ՀՅԴ-ն մի լավ ծանրութեթեւ անելուց հետո փաստորեն շեղվեց վերջերս որդեգրած ՙիշխանափոխական՚ իր գաղափարներից: Այսպիսով, դաշնակցականները սկսել են խոսել եթեների, այսինքն` նախապայմանների լեզվով, ՀՅԴ-ն կողմ է իշխանափոխության, եթե լինեն համակարգային փոփոխությունների երաշխիքները, այսինքն` նրանք կողմ չեն անվերապահ իշխանափոխությանը, կամ այլ կերպ ասած` ՙավազակապետության կազմաքանդմանը՚: Քաղաքական ՙփոփոխամտության՚, ՀՅԴ-ի եւ ոչ իշխանական մյուս ուժերի հետագա քայլերի մասին ՙԻրավունքը՚ զրուցեց Երեւանի ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության ավագանի, ՙԺառանգության՚ քարտուղար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ. -Նկատելի է, որ վերապահում են դնում, այսինքն` դա նշանակում է, որ ինչ-որ պայմաններ կան, որպեսզի ՀՅԴ-ն ամբողջությամբ դնի իշխանափոխության խնդիրը:
Այս պարագայում, եթե ընդամենը խոսք լինի չորս քաղաքական ուժերով իշխանափոխության մասին, ապա կարծես այն տպավորությունը կստեղծվի, որ ՀՅԴ-ն այդ խնդիրը չի դնի: Պարզապես, հանրությանը ցույց տալու համար, որ իրենք եւս առաջ են քաշում իշխանափոխության հարցը, դրել են պայմանականի նշանը: - Արդյոք ՀՅԴ-ի այդ քայլը կարելի է նորմալ համարել, չէ որ ոչ իշխանական չորս ուժերը կարծես միասին գործում էին մեկ նպատակի` իշխանափոխության համար: Այս շեղումն ինչի հետեւանք է: - Գիտեք, պատահական չէ, որ մենք` որպես ամբողջական իշխանափոխության խնդիր բարձրացնող քաղաքական ուժ, մշտապես զգուշավոր լավատեսություն ենք ունեցել, որովհետեւ քաղաքական ուժերից երկուսը չեն դրել այդ խնդիրը: Ես, իհարկե չգիտեմ, թե ումից են իրենք երաշխիքներ ուզում, երբ չորս քաղաքական ուժերը պետք է իշխանափոխություն իրականացնեն: Այստեղից կարելի է ենթադրել, որ իրենք դրել են մի պահանջ, որն առաջին հերթին բախման մեջ է մտնելու ՀԱԿ-ի դիրքորոշման հետ: Եթե համակարգային փոփոխությունների մասին է խոսքը, անցում խորհրդարանական համակարգին, ապա նկատելի է, որ ՀԱԿ-ը դեմ է արտահայտվելու դրան: Փաստորեն, ՀՅԴ-ն իր առաջ դրել է մի խնդիր, որը բախման մեջ կմտնի ՀԱԿ-ի հետ եւ անլուծելի կդարձնի խնդրի լուծումը: Մենք պետք է հասկանանք, եւ ես այդ մասին բազմիցս նշել եմ, որ չկար քառյակ միություն, այլ կար քառյակի ձեւավորման գործընթաց, հետեւաբար` դա ինձ համար հիասթափեցնող քայլ չէր: