ՙԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ՙՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԱՅԴ ՕՐՎԱՆ` ՏԻՏՂՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ՚
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ՙՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԱՅԴ ՕՐՎԱՆ`
ՏԻՏՂՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ՚
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Արթուրի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցան է (26-1, 8 նոկաուտ): Հիշեցնենք, որ մարտի 1-ին կայացած` Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտում Արթուրը հաղթեց` վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: ՙԻրավունքի՚ հարցերին պատասխանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
-Հայաստանից դուրս գտնվելն ազդու՞մ է այստեղի տոներին նախապատրաստվելու կամ դրանք նշելու վրա: Ինչպես անցկացրիք Սուրբ Զատիկի տոնը:
- Սովորաբար տոներն անցկացնում եմ այնպես, ինչպես ընդունված է հայերի մոտ` տոնական տրամադրությամբ, տոնական սեղանների շուրջ` շրջապատված հարազատներով, բարեկամներով, ընկերներով: Բայց քանի որ այս օրերին ամենօրյա մարզումների մեջ եմ, այս տարի Զատկի տոնն անցավ պարապմունքների մեջ:
- Մայիսի 3-ին Ձեզ կարեւոր մենամարտ է սպասվում, ի՞նչ կասեք առաջիկա մենամարտի մասին, նշել էիք, որ Շտիգլիցի հետ կարեւորագույն մենամարտից հետո մյուս կարեւոր քայլը գոտին պաշտպանելը կլինի:
- Այո, ինչպես որ գոտին նվաճելը հեշտ գործ չէր, այդպես էլ` այն պաշտպանելն է դժվար: Դրան ես արդեն տեւական ժամանակ պատրաստվում եմ` մարզվում եմ: Մարզիչս ասում է, որ արդեն գոհ է իմ մարզավիճակից: Բայց ես կշարունակեմ մարզումներս եւ մայիսի 3-ին կմենամարտեմ հաղթելու համար: Սպասում եմ այդ օրվան` տիտղոսի պաշտպանությանը:
- Ինչպե՞ս են ընթանում ամենօրյա մարզումները:
- Քինբաում քաղաքում եմ, մարզումներս ընթանում են նորմալ: Ամեն օր մարզվում եմ եւ մրցակցիս ոճին համապատասխան մարզիկների հետ սփարինգ-մենամարտեր եմ անցկացնում:
- Ինչ կասեք մրցակցի` Նիկոլա Սյեկլոցայի մասին: Մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերն ուսումնասիրելով` արդեն հասցրե՞լ եք մշակել որեւէ մարտավարություն` նրան հաղթելու համար:
- Իմ մարզչի` Ուլլի Վեգների հետ դիտել ենք Նիկոլա Սյեկլոցայի մենամարտերի տեսագրությունները: Մրցակցիս մասին կարող եմ ասել, որ ուժեղ բռնցքամարտիկ է, անընդհատ դիմադրում է, պայքարում է: Այո, նրա ուժեղ եւ թույլ կողմերն ուսումնասիրելով` ես եւ մարզիչս համապատասխան մարտավարություն ենք մշակել:
- ՙԻրավունքը՚ Ձեզ մաղթում է հետաքրքիր մենամարտ եւ իհարկե` հաղթանակ:
- Շատ շնորհակալ եմ: Իսկ ես ձեզ, ձեր ընթերցողին եւ իմ մարտարվեստի երկրպագուներին մաղթում եմ ամենայն բարիք:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

