ՙՙԹՈՒՐՔԻ ՓԱՍՏԱԲԱՆ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԻ ՓԱՍՏԱԲԱՆ
Իսկ հիմա ռամկավարների պաշտոնաթերթում հրապարակվել է նրա, մեղմ ասած, կասկածելի հոդվածը, որով նա ջանում է ապացուցել, որ Քեսաբում տեղի ունեցածը ցեղասպանության դրսեւորում չէ: Որ սույն երիտասարդից սպասելի է թուրքի փաստաբանի կեցվածք ընդունելը, նորություն չէ, բայց որ դա կհայտնվի ռամկավարների պաշտոնաթերթում... Ինչեւէ, սկզբում նա նույնիսկ ՙԱլ Քաիդա՚ ահաբեկչական կազմակերպությանն է յուրահատուկ ձեւով պաշտպանում, իսկ Քեսաբի վրա հարձակվածներին կոչում ոչ ավել, ոչ պակաս` ՙչափավորներ՚: Այ քեզ բան... Ահավասիկ` մեջբերում այդ գլուխգործոցից. ՙՀամացանցում տարածւում են նաեւ տեսանիւթեր, որոնցում պատկերուած է, թէ ինչպէս են Սիրիայում ինչ-որ զինուած մարդիկ (ենթադրաբար` իսլամիստ ծայրայեղականներ) գնդակահարում ռազմագերիներին… Սակայն տեսանիւթը տարածողները ներկայացնում են դա այնպէս, կարծես Ալ-Քաիդայի իսլամիստները գնդակահարում են Քեսաբի հայերին:
Նման ապատեղեկատուութեան տարածումը կարող է ունենալ տարբեր շարժառիթներ:
Սակայն ակնյայտ է, որ Քեսաբի վրայ յարձակուել էին ոչ թէ Ալ-Քաիդայի զինյալները (որոնք ակտիվ են Սիրիայի այլ շրջաններում), այլ թուրքամէտ չափաւոր իսլամիստ ընդդիմադիրները: Իսկ տեսանիւթում գնդակահարւում են ոչ թէ խաղաղ բնակչութիւնը, այլ` ռազմագերիներ, որոնք հայերի հետ կապ չունեն:
Ոեւէ մէկի գնդակահարութիւնը ողջունելի չէ, բայց պէտք չէ այլոց ողբերգութիւնը սեփական շահերը սպասարկող ապատեղեկատուութեան համար օգտագործել՚:
Իսկ հիմա, թե ինչպես է սույն երիտասարդը ՌԱԿ պաշտոնաթերթի էջերում իրեն պատռտում` ջանալով ապացուցել, որ Քեսաբում տեղի ունեցածը ցեղասպանություն չէ, եւ հավասարության նշան դնում Քեսաբի հայաթափման եւ Աղդամը թուրքերից մաքրելու միջեւ. ՙՔեսաբի դէպքերի շուրջ զարգացող ապատեղեկատուութիւնը չի սահմանափակւում ՙդաժանօրէն սպաննուածների՚ մասին տեսանիւթերով, այլեւ ցեղասպանութեան մասին յայտարարութեամբ:
Ակնյայտ է, որ երբ այս կամ այն քաղաքը յայտնւում է ռազմական գործողութիւնների կիզակէտում, այդ քաղաքի խաղաղ բնակչութիւնը յետագայում վերադառնալու յոյսով տեղափոխւում է այլ տեղեր… Այլ բառերով ասած` դառնում է փախստական:
Ու թէեւ 600 ընտանիք փախստական դարձնելու մեջ որեւէ լաւ բան չկայ, միեւնոյնն է, դա որեւէ կերպ չի կարող անուանուել ցեղասպանութիւն:
Դրա օրինակ է, երբ Աղդամի բնակչութիւնը հայկական զօրքերի մօտենալուն պէս, թողնելով տները, փախաւ: Սակայն ոեւէ մէկը չասաց, որ դա ցեղասպանութիւն է, քանի որ ոեւէ հայ ձեռք չի բարձրացրել անզէն ադրբեջանցու վրայ:
Ի վերջոյ, ցեղասպանութիւն է այն, ինչ տեղի ունեցաւ 100 տարի առաջ, երբ սպաննուեց 1,5 միլիոն հայ: Եւ այժմ, 600 ընտանիքների ժամանակաւոր փախստական դառնալը համեմատել 1,5 միլիոն հայերի սպանութեան եւ եւս այդքանի դեպորտացիայի հետ, մեղմ ասած, անարդար է եւ անգամ յղի վատ հետեւանքներով:
Այսպիսով, եթէ մենք ամբողջ աշխարհին ասում ենք, որ Թուրքիան մեզ ենթարկել է ցեղասպանութեան 100 տարի առաջ եւ նոյնը կրկնում է հիմա, իսկ դրա հետ միասին աշխարհը տեսնում է, որ հիմա սպաննուածներ չկան, ապա ոչ պատմաբանները կը մտածեն, որ նոյնն էլ եղել է 1915-ին… Պարզապէս ՙհայկական հիստերիա է՚:
Այդ իսկ պատճառով որեւէ դէպքում պէտք չէ Քեսաբում առ այսօր տեղի ունեցածը անուանել ցեղասպանութիւն, քանի որ այդպէս արժեզրկւում է այդ բառը` իր յետեւից հիմնազերծելով հայոց Մեծ Եղեռնի մասին մեր պնդումները՚:
Ահա այդպիսի բաներ: Եվ հարց է ծագում` արդյո±ք դա ՌԱԿ-ի պաշտոնական տեսակետն է, թե այդպիսի բան այդ կուսակցության պաշտոնաթերթում հայտնվել է հանցավոր անփութության հետեւանքով: 1996-ին մենք այդ կուսակցության վերաբերյալ հրապարակել էինք ՙՌԱԿ. իրո±ք անբուժելի է՚ վերնագրով քննադատական հոդված: Հույս ունենք, որ այնուամենայնիվ, հարկադրված չենք լինելու ապագայում նույնպես այդ նույն վերնագիրը արդիական համարել, ու ՌԱԿ-ը համապատասխան շտկումներ կմտցնի:
ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

