ՙՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼԸ ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԳՈՐԾ Է՚
Արխիվ 12-16ՙRec Time՚ փրոդաքշնի նկարահանած ՙԵլք չկա՚ գեղարվեստական ֆիլմը մայիսի 14-21-ը կմասնակցի Կաննի միջազգային կինոփառատոնի շուկային, այդ մասին երեկ ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում հայտնեցին ֆիլմի ռեժիսոր ՎԱՀԵ ՍԱՅԱՆՆ ու պրոդյուսեր, ֆիլմի գլխավոր հերոս ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԸ:
Կ. Ունանյանի խոսքով` Կաննի կինոշուկային մասնակցելու առաջարկը ստացել են հենց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանից եւ մեծ սիրով ընդունել այն, քանի որ. ՙԱյնտեղ ներկա կլինեն տարբեր ընկերությունների, կինոփառատոների գործակալներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, դիստիբյուտորներ, ովքեր կդիտեն ֆիլմը: Հուսով ենք, որ նրանք կհավանեն ֆիլմը կամ էլ` սցենարը, ինչի արդյունքում ֆիլմը կունենա միջազգային ճանաչում՚:
ՙRec Time՚ փրոդաքշնը կնքել է պայմանագիր Ռուսաստանի ՙAll Media՚ խոշորագույն ընկերության հետ: Մարտի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչները դիտելով ֆիլմը` տպավորված առաջարկել են կրկնօրինակել այն: Ռուսական ընկերության շնորհիվ ֆիլմը կձայնագրվի նաեւ ռուսերեն եւ այս տարվա աշնանը կհայտնվի ռուսական կինովարձույթում: Աշնանը ՙԵլք չկա՚ գեղարվեստական ֆիլմը կցուցադրվի Ռուսաստանի 6 քաղաքներում: Լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում ֆիլմի ռեժիսոր Վահե Սայանը վստահեցրեց. ՙՏվյալ ընկերությունն ամեն ֆիլմ չէ, որ կվերցնի իր հովանու ներքո ու կսկսի նրա PR-ով զբաղվել, ցուցադրել տարբեր կինոթատրոններում՚:
Ռեժիսորին լրացնելով` ֆիլմի պրոդյուսեր Կ. Ունանյանը շեշտեց, որ այդ ընկերությունում ֆիլմն ոչ թե փոքր, այլ` մեծ քննություն է անցնում. ՙԻրենք 2-3 օրվա ընթացքում դիտել են ֆիլմը, նույնիսկ թերություններ էին գտել, որն իհարկե առկա է ֆիլմում: Բայց վերջում որոշեցին, որ կարող են աշխատել ֆիլմի վրա եւ այն միջազգային ճանաչում կունենա՚:
ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց, թե այդ ինչ թերություններ էին. Կ. Ունանյանը շեշտեց, որ բոլոր ֆիլմերը, նույնիսկ` հոլիվուդյան, ունեն թերություններ. ՙԿոնկրետ դերասանի` իմ խաղի մասին էր խոսքը, հատվածներ կային, որ վատ էի խաղում՚:
Կամոյի տեղեկացմամբ` ֆիլմի բյուջեն կազմել է 160 հազար դոլար, սակայն իրենք ֆիլմը չեն նկարահանել` եկամուտ ակնկալելով. ՙՄենք կարող էինք ստեղծել ֆիլմ կոմեդիայի ժանրում, իսկ կոմեդիա մեր ազգն ավելի շատ է սիրում եւ պատկերացրեք, որ լավ էլ գումար կաշխատեինք. 10 օրում կնկարահանեինք` ինչպես այսօր անում են... Եթե ֆիլմն անեինք գումար աշխատելու համար, կնկարեինք ֆիլմ 15-20 օրվա ընթացքում, այլ` ոչ թե 2 ամիս 5 օրում: Բայց մենք նկարել ենք մի նոր ֆիլմ, որ հայ հանդիսատեսն ընտրություն ունենա, որ զարգացնենք մեր հայկական կինոարտադրությունը: Ինչո±ւ նստենք ու նայենք, թե Ադրբեջանում ինչ են անում, կամ իրենց սպորտսմենները չեմպիոն են դառնում, զարգանում են, մենք էլ նստենք ու նախանձով նայե±նք, ինչո±ւ մենք էլ չանենք ու առաջ գնանք՚:
Չնայած, ֆիլմի ռեժիսորի խոսքերով, Հայաստանում ֆիլմ նկարահանելը անշնորհակալ գործ է, բայց վերջիններս չեն վհատվում եւ մտադիր են առաջիկայում նոր ֆիլմեր նկարահանել: Պրոդյուսերի տեղեկացմամբ` ՙԵլք չկա՚ ֆիլմի նույն կազմով հաջորդ տարի նպատակ ունեն նկարահանել ոչ թե կրկին կրիմինալ, այլ` ուրիշ ժանրի ֆիլմ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

