ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏՎԵՑ ԵՎՍ ՄԻ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՆԱԽԱՐԱՐԻՑ
Արխիվ 12-16ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏՎԵՑ ԵՎՍ ՄԻ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՆԱԽԱՐԱՐԻՑ
Ինչպես տեղեկացնում է կառավարության պաշտոնական լրահոսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար և նշել, որ Ավանեսյանն ապագայում ևս պետք է իր գիտելիքներն ու փորձն օգտագործի մեր երկրի զարգացման գործում:
«Գտնում եմ, որ պարոն Ճշմարիտյանի նշանակումը տեղին է: Նա երկար տարիներ աշխատել է կառավարությունում եւ Ազգային ժողովում: Համոզված եմ, որ նրա փորձն ու գիտելիքները կօգնեն մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուր նախարարի առջև դրված խնդիրները հստակ են, եւ նրանք պետք է շարունակեն այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվում են: Ակնկալում ենք ավելի մեծ եռանդ ու ջանք, որպեսզի կարողանանք մեր երկրի, տնտեսության առջեւ ծառացած խնդիրները միասնական ուժերով հաղթահարել»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ նորընտիր նախարարը 1980թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանային տնտեսագիտական ֆակուլտետը, 1985թ.` ասպիրանտուրան: 1980թ. աշխատել է ԽՍՀՄ Պետպլանի պլանավորման եւ նորմավորման գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում` որպես տնտեսագետ: 1980-1981թթ. սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1981-1982թթ.ծառայել է խորհրդային բանակում: 1985-1990թթ. աշխատել է Հայկական ՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեում` որպես ավագ տնտեսագետ, այնուհետեւ գլխավոր մասնագետ, ապա ֆինանսական ենթաբաժնի պետ, 1990-1991թթ.` ՀՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի «Հայէլեկտրամեքենամեծառ» հանրապետական միավորումում` գլխավոր տնօրենի տեղակալ: 1991-1993թթ. գլխավորել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության միջպետական առաքումների գլխավոր վարչությունը: 1993-1996թթ. եղել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ, 1996-1997թթ.` ՀՀ առեւտրի սպասարկումների եւ զբոսաշրջության նախարարության արտաքին առեւտրի վարչության պետ, 1997-1998թթ.` ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ, 1999-2002թթ.` ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի, իսկ 2002-2007թթ.` ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար:
2007թ. մայիսի 12-ին, ապա 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

