ՙԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ ԵՎ ԴՐՎԵԼ ՄԱՐԴ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ՚
Արխիվ 12-16ՙԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է
ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ ԵՎ ԴՐՎԵԼ ՄԱՐԴ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ՚
Բարոյականությունը գիտություն է` ոչ թե այն մասին, թե ինչպես դարձնել քեզ երջանիկ, այլ` ինչպես մենք երջանիկ լինելու արժանի լինենք:Ի. Կանտ
Տարիներ առաջ, Մոկվայում, գիտական թեզի պաշտպանությունից հետո, բանկետի ժամանակ, հրեա մի ակադեմիկոս, բաժակ բարձրացնելով խմեց հայ ազգի կենացը եւ հայտնեց, որ անձամբ բնագրից է կարդացել, որ ՔՐԻՍՏՈՍՆ աղոթել է հայերեն, իսկ թե ինչի է աշխարհը դրա մասին լռում, դա արդեն այլ թեմա է: Աշխարհին հայտնի է, որ հանճարեղ հումանիստ գրող Բայրոնն աղոթել է հայերեն եւ իր շրջապատին խորհուրդ է տվել սովորել այդ լեզուն եւ այդ լեզվով աղոթել, որպեսզի զգացվի աղոթքի ողջ հմայքը եւ ուժը, բայց որ ԱՍՏԾՈ կողմից ընդունելի լեզուն եղել է հայերենը... իսկ դրա մասին աշխարհը լռում է. պատասխանը պետք է գտնել բարոյականության եւ իրավունքի մեջ:
Մասնավորապես, այն թյուր կարծիքը, որ բարոյականությունը եւ իրավունքը տարբեր ոլորտներ են, պետք է տարանջատել եւ արգելել ճանաչելու բարոյականության գերակայությունն օրենքի հանդեպ, ոչ միայն չեմ կիսում, այլ նաեւ համարում եմ կործանարար: Այն, որ բարոյականությունը եւ օրենքը տարբեր ոլորտներ են, դա փաստ է, բայց չի կարող առանց բարոյական հիմքի գրվել իրավանորմ:
Ի տարբերություն շատ լեզուների, հայերենում ՙբարոյականություն՚ եւ ՙբարի՚ բառերն ունեն նույն արմատը: Եթե իրավունքը գիտություն է բարու եւ արդարի մասին, ապա ստեղծվող օրենքներն ու իրավական ակտերը պետք է լինեն բարոյականության չափանիշներով:
Տարիներ առաջ Գրողների միության պոլիկլինիկան գրողների ձեռքից վերցրին եւ վաճառեցին այլ անձի: Երբ գրողները բարձրաձայնեցին, թե որքանով է բարոյական գրողների ձեռքից այն վերցնելը, այն ժամանակվա մի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարեց, որ բարոյականությունը գրողների կողմն է, բայց օրենքը` ոչ: Հետագայում, միայն դատական ճանապարհով այն ետ վերադարձվեց գրողներին: Նմանատիպ օրինակներն աշխարհի մասշտաբներով բազմաթիվ են: Ավելին, գլոբալ առումով կարելի է հիշել ճիզվիտների շրջանը, երբ կապելով բարոյականության աչքերը` օրենքի ուժով այրում էին կենդանի մարդկանց միայն նրա համար, որ համարձակվում էին կարծիք հայտնել, որը հակառակ էր գործող ռեժիմի կողմից տարվող քաղաքականությանը: Կամ, օրինակ, խաչակրաց պատերազմը, որտեղ քրիստոնեական արժեքներ դավանող պետական այրերը տասը փակի տակ պահելով բարոյականությանը` օրենքի ուժով կոտորեցին ոչ քրիստոնյա ազգերին: Կամ, քսաներորդ դարում Արեւմտյան Հայաստանը բռնազավթած, ցեղասպանություն իրագործած թուրք-բաշիբոզուկները, որոնք օրենքի ուժով ուժ տվեցին ցեղասպանել իրենց նմանին, որովհետեւ իրենց հրապարակած օրենքներում իսպառ բացակայում էր բարոյականությունը: Այժմ եւս արդի Եվրոպայի եւ աշխարհի իրավագիտակցության մեջ բարոյականության տարրերը ենթադրյալ են, կամ էլ` վիրտուալ:
Անհրաժեշտ է փոխել այդ կարծրատիպը, բայց... մինչ այդ պարտադիր պայման է գնալ ետ, ետ դեպի սկզբնաղբյուր, քանի որ ինչպես իրավունքը (չշփոթել երկրային օրենքների հետ), այնպես էլ բարոյականությունը չեն ստեղծվել մարդու կողմից: Մարդն իր ողջ գիտակցական կյանքում պրպտումների, ստեղծագործությունների մեջ է գտնվում, որի արդյունքն իր իսկ կողմից ստեղծած գյուտերն են, որոնք իրավամբ դիտվում են զարգացման կամ բարեկեցիկ ապրելու հիմք, սակայն երբեք մարդու կողմից չի ստեղծվել պայմանական մեկ բառով ասված ՙհավերժական շարժիչ՚:
Հետեւություն. Բարոյականությունը ստեղծվել է ԱՍՏԾՈ կամքով եւ դրվել մարդ էության մեջ:
Իրավունքը երկնքում ամրագրված իրողություն է, իսկ մարդու կողմից գրված օրենքները, եթե չհամաձայնեցվի իրավունքի հետ, օրենքը լավագույն դեպքում կմնա թղթի վրա եւ չի գործի, իսկ վատագույն դեպքում այն կվերածվի կործանարար ուժի:
Հետեւություն. Իրավունքի եւ բարոյականության հիմքը ԱՍՏՎԱԾԱՅԻՆՆ է, որի լավագույն կրողն ու տարածողը եղավ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ:
Ահավասիկ, մի բանաձեւ բարոյականության եւ իրավունքի մասին, որը կիրառման արդյունքում պետության կողմից լինելու է մարդու իրավունքի երաշխավորվածությունը, որի հիմքով իշխանության լծակն աշխատելու է, որպեսզի քաղաքացին ստեղծի արժանավայել կյանքի անհրաժեշտ պայման, իսկ քաղաքացին պարտավոր է լինել հնազանդ իր իշխանավորին: Հնազանդ իրավանորմի տակ պետք է հասկանալ օրինապաշտ եզրույթը: Բարոյականությունն ու իրավունքը պետք է լինեն ուղիղ համեմատական եւ լրացնեն մեկը մյուսին, հակառակ պարագայում ունենալու ենք հասարակությունից օտարված իշխանություն, իշխանությանը չհանդուրժող հասարակություն:
Հարկավոր է իմանալ.
Արդի իրավագիտակցությունը չպետք է մոռացության մատնի իր հոգեւոր արմատները, հակառակ պարագայում դրա կործանարար հետեւանքները չեն ուշանա պետական, հասարակական եւ միջազգային բոլոր ոլորտներում: Ավելին, իր ուրույն խոսքն ունի ասելու Եկեղեցին, որը, անկախ նրանից, թե օրենքի ուժով անջատ է պետությունից թե ոչ, պարտավորություն ունի այս գործառույթներին մասնակցելու եւ բարեկեցիկ, հզոր պետության համար պատասխանատվություն կրելու ուղղությամբ:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

