«ՍՈՍԵ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ ԱՆԳԱՄ ՉԵՆ ԷԼ ԴԻՄԵԼ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Արխիվ 12-16«ՍՈՍԵ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ ԱՆԳԱՄ ՉԵՆ ԷԼ ԴԻՄԵԼ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Այսօր` Ապրիլի 18-ին, «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ «ՍՈՍԵ» կինոփառատոնը, որի ժամանակ հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին մի քանի կարճամետրաժ, բայց միեւնույն ժամանակ խորիմաստ ֆիլմեր: Դրանց ցուցադրումից հետո անցկացվեց մրցանակների հանձման արարողությունը:
«ՍՈՍԵ» կինոփառատոնի ժյուրիի կողմից ընտրվել էին լավագույն ռեժիսորական աշխատանք, լավագույն սցենար և օպերատորական աշխատանք, լավագույն դերասանական աշխատանք անվանակարգերը: Ներկայացված ֆիլմերի խորագիրը կինն էր:
Նկատենք, որ «ՍՈՍԵ» կինոփառատոնը կրում է հայոց պատմության վառ անհատականություններից մեկի՝ Սոսե Մայրիկի անունը։ Հայուհի, ով հերոսաբար ապրեց իր կյանքը, թե՛ որպես մայր, թե՛ որպես կին, և թե՛ որպես իր ազգի նվիրյալ։
Ինչպես նշեց մրցանակաբաշխության կազմակերպիչներից ՌԻՏԱ ԽԱԼԱԹՅԱՆԸ, կինոփառատոնի նպատակն է ներկայացնել կնոջը,՝ խոսելով նրա արժանիքների, խնդիրների, նվաճումների, կարողությունների և առհասարակ՝ նրա դերակատարման մասին։ Թերևս սա մի թեմա է, որն անսպառ է բոլոր ժամանակներում։
Մտահաղացման եւ փառատոնի ընտրված յուրահատուկ անվան վերաբերյալ Ռ. Խալաթյանն ասաց. «Այսօր աշխարհում խոսվում է կնոջ իրավունքների, նրա դերակատարման մասին, եւ մենք փորձեցինք այդ ամենը մշակույթի միջոցով վերարտադրել ու ներկայացնել մեր հանդիսատեսի ուշադրությանը: Ֆիլմերում, ինչպես նկատեցինք, նկարագրված են ե՛ւ կանացի թերությունները, ե՛ւ ձեռքբերումները: Թե ինչու ենք փառատոնն անվանել ՍՈՍԵ՝ կարծում եմ պարզ է շատերին, քանի որ հայոց պատմության ամենավառ անհատականություններից մեկը հենց ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿՆ է: Կանացի նման կերպարի խնդիր ունի ներկայումս ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ մի շարք այլ երկրներ»:
Դե իսկ կազմակերպչական գործողությունների վերաբերյալ զրուցակիցը հավելեց.«Փառատոնը կազմակերպվել է առաջին անգամ: Գաղափարն առաջանալուն պես մեր թիմն անմիջապես աշխատանքի անցավ, գործի դրվեցին հնարավոր բոլոր միջոցները՝ նպատակն իրականություն դարձնելու համար: Որպես ժյուրի մենք ընտրեցինք արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, պատճառն էլ այն է, որ արվեստագետը դրսում շփման կարիք ունի, գտնում ենք, որ չպետք է սահմանափակվել միայն Երեւանի կամ Հայաստանի մասշտաբներով: Այս անգամ փառատոնին մասնակցել եւ իրենց ֆիլմերն են ցուցադրել ցանկություն արտահայտած անձինք: Հարկ եմ գտնում նկատել, որ այն կունենա շարունակական բնույթ, կարծում եմ, որ փառատոնը կայացավ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին»:
Նկատենք, որ փառատոնի կազմակերիչները աջակցության համար չեն դիմել ՀՀ Մշակույթի նախարարություն, հավանաբար նախարարության կողմից անարձագանք չմնալու համար:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

