«ՄԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»
Վերջին շրջանում «Օրինաց երկիր» կուսակցության շուրջ հնչող տեսակետների, նրանց ներքաղաքական քայլերի ու անելիքների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ԴՈԽՈԼՅԱՆԻ հետ:
-Պարոն Դոխոլյան, ՕԵԿ-ը դառնալով ընդդիմություն` հնարավո՞ր է, որ ձեւավորված ոչ իշխանական քառյակի մաս կազմի:
- Նախ` ես համարում եմ, որ քառյակը քաղաքական մարմին չէ, այլ քաղաքական կուսակցությունների կողմից ստեղծված ձեւաչափ: Մեր քաղաքական խորհուրդը հայտարարությունով է հանդես եկել` նշելով, որ մենք դուրս ենք գալիս կոալիցիայից եւ դառնում ենք ընդդիմություն, իսկ մնացած բոլոր մանրամասների մասին պարոն Բաղդասարյանն ամսի 25-ին, ինչպես եւ մենք խոստացել ենք, իր մամլո ասուլիսի ժամանակ կտա բոլոր հարցերի պատասխանները: Բայց, ամեն դեպքում, մենք լինելու ենք կառուցողական ընդդիմություն, անկախ նրանից, թե Դուք ինչպես եք պատկերացնում այդ ձեւաչափը:
-Օրինակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը նշում է, որ ՙՕրինաց երկիրը՚ նախ պետք է ապացուցի, որ ընդդիմություն է: Արդյո±ք այսօր ապացուցելու խնդիր ունեք:
- Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն որոշակիորեն անցնում է քաղաքական ուղիով, եւ մենք մեր քայլերը, որ երբեւիցե արել ենք թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության մեջ, եղել են հստակ: Այսօր այն մարդիկ, ովքեր գալիս են մեզ հետ ու վստահում են, մենք նրանց ապացուցելու խնդիր չունենք: Մենք հստակ ենք եղել մեր դիրքորոշումներով թե՛ այն ժամանակ, որ եղել ենք կոալիցիայի կազմում, թե՛ այսօր, որ կոալիցիայից դուրս ենք եւ համոզված եմ` մեր քաղաքական կառուցողական մոտեցումները ապագայում նույնպես տեսանելի կլինեն:
- Եթե, այնուամենայնիվ, որեւէ կոմպրոմիսներ լինեն Հանրապետական կուսակցության կողմից, հնարավո՞ր է, որ «Օրինաց երկիրը» կրկին վերադառնա կոալիցիա կամ հայտարարի, որ կրկին իշխանություն է:
- Չեմ կարծում, նաեւ բացառում եմ Ձեր հարցը, որովհետեւ մենք 2008 թվականին ենք կոալիցիա մտել եւ այսօր, թե ինչու ենք կոալիցիայից դուրս եկել, ներկայացրել ենք հայտարարությամբ:
- ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը կուսակցությունից դուրս գալու մասին իր հայտարարության մեջ, ըստ էության, նշել էր, որ Սերժ Սարգսյանի ծրագրերն իրականացնելու համար էր մտել ՕԵԿ, եւ դրանով է պայմանավորված, որ հիմա դուրս է գալիս: Որքանո՞վ է ընդունելի Ձեզ համար այսպիսի հայտարարությունը:
- Կարծում եմ` որոշումն իրենցն է, եւ դուրս գալու կամքն էլ է իրենցը: Մեր բոլոր նախկին նախարարներն իրենց հայտարարություններով հանդես են եկել, եւ դա իրենց որոշումն է, իրենց նպատակահարմարության հարցն է:
- Շուտով սպասվում է, որ կառավարության ծրագրի հաստատումը քվեարկության կդրվի խորհրդարանում, որին քառյակը որոշել էր անվստահություն հայտնել: Այս հարցում նոր ընդդիմություն դարձած ՕԵԿ-ը կաջակցի՞ ընդդիմությանն ու այլընտրանքին:
- Նախագիծը երբ լինի, մենք կծանոթանանք ու այն ժամանակ կկարողանանք կարծիք հայտնել:
- ՕԵԿ-ի կողմից ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք սպասելի՞ է խորհրդարանում:
- Ճիշտն ասած, ես ընդդիմությունը կամ իշխանությունը որոշակիորեն դասակարգերի չեմ բաժանում` ծայրահեղ, ծայրագույն կամ ռադիկալ... Համարում եմ, որ մենք միշտ կառուցողական ենք եղել թե՛ կոալիցիայի մեջ, թե՛ ընդդիմության մեջ, եւ ապագան նաեւ որոշակի հարցերի պատասխանը կտա:
- Քաղաքական վերլուծաբանները տեսակետներ էին հնչեցնում, որ Արեւմուտքը ցանկանում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխարինել Արթուր Բաղդասարյանով: Արեւմուտքի կողմից նման շահագրգռվածություն կա՞ր:
- Յուրաքանչյուր անձ, քաղաքական գործիչ կամ կուսակցություն վերջին օրերին տարբեր հրապարկումներով, նաեւ տարբեր կարծիքներով է հանդես եկել: Մեր կարծիքը հայտնել է մեր քաղաքական խորհուրդը, եւ նպատակահարմար չեմ համարում մեկնաբանել յուրաքանչյուր քաղաքացու, վերլուծաբանի կամ գործընկեր պատգամավորների ասածը:
- Ձեր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը օրերս կոպիտ հայտարարություն էր արել` ասելով, որ առանձին-առանձին անդրադառնալու է բոլորին: Ըստ Ձեզ, ո՞ւմ նկատի ունի տիկին Բիշարյանը ՀՀԿ-ի՞ն, թե՞ ընդդիմության հնչեցրած կարծիքները:
- Ես գտնում եմ, որ դա վերաբերում էր բոլորին, ով «Օրինաց երկիր» կուսակցության մասին ոչ կոռեկտ դիրքորոշում է հայտնել, այդ թվում` նաեւ ՀՀԿ-ին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

