«ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԹՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄՆ ՈՒ ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԻ ԳՐԱԳԵՏ ԵԼՈՒՅԹԸ
Արխիվ 12-16«ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԹՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄՆ ՈՒ ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԻ ԳՐԱԳԵՏ ԵԼՈՒՅԹԸ
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ խորհրդարանական լսումներ` «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով: Քննարկումը թեժ էր, բովանդակությունը մասնավորապես երեւանյան փողոցների «կարմիր գծերին» էր վերաբերում: Երեւանի փոխքաղաքապետ ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԻ ելույթից հետո, իրենց տեսակետները ներկայացրեցին նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԸ, չգիտես ինչու, քննարկումը խառնեց դասարանի հետ ու որոշեց իր մանկավարժական «հմտությունները» բանեցնել փոխքաղաքապետի վրա և գնահատել նրա հայերենի իմացությունը: «Ասեմ, որ բավականին գրագետ ելույթներ էին, զեկուցումներ, ի դեպ, նշեմ` շատ լավ է ստացվում պարոն Արեյանի մոտ` ամփոփ մտքեր, լավ բառամթերք… Բրավո շնորհավորում եմ: Մենք ամփոփ մտքերի կարիք ունենք չինովնիկներից լսելու, որը շատ քիչ է այսօր», - «բրավոյից» հետո, հավանաբար ծափերի ակնկալիք ունենալով` ասաց ընկեր Ռ. Հակոբյանը: Ապա անդրադարձավ նաեւ պատուհաս դարձած «կարմիր գծերին». «Դուք ասում եք տեսել ենք այնտեղ շատ մարդիկ են հավաքվում ու դրա համար կայանատեղի ենք կազմակերպել, էդ ի՞նչ տրամաբանություն է: Այսօր Երեւանում տեղեր կան, որտեղ տարբեր նպատակներով կանայք են հավաքվում, դե գնացեք, ուրեմն` այնտեղ էլ կարմիր գծեր քաշեք: Էդ ուզում եք դրանով ապացուցել, որ ճի՞շտ եք առաջնորդվել»: «Ծերեթելիի թիթեռնիկների ականջը կանչի» տարբերակով հարց բարձրացնելուց հետո պարոն Ռ. Հակոբյանին ի պատասխան, տեղից Կ. Արեյանը նկատեց. «Ձեզ մոտ թյուրընկալում կա, ես ամենայն խորությամբ կհամոզեմ դա»: Պատասխանը չուշացավ բորբոքված Ռ. Հակոբյանի կողմից. «Խիստ կասկածում եմ, եթե մի քիչ գովեցի, որ լավ եք զեկուցում, չի նշանակում, որ կարող եք ինձ համոզել»: Մինչ կրքերը հանդարտվում էին, բանախոսը իրեն Բեթմեն երեւակայելով շարունակեց. «Մի խոսքով մի քիչ մտածեք, որ հակաերեւանյան օրենք է, տեսնենք միասին ինչ կարող ենք անել, որ Ձեզ օգնենք, որովհետեւ բաներ կան, գիտեմ, դուք չեք կարող անել, քանի որ մեր պետության մենթալիտետը գիտենք: Մեզ ասեք ինչով Ձեզ օգնենք, Ձեզ կփրկենք, նորմալ օրենք կունենանք: Եվ Երեւանն էլ կօգտվի, ես էլ որպես Երեւանի քաղաքացի կօգնեմ»: Թե ինչո՞վ օգնի «ամենափրկիչ» Ռ. Հակոբյանը քաղաքապետարանին, բարեկամաբար իր տեղից խորհուրդ տվեց ընդդիմադիր գործընկեր ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ. «Արտագաղթի…»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

