ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԻՏԱԼԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Արխիվ 12-16ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԻՏԱԼԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Ապրիլի 26-ից մինչև հունիսի 2-ը Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) կկայանա իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու և Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո: Այդ մասին «Իրավունքը» տեղեկացավ ՀԱՊ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բրունո Բրունին ծնվել է Գրադարայում` Իտալիայի Պեզարո և Ուրբինո շրջանում: Այնուհետև տեղափոխվել է Համբուրգ և ընդունվել Գեղեցիկ Արվեստների Ակադեմիա (Hochschule für bildende Künste):
1970-ական թվականներին Բրունին հայտնի է դառնում միջազգային արվեստի աշխարհում որպես լիտոգրաֆիստ, նկարիչ և քանդակագործ: 1977թ.-ին նա հաղթում է Լիտոգրաֆիայի Senefeld միջազգային մրցույթում: Սկզբնական շրջանում նրա արվեստի վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանացի էքսպրեսիոնիստները` Օտտո Դիքսը և Ջորջ Գրոսը, ինչպես նաև իտալացի անտիկ վարպետները:
Բրունո Բրունին մասնավորապես այն քիչ լիտոգրաֆիստ արվեստագետներից մեկն է, ով «նկարում է ողջ աշխատանքը անմիջապես քարի վրա»:
Ազգային պատկերասրահում կազմակերպվող ցուցահանդեսի առիթով լույս կտեսնի նրա աշխատանքների կատալոգը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

