ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը ետ է վերցրել այս ամսվա սկզբին կուսակցությանն ու ԱԺ-ին ներկայացված դիմումները, ըստ որի` նա ցանկանում էր վայր դնել մանդատը եւ դուրս գալ խմբակցությունից: Օրերս հայտարարություն տարածվեց, որ պատգամավորը, այսպես ասած, փոշմանել է վերը նշված երկու դիմումների համար, ուստի` երկու դիմումներն էլ չեղյալ է համարվել: Խոսակցություններ կային առ այն, որ վերը նշված պատգամավորը կառավարության փոփոխմանը զուգահեռ` ցանկություն է հայտնել տեսնել իրեն Կոտայքի մարզպետի պաշտոնում, եւ հենց դրանով են պայմանավորված եղել նրա այդքան հապշտապ դիմումները: Թե արդյոք անձնական հարցերից զատ, ինչի մասին ասել է պատգամավորը իր դիմումներում, այլ խնդիրներ եւս ծագել են` հարցին ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ ասաց.
-Ես անձամբ կոռեկտ էլ չեմ համարում իմ կողից ճշտման փորձեր կատարելը, քանի որ Դավիթ Քոչարյանն իր հայտարարության մեջ շիտակ ներկայացրել է մանրամասներ եւ նշել, որ զրուցել է մեր կուսակցության նախագահի հետ, հետեւաբար, կարծում եմ, բոլոր հարցերի պատասխանները նա տվել է: Այն ինչ ենթակա է հրապարակման, հրապարակել է հայտարարությամբ: - Եթե նմանատիպ դեպքերը շատ լինեն, չեք կարծում, որ այդ կերպ կարող են կուսակցության վարկանիշի հետ խաղալ: - Նախեւառաջ նմանատիպ դեպքերը, եթե շատ լինեն, ապա այդ ժամանակ այդ հարցը կուղղեք` կպատասխանեմ, բայց վստահ եմ, որ չեն կարող նմանատիպ դեպքեր լինել, այն էլ` շատ: Բացի այդ, կուսակցության վարկանիշը կախված է կուսակցության քաղաքական կուրսից եւ գործունեությունից, իսկ ամենակարեւորը` քաղաքացիների, հայաստանցիների հանրային պատվերի շրջանակներում իրականացվող կուրսը չի կարող թույլ տալ, որ կուսակցության վարկանիշն ընկնի: - ԲՀԿ-ն քննարկել է ՕԵԿ-ի հետ հետագա համագործակցության մասին: - Միայն մասնավոր զրույցների շրջանակներում` օֆիցիալ ներկայացուցիչների հետ: Պաշտոնական քննարկում չի եղել, եւ մեծ հաշվով քննարկելու բան էլ չկա: - Ապրիլի 28-ի հետ կապված նախկին հայտարարությունները` շուրջօրյա հանրահավաքների մասին, շարունակում են մնալ ձեր ծրագրային դրույթներում: - Եթե խոսքը քառյակի գործունեության մասին է, ապա դա իրենց որոշելիք կոմպետենտության հարցն է, երբ քառյակը որեւէ բան որոշի, հավուր պատշաճի կներկայացնի: - Քառյակի մի մասն էլ, ԲՀԿ-ն է կազմում: - Դե, դրա համար էլ ասում եմ, որ հենց նորություն լինի` սիրով կտեղեկացնեմ: