ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԼՔԻ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԸ
Արխիվ 12-16
Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ կլքի նախարարական պաշտոնը: Յուրի Վարդանյանի աշխատանքը այդ պաշտոնում մեկ տարուց պակաս ժամանակահատվածում էր, սակայն նա այդպես էլ չկարողացավ հարմարվել նախարարի աթոռին:Ի սկզբանե նա հակամարտության մեջ մտավ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, ինչի արդյունքում բազմաթիվ սկանդալներ առաջ եկան: Դրանց հիմքում շատ անգամ զուտ ամբիցիաներն էին, ինչպես, օրինակ` Ծառուկյանի ցուցանակի շուրջ տեղի ունեցած սկանդալը: Յուրի Վարդանյանի ձայնը առանձնապես լսելի չէր նաեւ կառավարությունում: Ինչպես պատմում են սպորտի ասպարեզին մոտ կանգնած մարդիկ` սպորտի նախարարը հարցեր լուծող չէր:
Ինչ վերաբերում է Յուրի Վարդանյանի` ԱԺ-ի հետ փոխհարաբերություններին, ապա այստեղ էլ փոխօգնության ու փոխհամաձայնության մասին խոսելը տեղին չէ: Իր նշանակումից հետո երկար ժամանակ Յուրի Վարդանյանը ԱԺ չէր ներկայանում, իսկ հետագայում էլ, ներկայանալուց հետո չէր կարողանում պատասխանել պատգամավորների հարցերին` երբեմն մտնելով կոնֆլիկտների մեջ` անգամ հանրապետականների հետ:
Չստացվեցին նաեւ Յուրի Վարդանյանի հարաբերությունները մամուլի հետ: Այդ ամենին նաեւ նպաստեց իր որդու քրեական պատմությունը: Հիշեցնենք, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը, մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Ոստիկանությունը նրա մոտ 98 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ էր հայտնաբերել: Հետագայում պարզվեց, որ նրա որդին ԱՄՆ քաղաքացի է եւ չի տիրապետում գրավոր հայերենին:
Այդքանից հետո պարզ էր, որ նախարարի պաշտոնը Յուրի Վարդանյանի համար ավելի ծանր է, քան նախկինում իր բարձրացրած ռեկորդային ծանրաձողերը: Ըստ լուրերի` նրան փոխարինելու է Գաբրիել Ղազարյանը, որը հայտնի է որպես Գագիկ Ծառուկյանի վստահելի մարդ: Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Գ. Ղազարյանը որեւէ այլ նվաճումներ` սպորտի, քաղաքականության կամ կազմակերպչական ոլորտում մինչ օրս չի գրանցել: Հետեւաբար, ոլորտին ծանոթ մարդիկ կարծում են, որ Սպորտի նախարարությունը այս նախարարի օրոք նույնպես երկնքից աստղեր չի քաղելու: Սակայն հույսեր կան, որ վիճակը լինելու է ավելի լավ, քան նախորդ նախարարի պարագայում, քանի որ ձեւավորվող կառավարության` ԲՀԿ-ի հետ սպասվող չեզոք հարաբերությունները` ոչ ընկերություն, ոչ պատերազմ տարբերակով, կարող են բերել նրան, որ Գ. Ծառուկյանը կաջակցի, ըստ էության, ԲՀԿ-ին տրված նախարարության աշխատանքներին:
Խոսելով Սպորտի եւ երիտասարդության նախարարության մասին` չի կարելի չհիշել Յուրի Վարդանյանին նախորդող նախարար, մշտաժպտերես բասկետբոլիստ Հրաչյա Ռոստոմյանին, որը խայտառակ արեց ոչ միայն իրեն, այլ` նախարարությունը, ԲՀԿ-ին ու կառավարությունը միասին վերցրած: Մնում է միայն հուսալ, որ Գաբրիելը, կամ, ինչպես նրան անվանում են օլիմպիական կոմիտեում` Գափոն, չի կրկնի Ռոստոմյանի խայտառակ ուղին:

