ԻՆՔՆԱԹԻՌ ՆՍՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀՂԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԺՇԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Արխիվ 12-16ԻՆՔՆԱԹԻՌ ՆՍՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀՂԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԺՇԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
- Ես 24 տարեկան եմ, հղի եմ: Ցանկանում եմ գնալ ամուսնուս մոտ, ով գտնվում է ՌԴ-ում: Ինքնաթիռ նստելուց շատ եմ վախենում: Լսել եմ, որ թռիչքն այնքան էլ խրախուսելի չէ հղիի համար: Խնդրում եմ, ասեք, հղիության որ փուլում կարելի է նստել ինքնաթիռ:
Հարցին պատասխանում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:
-Նախկինում կար մոտեցում, որ մինչեւ 33-34 շաբաթական հղիության ժամանակ կարելի է ինքնաթիռ նստել, իհարկե, եթե չկա որեւէ խնդիր, ասենք, վաղաժամ ծննդաբերության կամ ավելի փոքր ժամկետներում վիժման սպառնալիք, անոթային որեւէ խնդիր չունի հղին: Եթե հղիությունը նորմալ է ընթանում, ապա մինչեւ 34 շաբաթականը թույլատրելի է: Իսկ բազմապտուղ հղիության ժամանակ մինչեւ 30-31 շաբաթականն է համարվում թույլատրելի սահման: Վերջին տարիներին մոտեցումները փոքր-ինչ փոխվել են, ցուցումներն ընդլայնվել: Կարծիք կա, որ մինչեւ 36-37 շաբաթական հղիության դեպքում էլ կարելի է ինքնաթիռ նստել, եթե, իհարկե, բացակայում են նշված խնդիրները: Այս հարցին այլ մոտեցում ունեն այս կամ այն երկրի ավիափոխադրող ընկերությունները: Օրինակ` Լոնդոնում 30 շաբաթական հղիությունից ավելի ուշ իրավունք չունես բարձրանալ ինքնաթիռ: Իսպանիայում` մինչեւ 32-33 եւ ավելի: Մեզ մոտ մինչեւ 33-34 շաբաթականն է` ինքնաթիռ նստելու թույլատրելի սահմանը: Դրանից բարձր դեպքերում կարող են պահանջել հավաստագիր, որտեղ թույլտվությունը պետք է լինի պարտադիր բժշկի ստորագրությամբ: Բացի այդ, տվյալ հղին ստորագրում է համաձայնագիր, որ եթե իր հետ որեւէ խնդիր առաջանա թռիչքի ընթացքում` ավիափոխադրող ընկերությունը պատասխանատվություն չի կրում հետեւանքների համար:
Նշենք, որ թռիչքի ընթացքում տեղի են ունենում մթնոլորտային ճնշման տատանումներ` հատկապես թռիչքի եւ վայրէջքի ժամանակ, ինչը շատ վտանգավոր է հղիի համար: Այդ մթնոլորտային ճնշման տատանումների արդյունքում տեղի են ունենում անոթների կծկումներ, եւ այն հղիները, ովքեր անոթների հետ խնդիրներ ունեն, հնարավոր է ունենան բարդություններ: Ավելին` անոթների կծկումները կարող են բերել հիպոքսիկ երեւույթների (թթվածնի պակաս), ընկերքի շերտազատման, որը, հղիության փոքր ժամկետներում վիժման սպառնալիք է ներկայացնում, իսկ մեծ ժամկետներում` վաղաժամ ծննդաբերության:
Ուստի, ինքնաթիռ նստելուց առաջ հղին պետք է լինի բժշկի հսկողության տակ: Կարեւոր է, որ արգանդի տոնուսը լինի հանգիստ վիճակում: Կարելի է դեղորայքի միջոցով կարգավորել այն:
Ի դեպ, թռիչքից առաջ եւ ընթացքում վախի զգացողությունն էլ կարող է ազդել հղիի ինքնազգացողության վրա: Չի բացառվում` սրտխառնոց, ոմանց մոտ մինչեւ անգամ փսխում :
Ինքնաթիռում հարմարավետ զգալու համար խորհուրդ ենք տալիս կրել համեմատաբար ավելի ազատ հագուստ, հանգիստ կոշիկներ: Եթե թռիչքը մի քանի ժամ է տեւում` խորհուրդ ենք տալիս փոփոխել նստելու դիրքը: Հնարավորության դեպքում ցանկալի է մեկ-երկու անգամ քայլել: Ինքնաթիռի տոմս գնելիս հաշվի առեք տեղը: Եթե ներում են հնարավորությունները, տոմս գնեք բիզնես-դասում, քանի որ պայմաններն այնտեղ ավելի լավն են: Եթե ոչ` տեղը ցանկալի է, որ լինի ինքնաթիռի առաջամասում` վթարային ելքերի մոտ, որտեղ տարածքը համեմատաբար ազատ է:
Խորհուրդ է տրվում ինքնաթիռ բարձրանալ գրանցման ավարտին` խուսափելով ուղեւորների հրմշտոցից ու կուտակումից, ինչը, անշուշտ ունի ճնշող ազդեցություն:
Սնունդ թռիչքից առաջ կարելի է ընդունել, իհարկե, ոչ շատ ծանր: Հստակ սահմանափակումներ չկան:
Հղին իր հետ պետք է ունենա նաեւ դեղամիջոցներ` արգանդի տոնուսը թուլացնելու համար: Բժշկի ցուցմամբ` կարելի է օգտագործել նաեւ հանգստացնող դեղահաբեր:
Հարցին պատասխանել է նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ.
-Յուրաքանչյուր ավիաընկերություն նման դեպքերի համար ունի իր կողմից հաստատված կանոնակարգը: Որոշ ավիաընկերություններ ինքնաթիռ նստելու թույլատրելի սահման են համարում մինչեւ 34 շաբաթական հղիությունը, որոշ ավիաընկերությունների համար էլ թույլատրելի սահման է համարվում մինչեւ 36 շաբաթական հղիությունը:
Հղիները, որպես կանոն, ինքնաթիռ նստելուց առաջ պետք է ներկայացնեն բժշկի կողմից տրված տեղեկանք, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է: Օդանավակայանի աշխատակիցները հաշվառման ժամանակ տեղեկացնում են ավիաընկերության ներկայացուցչին` հղի ուղեւորի առկայության մասին: Նա էլ իր հերթին տեղեկացնում է օդանավի անձնակազմին:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

