ՙՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ, ԹԵ...
Արխիվ 12-16Կառավարության նոր ղեկավարի նշանակումից հետո դեռ շարունակում է անհայտ մնալ, թե ով կլինի ՀՀ մշակույթի հաջորդնախարարը: Ութ տարվա պաշտոնավարումից հետո այս օրերին նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը կշարունակի մնալ իր պաշտոնում, թե մշակութային այս գերատեսչությունը կունենա նոր ղեկավար: Չնայած, դեռ շարունակվում են անուններ շրջանառվել նոր նախարարի պաշտոնի համար, բայց միշտ չէ, որ շրջանառվող անունները վերջում իրականություն են դառնում: Ինչպիսի նախարար են տեսնում մշակույթի գործիչները, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել հենց իրենցից.
ՙԿարին՚ ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ - Դա շատ ավելի բարձր տեղերում որոշվող մշակութային քաղաքականության խնդիր է: Չեմ կարծում, որ հենց նախարարն է որոշում ամեն ինչ, այդ հարցերը ավելի բարձր գործառույթ են` ավելի բարձր օղակներում: Պիտի նախեւառաջ մշակույթի նախարարի առջեւ դրված առաջադրանքը հստակ լինի. ազգային մշակույթի զարգացում, համախառն արտադրանք, թե կոնկրետ ավելի գլոբալ բաներ: Բայց որ մշակութային քաղաքականություն չկա, եւ դա շատ ավելի բարձր ատյաներում որոշելիք ժանր է, ինձ համար հստակ է: Վստահ եմ, որ ոչ ոք չի կարող ինչ-որ բան փոխել այս ոլորտում: Ոչ թե չկան մարդիկ, որոնք կարող են փոխել, պարզապես, մոտավորապես ասենք` բեռնատար մեքենայի ղեկը փոխելով` նրան փափկություն, հարմարավետություն չես տա... Մեզ պետք է հասկանալ, թե ինչպիսի± մեքենա է պետք, ազգային նկարագիր կերտող մշակույթ, թե շոու, ինչպես որ այսօր է` Հանրապետության հրապարակում ՙՄամա Լյուբա երգող՚ մշակութային ձեռնարկներ, թե ազգային նկարագիրը վերականգնող ու վերածնող մշակույթ:
ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ - Ուզում եմ խելքը գլխին մարդ լինի: Այս 8 տարվա ընթացքում, ինչ Հ. Պողոսյանը եղել է նախարար, Սունդուկյան թատրոնն ահագին վերելք է ունեցել: Այդ ընթացքում բեմադրել ենք ՙՋոն արքա՚, ՙԿովկասի կավճե շրջան՚, ՙԳոյա՚, ՙԱնվերադարձ ապագա՚, ՙՄուսա լեռան 40 օրը՚... Եթե նա ուրիշ հարցերում վատ է աշխատել, դա իր գործն է, բայց ես անբարոյական կլինեմ, եթե չնկատեմ նրա լավ գործերը: Որ մարդուն հանում են, ցեխ ենք շպրտում. չի կարելի, լավ բաներ էլ է արել, չէ: Չեմ կարող ասել, թե ով լավ նախարար կլինի: Միայն մի մարդու մասին կարող եմ ասել, որ լավ կլինի Հովիկ Աբրահամյանը լինի մշակույթի նախարար, որովհետեւ նա որտեղ աշխատել է, այդտեղ լավ է եղել: Իսկապես, երբ ԱԺ նախագահ էր վա±տ էր, կամ Տարածքային կառավարման նախարար, դրանից առաջ մարզպետ, քաղաքապետ... Մենակ հայհոյելով չէ, բարի լինենք` տեսնենք լավը, որ այս երկիրն առաջ գնա: ՙՀատակում՚ ներկայացման մեջ այսպիսի մի հերոս կա` Վասկա անունով, որին գող Վասկա են ասում: Մենախոսություն կա, ասում է. ՙԳիտես պապիկ, երբ փոքր էի, ինձ անընդհատ ասում էին գող Վասկա, փողոց չէի կարողանում դուրս գալ, բոլորն ինձ անընդհատ դա էին ասում, ու մեկի մտքով չանցավ, որ ասեր` Վասկա դու լավ տղա ես, լավ մարդ ես դառնալու: Գուցե, ես էլ լավ մարդ դառնայի: Թե չէ, այնքան ասեցին` ես էլ գող դարձա: Այսինքն` այդտեղ փիլիսոփայություն կա, հիմա մերն է, անընդհատ ասում ենք` մեր երկիրը վատն է, վատն է... Է հետո ուրիշ երկիր ունե±նք, երկիրն ի±նչ մեղք ունի, որ ինչ-որ մեկը վատ է աշխատում:
Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

