ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՏԱՊԱԼՎԵՑ
Արխիվ 12-16Ընդդիմության մեջ ՕԵԿ-ի անսպասելի հայտնվելը թեեւ բացատրվում է նրանով, որ Արթուր Բաղդասարյանին չտվեցին վարչապետի պաշտոնը, սակայն ունի մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ:
Օբյեկտիվն այն է, որ երբ ՀՀ վարչապետի պաշտոնից դուրս մղվեց արեւմտամետի համբավ ունեցող նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նույն Արեւմուտքը փորձ կատարեց մեկ այլ արեւմտամետի` Արթուր Բաղդասարյանին, տեղավորել ՀՀ վարչապետի պաշտոնում: Իսկ երբ դա չստացվեց, ակնհայտ էր, որ Արեւմուտքին ձեռնտու էր թուլացնել Հանրապետականին, որի համար կոալիցիայից դուրս հանեց ՕԵԿ-ին` դարձնելով նրան սուպերպոպուլիստական ընդդիմություն: Նկատի է առնվել նաեւ այն գործոնը, որ ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ մնացած երեք ընդդիմադիր կուսակցությունները հաշվի են առնելու Հովիկ Աբրահամյանի գործոնը, այնքան էլ խիստ չեն քննադատելու նոր կառավարությունը: Այդ մեղմ քննադատության ֆոնին սուպերակտիվություն է ցուցաբերելու ՕԵԿ-ը` ժողովրդի աչքին դառնալով ամենախիստ քննադատը: Ամենաուժեղ ընդդիմության համարումը ձեռք բերելուց հետո ՕԵԿ-ը կունենա երկու տարբերակ, երկուսն էլ իր համար շահեկան` կամ կրկին կփոխանակի ընդդիմադիրի վարկանիշը նախարարական պաշտոնների հետ, կամ ընտրություններում կվերցնի ընդդիմության լիդերի համար անհրաժեշտ ձայները: Այս սցենարն է տեսնում նաեւ Տիգրան Սարգսյանի նախկին օգնական Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը` ասելով. ՙՀրաշալի քառյակը չի քննադատելու Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանինն էր քննադատում, եւ ՕԵԿ-ը սկսելու է ուժեղ քննադատել նոր կառավարությանը եւ մատնանշել բացթողումները, որովհետեւ նոր ձեւավորվող կառավարությունը լուրջ օպոնենտներ չի ունենալու՚:
Ամենայն հավանականությամբ, Տիգրան Սարգսյանին Արթուր Բաղդասարյանով փոխարինելու արեւմտյան ծրագիրը տապալվեց նաեւ ռուսների դիմադրության պատճառով: Դժվար թե, Մոսկվայում մոռացած լինեին Արթուր Բաղդասարյանի 2003 թվականի բոցաշունչ ելույթները Կիեւի Մայդանում եւ 2007 թվականի մտերմիկ զրույցները անգլիական ու ֆրանսիական դիվանագետների հետ, որից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ա. Բաղդասարյանին դավաճան էր համարում: Այսպիսով, ՀՀ քաղաքական-պետական վերնախավը միանգամից ձերբազատվեց երկու արեւմտամետ առանցքային գործիչներից` նախկին վարչապետից եւ Արթուր Բաղդասարյանից:
Սակայն Ա. Բաղդասարյանի հեռանալու մեջ, ինչպես վերը նշեցինք, կա նաեւ սուբյեկտիվ գործոն: Բանն այն է, որ Ա. Բաղդասարյանի հարաբերությունները Հ. Աբրահամյանի հետ խիստ հակասական էին այն աստիճանի, որ նույնիսկ այդ երկու գործիչները իրար կարգին չէին էլ բարեւում: Բաղդասարյանը միշտ փորձում էր խախտել սուբորդինացիան` իշխանական բուրգում իրենից շատ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող ԱԺ նախագահի նկատմամբ, ինչն իհարկե չէր կարող թույլ տալ Հովիկ Աբրահամյանի նման պատվախնդիր գործիչը: Հետեւաբար, վերջինս ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո Ա. Բաղդասարյանը կամ պետք է ներողություն խնդրեր Հովիկ Աբրահամյանից` իր պահվածքի համար կամ էլ կրկին փորձեր իրեն ընդդիմադիր դաշտում: Հաշվի առնելով ռուսների կարծիքը` նրան մնում էր ընդամենը մեկ ելք` հեռանալ:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

