ՙԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԱՅԴԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԱՅԴԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ
Ղրիմի խնդրի վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշման եւ Ղրիմի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւին աջակցելուն` Հայաստանի մերժման նկատմամբ հայկական ազատականամետ շրջանակների արձագանքը միանգամայն կանխատեսելի էր: Ռուսաստանի նկատմամբ չգիտակցված, կուրացնող ատելությունը, որը ծառայում է որպես այդ մարդկանց միավորող գործոն եւ տարբերակող նշան, ստիպում է նրանց ինքնատիպ մեկնաբանել անգամ այն հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի ազգային շահերին: Եթե մի կողմ դնենք խոսակցական ավելորդություններն ու հռետորական հնարները, որոնք վերաբերում են ազգային-ռասսայական գերազանցության` ոչ այնքան հանդուրժողական զգացմունքներին (հայտնվել ենք ՙինչ-որ՚ Զիմբաբվեի եւ Բոլիվիայի ցանկում), ապա այդ արձագանքը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ`
ՙՀայաստանը պետք է միանար ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դեմ մղվող պայքարին` ակամա դառնալով Ադրբեջանի դաշնակիցը՚: Ավելի լավ է ՙմիեւնույն նավակի մեջ՚ լինել Ադրբեջանի հետ, քան ՙսրանց՚ հետ, ինչպես ակնարկում են ՙլուսավորյալ կոսմոպոլիտները՚` ակնհայտ կերպով չնկատելով հակառուսական բանաձեւին կողմ քվեարկած երկրների շրջանում տասնյակ շատ ավելի էկզոտիկ, տարօրինակ եւ միջնադարյան բռնապետական միապետությունների: ՍԵՓԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
ՀԱՍՏԱՏՈՒՄ
Հայկական իշխանություններին կարելի է ինչ-որ բանում մեղադրել, սակայն ոչ երկակի չափանիշներում` ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցերում: Երեւանը երբեք դեմ հանդես չի եկել եւ չէր էլ կարող հանդես գալ այս հիմնարար միջազգային սկզբունքին: Հայաստանի կողմից ժողովուրդների կողմից այդ իրավունքի իրացման արդյունքների իրավաբանական ճանաչման պայմանները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է դեռեւս 2008 թ.-ին: Գրեթե 6 տարի առաջ խոսելով Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչման հարցում Երեւանի դիրքորոշման մասին` Սարգսյանը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի առկայության դեպքում Հայաստանը չի կարող ճանաչել նմանատիպ իրավիճակում գտնվող այլ գոյացությունը, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հայաստանի իշխանությունները որեւէ փաստարկ չեն ներկայացրել նախկին Խորհրդային Միության անխախտելիության եւ ստալինյան-խրուշչովյան ներքին վարչական սահմանների սրբության օգտին, ինչը, ինչպես պարզվել է, այդքան փայփայել է, այսպես կոչված, ՙլիբերալ վերնախավը՚:
Մարտի 19-ին կայացած հեռախոսազրույցում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ուկրաինական ճգնաժամի եւ դրանից դուրս գալու ուղիներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը:
Հայկական կողմից այս ամենը միայն սեփական մոտեցումների հաստատում էր, որեւէ նոր բան այստեղ չկա: Ավելին, Ղրիմի հարցով Գլխավոր վեհաժողովում տեղի ունեցած քվեարկությունից հետո պարզվել է, որ Երեւանը չի աջակցել հակառուսական բանաձեւին, ինչպես երկրագնդի բնակչության մեծ մասը, իսկ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը հիշեցրել է, որ խնդրի կայուն լուծման կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով, այլ ոչ թե բանաձեւերի կամ հայտարարությունների միջոցով: Նա ավելացրել է, որ հայկական կողմը միշտ կողմ է հանդես եկել եւ գալիս ժողովրդավարության զարգացմանը, իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, այդ թվում նաեւ ժողովուրդների հավասարությանն ու ինքնորոշման իրավունքին, այսինքն` կողմ է համակարգային արժեքներին եւ սկզբունքներին, որոնք հիմնված են ՄԱԿ-ի Կանոնադրության վրա:
Հայկական երկրորդ պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մոտ քսան տարի առաջ օգտվելով ինքնորոշման իր օրինական իրավունքից, հաջող կերպով հակազդելով նախկին խորհրդային կայսրության ագրեսիայի փորձին եւ կառուցելով ժամանակակից, ժողովրդավարական երկիր, վճռականորեն եւ հրապարակային կերպով աջակցել է Ղրիմի հանրաքվեին: Սկզբում ԼՂՀ ԱԳ նախարարությունը Ղրիմի Ինքնավար Հանրապետության հանրաքվեն որակել է որպես ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսեւորում, այնուհետեւ ԼՂՀ ԱԺ-ն ողջույնի ուղերձ է հղել Ղրիմի ժողովրդին` իր պատմական հնարավորության իրացման կապակցությամբ: Փաստաթղթում նշվում է, որ Ղրիմի կարգավիճակի հանրաքվեն դարձավ ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական նախադեպը, որը հաստատել է, որ պետության տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքում գերիշխող չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ:
ՙՀիմնական գաղափարն այն է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը, որի վերջին դրսեւորումը դարձավ Ղրիմի հանրաքվեն, սկսում է ավելի կարեւոր տեղ զբաղեցնել համաշխարհային քաղաքականության մեջ, ինչն ավելորդ անգամ ապացուցում է Արցախի ինքնորոշման իրավասությունն ու մեր անկախության ճանաչման անհրաժեշտությունը՚,- ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐՆ ՈՒ ՄԱՅԴԱՆԻ
ՀԱՅ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
Երեւանի` բացառապես Հայաստանի ազգային շահերով թելադրված դիրքորոշումը դժգոհություն է առաջացրել Կիեւում: Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Դանիիլ Լուբկիվսկին նշել է, որ իր երկիրը սպասում է հայկական կողմի պաշտոնական մոտեցումների պարզաբանմանը, իսկ դիրքորոշման բացատրության դեպքում, որն ուկրաինական կողմը կարող է համարել ոչ բարեկամական, ՙդա կարող է բացասական հետեւանքներ ունենալ երկկողմ հարաբերությունների համար՚: Ուկրաինացի դեսպան Իվան Կուխտային Կիեւ էին կանչել խորհրդատվությունների համար, բայց նախքան մեկնելը նա հանդիպում էր խնդրել հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է եւ բազմիցս արտահայտվել է երկար տարիների ընթացքում:
Բայց եթե ներկայիս ուկրաինական իշխանությունների այսպիսի, թեկուզ եւ անհիմն արձագանքը որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, ապա երեւանցի ՙմայդանի փաստաբանների՚ անառողջ աշխուժությունը բացարձակապես հասկանալի չէ: Նրանք` այդ ՙփաստաբանները՚, տեսության մի ամբողջ շղթա են կազմել, ապացուցելով, որ ՙայն՚, եւ ոչ թե ՙներկայիս՚ Ուկրաինան է անվերապահորեն սատարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ Արցախի նկատմամբ այդ երկրի ոտնձգություններին:
2008 թվականին Ուկրաինան հայտնվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` ՙԴրությունն Ադրբեջանի բռնազավթած տարածքներում՚ վերնագրված ակնհայտ հակահայկական բանաձեւին սատարող մի քանի երկրների շարքում, իսկ ուկրաինացի մշտական ներկայացուցիչը վճռականորեն ՙհերքել էր շաղկապել Կոսովոյի դեպքերն Ադրբեջանի Հանրապետության տարածքի խնդրի հետ՚: Սակայն Հայաստանը հիստերիա չդրսեւորեց եւ դեսպանների հետ չկանչեց, նույնիսկ երբ Կիեւը ՎՈՒԱՄ-ում իր ամենամտերիմ դաշնակցին` Ադրբեջանին, զենքի մատակարարներից գլխավորն էր:
Բայց ՙառաջադեմ՚ հայ հասարակության ստեղծած հիանալի լեգենդը` Մայդանից եկած ՙբարի ուկրաինական իշխանությունների՚ մասին, ոչնչացրեց Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն, ով ցնցել էր (կամ հնարավոր է` ոչ) իր երեւանցի ՙհամախոհներին՚ այն լուրով, որ Երեւանի հավանությանը չարժանացած եւ Բաքվի հավանությանն արժանացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը ՙկարեւոր լրացուցիչ ազդակ կդառնա ագրեսորից Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման գործընթացում՚: Ուկրաինայի ԱԳՆ անունից արած այդ պաշտոնական հայտարարությունը վկայում է, որ հայկական ազատական վերնախավի կոչերը` ղարաբաղյան եւ ղրիմյան հարցերը չկապել իրար ՙառաջինը երկրորդով չվարկաբեկելու համար՚, անիմաստ են, քանի որ այդ երկու հարցերը մտերիմ երկու դաշնակիցների` Կիեւի եւ Բաքվի համար վաղուց շաղկապված են:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՇՆԱԿՑԻՆ
Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությանը ցույց տվեց, թե ինչպես պետք է իրեն պահի իսկական ռազմավարական եւ ռազմաքաղաքական դաշնակիցը: Պահանջել սեփական պետությունից հրաժարվել դաշնակցային պարտավորություններից, նշանակում է` տեղափոխել նրան անլուրջ եւ ոչ հուսալի գործընկերների շարքը:
Բայց այդ հարցով բոլորից լավ Facebook սոցցանցի իր էջում արտահայտվեց Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ով խնդրել էր ՄԱԿ-ում հայկական բանաձեւի քվեարկությունը քննադատողներին պատասխանել երեք հարցի` ինչպե±ս է քվեարկել Ուկրաինան վեց տարի առաջ Ադրբեջանի ներկայացրած հակահայկական բանաձեւին, ինչո±ւ Հայաստանը չպետք է դեմ լինի ինքնորոշման հասկացությունը հերքող բանաձեւին, եւ ինչո±ւ Հայաստանը չպետք է սատարի իր դաշնակցին, երբ նա դրա կարիքն ունի:
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ,
ՙՆովոստի-Արմենիա՚

