը ցանկացած ոլորտում, առավել եւս` հրապարակային քաղաքականությունում անհրաժեշտություն է, զարմանալիորեն ապացուցեց դավադրությունների տեսության մեծն սիրահար ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ: Սակայն, եթե առաջ նրա տեսությունների հիմնական հերոսները գերտերություններն էին, մասոնները, այլ համաշխարհային գաղտնի կազմակերպությունները, ապա այժմ նա զարմանալիորեն որոշեց ահավոր դավադրություն վերագրել ՀՀԿ-ին. ՙԱյսօր ՀՀ-ում ստեղծվել են անտանելի պայմաններ, երբ ժողովուրդը դեպորտացիա է լինում երկրից, ՀՀԿ-ն էլ այդ դեպորտացիայի հիմնական գործիքն է, որ կուսակցությունն էլ համագործակցի, այդ դեպորտացիայի մասնակիցն է լինելու՚: Դե ինչ, սրանից հետո հարեւանին բարեւ տալուց առաջ նախ պարզեք, արդյո±ք նա ՀՀԿ անդամ չէ, թե չէ զգոն մանուչարյանական հայացքը ձեզ կորսա...
Զարմանալի բան է ասել եւ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ. ՙԱԺ ոչ իշխանական չորս ուժերը պայմանավորվել են հայտարարել, որ ՙքառյակը՚ գործում է` ի հեճուկս չար գուշակողների: Մենք շարունակում ենք աշխատել արդյունավետ՚: Բայց ախր, Ռուստամյանի այդ խոսքի արձագանքը մեր լեռներում դեռ չէր հասցրել լռել, երբ ՀՅԴ-ն նույն Ռուստամյանի շուրթերով մուննաթ եկավ ԲՀԿ-ի վրա, թե ինչու են ընդամենը 2 տարում հետ կանգնել խորհրդարանական հանրապետության գաղափարից, ինչպես նաեւ մինչեւ հոգու խորքը վիրավորեց ՀԱԿ-ին` խոստովանելով, որ ՀՀ նախագահի հրաժարական չեն պահանջելու, եւ ընդհանրապես կողմ են միայն այնպիսի իշխանափոխությանը, երբ երաշխավորված են համակարգային փոփոխություններ: Դե ինչ, 4 ուժերը պայմանավորվել են ընդամենը հայտարարել գործելու մասին, բայց... Ախր, իրավիճակը հիշեցնում է հին անեկդոտը սեքսապատոլոգի մասին, ում մոտ գալիս է 80 տաեկան ծերունին եւ գանգատվում, որ իր 90 տարեկան հարեւանը պարծենում է, թե օրական 5 անգամ կարողանում է սեքս անել: Սեքսապատոլոգն էլ խորհուրդ է տալիս, թե` դու էլ ասա:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

