Դու ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ մի ասա, կրակ ու պատիժ ասա:
Արխիվ 12-16
Դու ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ մի ասա, կրակ ու պատիժ ասա: Պարզվում է, որ ՙանկախության սիմվոլը՚ մեզ բոլորիս փրկել է, իսկ մենք դրանից տեղյակ չենք. ՙՀանրահավաքներում ես փրկեցի ձեր բոլորիդ պատիվը. ցույց տվեցի, որ այս ազգն ունի նաեւ իր զգացածը... Մաքսային միության օգտին որեւէ ցույց չի եղել, բայց Եվրամիության օգտին ես ցույցեր եմ արել՚: Զարմանալի ՙփրկություն՚` ընդամենը մեկ ՙԳազել՚ միկրոավտոբուսում տեղավորվող ցուցարարներով: Երեւի թե, Հայրիկյանն այդ ՙԳազելում՚ պահում է ինչ-որ նոր սուպերզենք, որից տեղյակ չէ ոչ ոք, ու դրա համար այդ ՙԳազել՚ ժողովուրդն անչափ հզոր է եւ ի վիճակի է փրկել բոլորիս: Ինչեւէ, սակայն զարմանալի է, թե ինչու է Հայրիկյանը Մաքսային միության օգտին ցույցեր չանելը համարում վկայություն, որ մարդիկ չեն ուզում գնալ Մաքսային միություն: Ախր, երբ են մարդիկ ցույց անում` լինի դա մի ՙԳազել՚ ժողովրդով, կամ 100 հազար ցուցարարներով լցված հրապարակով`
միայն այն ժամանակ, երբ համարում են, որ իշխանությունը չի անում այն, ինչ իրենք ճիշտ են համարում, կամ անում է դրա հակառակը: Եթե հենց իշխանությունն է անում այնպիսի ճիշտ քայլը, ինչպիսին է Մաքսային միություն գնալը, եւ դա անում է բարեխղճորեն եւ հետեւողականորեն, էլ ինչո±ւ պետք է հրապարակներում ու փողոցներում ցույցերով պաշտպանենք Մաքսային միությունը: Քանի որ խոսք գնաց ենթադրելի ՙսուպերզենքի՚ մասին, չենք կարող չհիշատակել ամերիկյան գերժամանակակից եւ գերճշգրիտ զենքերով զինված ՙԴՈՆԱԼԴ ԿՈՒԿ՚ ռազմանավի ապշեցուցիչ արկածները Սեւ ծովում: Այդ նավի կողքերով փոքր բարձրության վրա ռուսական բավականին հին Սու-24 ռազմական օդանավը 12 պտույտ է կատարել, այնուհետ վերադարձել օդանավակայան: Ու դրա ապշեցուցիչ հետեւանքները` Պենտագոնի ներկայացուցիչն է հայտարարել, որ օդանավը վախեցնող եւ մտահոգիչ մանեւրներ է արել, որոնք վատ են ազդել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա: Իսկ շարունակությունը... Անձնակազմից 27 հոգի զեկուցագրեր են գրել ռազմածովային ուժերից դուրս գալու մասին, քանի որ չեն ուզում վտանգի տակ դնել իրենց կյանքը: Իսկ ռումինական նավահանգիստներից մեկում հանգստացող անձնակազմի հետ այժմ հոգեբաններն են աշխատում, որ վերացնեն տարած սթրեսի հետեւանքները: Զարմանալի է, դուք տեսե±լ եք զինվորական, որը վտանգից այդ աստիճան վախենա ու լրիվ բարոյալքվի: Դե ինչ, երեւի թե, այդ նավի վրա գտնվում էր ամերիկյան սուպերզորքերի Ցռան Վերգոյի անվան հատուկ բրիգադը: Ահա այդպես մեկ վայրկյանում փլուզվեց ամերիկյան ռազմական հզորության միֆը` սրանք քաջ են միայն այն ժամանակ, երբ անվտանգ հեռավորությունից կարող են հրթիռներով եւ ռումբերով ոչնչացնել հակառակորդին, իսկ հետո արդեն դատարկ տարածքով քայլել իրենց տպավորիչ համազգեստներով: Իսկ հենց որ թեկուզ չնչին հավանականություն է լինում, որ իրական մարտի կմասնակցեն, միանգամից, կներեք, տակներն են լցնում...
Իսկ Հարավ-արեւելյան Ուկրաինայի ռուս աշխարհազորայինների դեմ պայքարելու զարմանալի միջոց է առաջարկում Դնեպրոպետրովսկի մարզպետ, հրեա միլիարդատեր ԻԳՈՐ ԿՈԼՈՄՈՅՍԿԻՆ: Նա յուրաքանչյուր աշխարհազորայինի գլխի համար խոստացել է 10 հազար դոլար պարգեւ: Անշուշտ, սույն վիժվածքը այդ մեթոդը սովորել է թուրքերից, ովքեր ամեն մի սիրիահայի գլխի համար 5 հազար դոլար պարգեւ են վճարում գրոհայիններին, բայց շատ սրամիտ պատասխան են տվել հենց աշխարհազորայինները: Նրանք էլ վիրավորված լինելով այդքան ցածր գլխագնով, հայտարարել են, որ նացիստների պարագլուխ Դմիտրի Յարոշին սատկացնողին պարգեւատրելու են մեկ շիշ ՙԲուրատինո՚ լիմոնադով: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է արձանագրել, որ ամբողջ աշխարհում տականքները լավ էլ իրարից սովորում են:
Դաշնակներին երբեք էլ չեմ սիրել, սակայն հույժ զարմացա, թե նրանց մասին ինչ է ենթադրում քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ. ՙԱկտիվորոեն քննարկվում է նաև ՀՅԴ` կոալիցիա մտնել-չմտնելու հարցը: Հայաստանի ամենահեղափոխական կուսակցությունը այս հարցին խիստ պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում: Պետք է հաշվել, թե ֆինանսական հոսքերը որտեղից են ավելի շատ` Սփյուռքի կառույցներից, թե սահմանափակ իշխանական ռեսուրսից: Ընկերները հենց այս կտրվածքով են քննարկում հարցը: Կարծում եմ` մի քանի ոչ էական նախարարական պորտֆելները չեն կարող փոխհատուցել այն ֆինանսական հոսքերը, որ ստացվում են Սփյուռքից՚: Լավ, էդ ինչ աստիճանի հնարավոր է բոլորին չափել սեփական արշինով: Եթե Սուրենյանցը ամեն ինչ փողով է չափում ու ՙքցելու՚ գործով հասցրել է քանիցս քոթակ ուտել եւ անգամ ենթարկվել քրեական պատասխանատվության, ապա դա չի նշանակում, որ առավել քան 100 տարվա ՀՅԴ-ն նույնպես ամեն ինչ փողով է չափում, թեեւ այնտեղ էլ ոչ քչերը փողը լավ էլ կարեւորում են: Ինչեւէ, զարմանալի է, չէի պատկերացնի, որ մի օր էլ դաշնակներին կպաշտպանեմ ինչ-ինչ մեղադրանքներից:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

