ԹԵՎՈՍԻԿԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԱԱԾ-Ի ՎԱՐՈՒՅԹ
Արխիվ 12-16ԹԵՎՈՍԻԿԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԱԱԾ-Ի ՎԱՐՈՒՅԹ
Ինչպես հայտնի է, օրեր առաջ քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության առիթով հարուցված քրեական գործի քննությունը Ոստիկանության վարույթից տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության վարույթ: Հիշեցնենք, որ վերը նշված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Իսրայել Սարգսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 38-104-րդ հոդվածներով (սպանության եւ սպանությունը պատվիրելու համար) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Թեինչով է պայմանավորված գործի քննության տեղափոխումը ԱԱԾ, փորձեցինք պարզել նախ ԱԱԾ մամուլի պետ ԱՐԾՎԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
- Կարող եմ ասել միայն, որ տվյալ գործի քննությունը Ոստիկանության վարույթից տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության վարույթ` ՀՀ Գլխավոր դատախազի ցուցումով:
Իսրայել Սարգսյանի փաստաբան ԳԱՅԱՆԵ ԳԱԼՈՅԱՆՆ էլ, մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը ոստիկանությունից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն փոխանցելու որոշումը դեռ չի ստացել.
- Պաշտոնական ոչ մի փաստաթուղթ ներկա պահին չունեմ: Այդ իսկ պատճառով տեղյակ չեմ, թե ինչ հիմքով է նման որոշում կայացվել:
Իմ ունեցած տեղեկություններով` դատախազի հանձնարարությամբ է գործը տեղափոխվել ԱԱԾ, տեղյակ եմ միայն, որ գործի քննությունը հանձնարարվել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, քննիչ Միքայել Համբարձումյանին: Իհարկե, ինձ համար զարմանալի, որ այս գործը տեղափոխվել է ԱԱԾ-ի վարույթ, առավել ես, որ իմ պաշտպանյալը որեւէ կապ չունի այս գործի հետ, նրան մեղադրանք է առաջադրվել միայն նախաքննական մարմնի հիմնավոր կարծիքի հիման վրա: Ամեն դեպքում, ուզում եմ հավատալ, որ այստեղ ավելի արդարացի նախաքննություն կտարվի:
Անդրադառնալով Մովսես Ներսիսյանի դիակի որոնումներին` փաստաբանը մասնավորապես նշեց.
- Չգիտեմ, դիակի որոնումները շարունակվում են, թե` ոչ, քանի նախաքննական մարմինը փոխվել է: Ամեն դեպքում, ինքս անձամբ ներքին համոզվածություն ունեմ, որ Մովսես Ներսիսյանը ողջ է: Նախաքննական մարմինը նրան դիակների մեջ փնտրելով` հնարավորություն տվեց խուսափելու պատասխանատվությունից եւ հանրապետությունից դուրս գալ: Մովսես Ներսիսյանը Ղարաբաղում ծառայած, ժամանակին լավ փորձ ունեցած անձնավորություն է ու ամեն ինչին տիրապետում է` նաեւ հանրապետությունից դուրս գալու ելքերին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

