ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. ՙԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԵՆՔԸ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է՚
Արխիվ 12-16ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. ՙԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԵՆՔԸ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է՚
ՙ
Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ գաղափարներ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը եւ մեր երկրի առաջընթացին: Մեզ համար աջակցությունը ձեռնարկատիրությանը լինելու է առաջնահերթ խնդիր, եւ յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ երկրի առաջընթացի հենքը տնտեսությունն է: Որեւէ միջամտություն բիզնեսին, անարդար խոչընդոտ չի կարող լինել: Պետք է բոլորը հասկանան, որ այդ դաշտն ազատ է, գործելու են օրենքի շրջանակում, եւ որեւէ մեկը խոչընդոտ չի ստեղծելու: Ես հետեւողական եմ լինելու. յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ ինքն ապահով ձեռքերում է` օրենքի շրջանակում: Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու՚, - հայտարարել է վարչապետը: ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր գործարարների հետ քննարկել ՀՀ կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նախաձեռնել եւ մշակել է օրենսդրական փոփոխությունների մի քանի փաթեթ: Այդ փաթեթները միտված են Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը եւ վերաբերում են ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների իրականացմանը, էլեկտրոնային առեւտրի կարգավորմանը, ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտի ներդրմանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցմանը, հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրմանը եւ սպասարկման ոլորտի ծառայությունների ավտոմատացմանը:
Մտքերի փոխանակության ընթացքում գործարարները դրական են համարել առաջարկվող փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել ՀՀ կառավարության հետ համատեղ քննարկել դրանց վերաբերող մանրամասներ:
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար եւ վերահաստատել յուրաքանչյուր լավ առաջարկություն քննարկելու իր պատրաստակամությունը:

