ՙԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԼԻՆԵԼ
Արխիվ 12-16ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԼԻՆԵԼ
Իսպանիայի Կասերես քաղաքում կայացած Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ, այդ թվում` 2 ոսկի, 4 արծաթ եւ 5 բրոնզ: Թիմային հաշվարկում ե'ւ պատանիների ե'ւ երիտասարդների հավաքականները գրավեցին երրորդ հորիզոնականներն ու արժանացան գավաթների: Պատանիների 65 կգ քաշային կարգում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդների` 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը արժանացան բրոնզե մեդալի: Պատանիներից Դավիթ Խաչատրյանը (52 կգ) եւ Նաիրի Կարապետյանը (81 կգ) կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Երիտասարդական առաջնության 52 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ Գրիգոր Մխիթարյանը:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն այս անգամ էլ ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից եւ արժանիորեն գրավեց առաջին տեղը: Բրոնզե մեդալ է նվաճել Միշա Նազարյանը (75 կգ), արծաթե` Էռնեստ Հայրապետյանը (60 կգ), ոսկե` երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում հաղթած Լենդրուշ Զատիկյանը: Առաջնության արդյունքները ՙԻրավունքի՚ հետ ամփոփեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
-Մարզիկների ելույթներից գոհեք: Գիտենք, որ ուսումնամարզական հավաքների խնդիրը դեռ լուծված չէ…
- Ընդհանրապես` ուսումնամարզական հավաքներ անցկացնելու մեծ ցանկություն ունենք: Գիտենք, որ այդ դեպքում արդյունքներն էլ այլ կլինեին: Բայց հասկանում ենք, որ այսօրվ, բյուջեն այդքան հնարավորություններ չունի: Գոհ ենք եղածից, բայց, իհարկե, հավաքներ անցկացնելու դեպքում` մեդալների որակն այլ կլիներ: Մեր ուրախությունն էլ այն է, որ կարողանում ենք այս կերպ օգնել մեր երկրին: Արդյունքներից գոհ եմ, թեեւ գիտեմ, որ ավելի լավ կարող էր լինել:
- Իսկ ի՞նչ կասեք ոսկե մեդալակիրների մասին:
- Ասեմ, որ զինծառայող Գրիգոր Մխիթարյանից, իհարկե, սպասումները շատ էին: Նա նախորդ տարիներին ե°ւ Եվրոպայի, ե°ւ Աշխարհի առաջնություններում հաղթող եղել է: Շատ հասուն գոտեմարտեր անցկացրեց Գրիգորը, նրանից մեծ ակնկալիքներ կան նաեւ այս տարվա աշխարհի առաջնությունից: Հուսանք` լավ կնախապատրաստվենք, եւ Գրիգորն այնտեղ էլ բոլորիս կուրախացնի:
- Լենդրուշ Զատիկյանի մրցելույթների մասին ի՞նչ կասեք:
- Լենդրուշից սպասումներ կային, ակնկալում էինք, որ եռյակի մեջ կլինի, բայց, իհարկե, հույս ունեինք նաեւ հաղթանակի: Եվ փաստորեն, նա կարողացավ ոսկե մեդալ նվաճել: Շատ կարեւոր է, որ կարող ենք Գյումրիի սամբոյի դպրոցի վրա հենվել, շատ շնորհակալ ենք նրանց մարզադպրոցին, մազիչներինª լավ կադրեր տալու համար: Ղարաբաղի սամբոյի դպրոցին` նույնպես, այնտեղ էլ շատ լավ մարզիկներ կան:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

