ՀՌԱՀ ԱՆԴԱՄԸ ԴԺԳՈՀ Է ԻՐ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ
Արխիվ 12-16ՀՌԱՀ ԱՆԴԱՄԸ ԴԺԳՈՀ Է ԻՐ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ
ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հարցին,թե արդյոք այն հանգամանքը, որ հանձնաժողովի որոշ անդամներ աշխատում են երեք տարբեր պաշտոններում չի խանգարում հանձնաժողովի աշխատանքներին, պատասխանեց ՀՌԱՀ անդամ պարոն Արմեն Մկրտչյանը եւ նշեց, որ այլ աշխատանք, որը կատարում են հանձնաժողովի անդամները, եթե դա ստեղծագործական կամ մանկավարժական բնույթ ունի, ապա օրենքին չի հակասում: Ավելին, որոշ դեպքերում, ինչպես օրինակ հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանի համար, երեք տեղ աշխատելը նոր ստեղծագործական էներգիա է հաղորդում հանձնաժողովում կատարվող աշխատանքներին: Պարոն Մկրտչյանը ֆիքսեց նաեւ, որ բոլոր դեպքերում աշխատանքները սկսվում է առավոտյան 9:00-ին եւ ավարտվում 18:00-ին եւ երբեմն էլ լինում են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամները մեկ ժամ շուտ են լքում աշխատավայրը: Ի դեպ դրա մասին ասել էր նաեւ հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը, երբ հայտարարել էր, որ հանձնաժողովում աշխատում է օվա առաջին կեսը եւ ժամը 4-5-ից հետո գնում է այլ գործերով:
Պարոն Մկրտչյանի խոսքից բխում էր, որ հանձնաժողովի անդամները ստիպված են փնտրում այլ աշխատանք, քանի որ վարձատրվում են շատ անարդարացի, ցածր եւ նույնիսկ վիրավորված էր, որ հանձնաժողովի անդամը վարձատրվում է նույն սանդղակով, ինչքան վարչապետի օգնականը, հավանաբար վստահ լինելով, որ ՀՌԱՀ անդամի աշխատանքը շատ ավելի պատասխանատու ու կարեւոր է, քան վարչապետի օգնականի: Այդ դատողության արդարացի լինելը չենք քնարկում, սակայն ուզում ենք ներկայացնել, որ հանձնաժողովի անդամն առձեռն, ըստ նոր օրենքի, կստանա 375 հազար դրամ: Արդյոք ցածր է այս աշխատավարձը, թե ոչ թող դատի մեր ընթերցողը: Մեր կարծիքով բավականին կլորիկ գումար է հաշվի առնելով, որ աշխատանքն առանձնապես ծանր չէ եւ այդ աշխատանքից կարելի է ՚թռնելՙ ժամը 16:-00-ից հետո:
Այուամենայնիվ հանձնաժողովի անդամ լինելը կարելի է ասել, որ շատ ձեռնատու գործ է: Օրինակ նույն Արմեն Մկրտչյանը 2012 թվականի ընթացքում ստացել է 6.5 միլիոն դրամ աշխատավարձ, մի կլորիկ գումար էլ կարողացել է մի կողմ դնել այսպես ասած հոգապահուստ: Հասկանալի է, որ հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյանի հայտարարագրված թվերն էլ ավելի ճոխ են: Այնպես որ ցածր աշխատավարձի մասին խոսելը ՀՌԱՀ-ի դեպքում մեղք է, մեղք:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

