«ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՃԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ»
Արխիվ 12-16«ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՃԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ»Ցնծում են ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների` ռոբերտքոչարյանական եւ լեւոնտերպետրոսյանական լրատվականներն այն տեղեկատվությունից, որ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը դուրս եկավ կոալիցիայից, իսկ ՀՅԴ-ն այդպես էլ չմիացավ քաղաքական մեծամասնությանը: Այս ցնծությունը այլընտրանքախառը ընդդիմության մոտալուտ հաղթանա՞կն է ազդարարում, թե՞ հերթական պատրանքն է, «Իրավունքը» պարզեց ՀԱԿ դաշինքի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻՑ.
-Չեմ կարծում, որ իրենք այդքան միամիտ են ու չեն հասկանում, որ գոնե ՕԵԿ-ի պարագայում իրենք որոշում չեն կարող ընդունել: ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի կուսակցությունն է, եւ նա է այդ որոշումն ընդունել: Իսկ ՀՅԴ-ն սպասարկում է Ռոբերտ Քոչարյանին, այսինքն` համատեղ որոշել են, որ ՕԵԿ-ին եւ ՀՅԴ-ին դուրս թողնեն կոալիցիայից, որովհետեւ հիմա դրա անհրաժեշտությունը չկա: Սովորաբար կոալիցիան կազմում են հետընտրական կեղծված ընտրությունների շոկային գոլորշին թուլացնելու համար: Հիմա դրա կարիքը չկա, մինչդեռ սրանց օգտագործելու են 2017 թվականին, եթե, այսպես կոչված, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընդունվի խորհրդարանական համակարգը: Եվ այդ ժամանակ ընդդիմադիր ուժերի հաշվին` ՕԵԿ-ին գրելու են 5% ձայն, ՀՅԴ-ին` 6-7%, իսկ ԲՀԿ-ն ինչքան կարողացավ ձայն գնել, այդքան էլ գրելու են եւ ԲՀԿ-ի մեջ երկու հոգի կլինեն ՀԱԿԿ-ից: Ամբողջ խճանկարը սա է լինելու: Եթե իրենք այդքան միամիտ են, որ չեն հասկանում, ուրեմն` իրենք առավել եւս այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտի արժանի քաղաքական գործիչներ են: Իսկ թե ինչպես են գնահատում իրավիճակն ընդդիմադիները, այսպես ասած, անճարակությունից կանգնել են փաստի առաջ եւ փորձում են դրանով իրենց գոհացած զգալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

