«ՖԵՆՈՄԵՆԱԼ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «ԳՐԱԲԱՐԻ ՁԵՌՆԱՐԿԸ»` ԻՐ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ Է»
Արխիվ 12-16«ՖԵՆՈՄԵՆԱԼ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «ԳՐԱԲԱՐԻ ՁԵՌՆԱՐԿԸ»` ԻՐ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ Է»
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում կայացավ մեծագույն լեզվաբան, ՀԽՍՀ ԳԱԱ թղթակից անդամ ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ծննդյան 95-ամյակին նվիրված գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում էին մեծ մանկավարժի դուստրերը, արդեն պրոֆեսորներ դարձած ուսանողներն ու նրա գրաբարյան գրքերով կրթվող նոր սերունդը:
«Յուրաքանչյուր ժամանակ ունենում է իր հերոսներն ու դրսեւորումները, սակայն կան մեծություններ, որոնք բոլոր ժամանակների համար են, ինչպես Աշոտ Աբրահամյանը», - իր խոսքում նշեց ՀՊՄՀ ռեկտոր ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ:
ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԸ, ով եղել է լուսահոգի Աշոտ Աբրահամյանի սիրելի ուսանողներից մեկը, իր զեկույցում անդրադարձավ Ա.Աբրահամյանի «Գրաբարի ձեռնարկի» ծանոթագրություններին` մասնավորապես նշելով. «Մի առիթով մեր ժամանակների մեծագույն
լեզվաբաններից Գեւորգ Ջահուկյանը ասել է, որ Աբրահամյանի «Գրաբարի ձեռնարկը» իր տեսակի մեջ լավագույնն է: Եվ իրոք, վերջին կես դարում բանասիրական կրթություն ստացած տասնյակ հազարավոր մասնագետներ գրաբար են սովորել հենց Աշոտ Աբրահամյանի ձեռնարկով: Դասագիրքն իր մեջ ընդգրկում է գրաբարի ամբողջ լեզվաքերականական համակարգը` հնչյունաբանություն, բառագիտություն, ձեւաբանություն, շարահյուսություն, ոճաբանություն…»: Ապա նկատեց. «Եղել են, կան եւ էլի կլինեն գրաբարի ուսուցման ձեռնարկներ: Սակայն մեզանից շատերի ուսուցիչ, մեծ մանկավարժ, ֆենոմենալ գիտնական Աշոտ Արսենի Աբրահամյանի «Գրաբարի ձեռնարկը»` իր ծանոթագրություններով, անփոխարինելի է»:
Իսկ զեկույցի վերջում, իր ուսուցչի մասին խոսելիս հուզված բանախոսը, հավելեց. «Ես Աստծուն ճանաչեցի, հենց Աշոտ Աբրահամյանի շնորհիվ»:
Զեկույցներով հանդես եկան նաեւ ՀՀ ԳԱԱ թղթակից
անդամ, բ.գ.դ., պրոֆ. Աելիտա Դոլուխանյանը («Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» աշխարհաբար թարգմանության կարևորությունը»), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆ. Լավրենտի Հովհաննիսյանը («Դիտարկումներ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» որոշ հատվածների վերաբերյալ»), բ.գ.դ., պրոֆ. Էդուարդ Մկրտչյանը («Տպավորություններ Ա.Աբրահամյանի դասախոսու-թյուններից և ուսուցման եղանակից»), բ.գ.թ., դոցենտ Աշոտ Գալստյանը («Աշոտ Աբրահամյանին նվիրված հուշագրությունների լեզվական հիմքերը»), բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Հովսեփյանը («Ստեփանոս Օրբելյանի Պատմության գեղարվեստական հատվածների աշխարհաբար թարգմանությունը»), բ.գ.թ., դոցենտ Պարույր Սահակյանը («Ստեփանոս Օրբելյանի Պատմության աշխարհաբար թարգմանության ծանոթագրությունների հարստությունը»), բ.գ.դ., պրոֆ. Վազգեն Համբարձումյանը («Մի քանի նկատառում Ա. Աբրահամյանի բառաքննական դիտարկումների վերաբերյալ»):
Մթնոլորտն իսկապես աբրահամյանական էր եւ թե՛ ուսանողները, թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմը գիտաժողովից հետո հեռացան իրենց սրտերում տանելով Ա. Աբրահամյանի պատգամը. «Խանդավառությամբ սիրե՛նք, խորությամբ սովորե՛նք, փայփայանքով պահենք մայրենին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

