ՌՈՒՍ ԹԱՏԵՐԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՌՈՒՍ ԹԱՏԵՐԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ
Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն օրերս են վերադարձել ապրիլի 7-13-ը Սանկտ Պետերբուրգում կայացած XVI ԱՊՀ եւ Բալթյան երկրների ռուսական թատրոնների` «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնից: Փառատոնին այս տարի մասնակցել են թատրոններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Էստոնիայից: Այդ մասին «Ազդակ» լրագրողական ակումբում պատմեցին դերասանուհի ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ու բեմադրիչ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ, ով, թեպետ անձամբ ներկա չի գտնվել փառատոնին, սակայն, արդեն հասցրել է լսել հայ մասնակիցների ունեցած հաջողությունների մասին:
«ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՍՈՎՈՐ ԷՐ»
Ի դեպ, գործը, որով դերասանուհի Ա. Շահնազարյանը ներկայացել է փառատոնին, բեմադրել է Վ. Շահվերդյանը: Վ. Շահվերդյանը նշեց, որ իր համար նորություն չէ Ռուսական թատրոնի եւ Ալեքսանդր Գրիգորյանի կողմից ներկայացված երկու ներկայացումների ունեցած հաջողությունը: Խոսքը Ալ. Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» (բեմադրիչ` Ալեքսանդր Գրիգորյան) եւ Պ. Գլադիլինի «Ուրիշ մարդը» (բեմադրիչ` Գոհար Փոքրիկյան) ներկայացումների մասին է, քանի որ Ռուսական թատրոնը տարիներ շարունակ մասնակցում է այս փառատոնին ու հաջողությամբ հայրենիք վերադառնում: Վ. Շահվերդյանի փոխանցմամբ` վերոնշյալ փառատոնի համար անսովոր է եղել մոնոներկայացման ցուցադրությունը: «Կարինե Խոդիկյանի «Պենելոպե» մոնոներկայացումը բեմադրել էինք 2012թ.` «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին մասնակցելու համար: Այն հաջողությամբ ցուցադրվեց Երեւանում եւ հրավեր ստացավ Քիշնեւ, սակայն ինչ-ինչ պատճառներով մեր մասնակցությունը հետաձգվեց եւ միայն այս տարի կարողացանք ցուցադրել ներկայացումը Քիշնեւում, որից հետո էլ «Պենելոպեն» հրավիրվեց Սանկտ Պետերբուրգ»,- ասաց Վ. Շահվերդյանը` հավելելով, որ «Պենելոպեն» փառատոնին ռուսերենով է ներկայացվել:
Խոսելով ցուցադրված գործի մասին, բեմադրիչը նշեց, որ մեկ բառով այն կարելի է կնոջ ճակատագիր անվանել ու բեմադրել, ինչն էլ արել է. «Այստեղ առկա է այսօրվա հումորը, կնոջ, հոգու, խորխորատները փոխանցելու համարձակությունն ու սարկազմը, իսկ դա բնորոշ է Խոդիկյանի պիեսներին»:
Ասուլիսի ընթացքում Վ. Շահվերդյանը նաեւ անդրադարձավ ներկայացման ցուցադրությունից հետո տեղի ունեցած քննարկմանը: «Անձամբ եմ լսել քննարկման ձայնագրությունը` ճանաչված թատերագետների մասնակցությամբ: Ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ հիմնական բոլոր դետալները, ասելիքը, ամեն ինչ տեղ էր հասել»:
«ԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՌՈՒՍ ԿԻՆԸ ԳՐԿԵՑ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵՑ ԻՆՁ»
Իր ունեցած զգացողությունների մասին դերասանուհի ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ լրագրողներին հետեւյալը պատմեց. «Հուզվում էի: Պատասխանատվության զգացողություն կար, քանի որ գտնվում էի, ինչպես ասում են, մշակութային մայրաքաղաքում, ճանաչված թատերագետների առջեւ պետք է խաղայի: Անկեղծ ասած, ինքս ինձանից այնքան էլ գոհ չէի, որովհետեւ առողջական խնդիրներ ունեի: Սրտատրոփ սպասում էի քննարկմանը: Հաճելիորեն զարմացա. բոլոր մտահղացումները տեղ էին հասել ու արժանացել բարձր գնահատականի: Սակայն դա չէ կարեւորը: Ինձ համար առաջնային էր, թե ինչպես ներկայացումը կընդունի հանդիսատեսը. մենք բոլորս աշխատում ենք հանդիսատեսի համար: Ներկայացման հաջորդ օրը, երբ դրսում կանգնած սպասում էի հերթական ներկայացմանը, անծանոթ մարդիկ մոտեցան ու շնորհավորեցին: Մի ռուս կին էլ թաց աչքերով մոտեցավ, գրկեց ու համբուրեց ինձ… Դա ինձ համար արդեն հաղթանակ էր»:
Ա. Շահնազարյանը նաեւ ասաց, որ բազմաթիվ հրավերներ է ստացել թատերական փառատոների մասնակցելու` Գերմանիա, Իսրայել, Մախաչկալա եւ այլն, սակայն, առայժմ դերասանուհին մտածում է, թե որտեղ նպատակահարմար կլինի մասնակցել:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

