ՙՙ«ՀՀԿ-Ն ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԱՇԽԱՏՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ` ԱՆԿԱԽ ՆՐԱՆՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԱԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ»
Արխիվ 12-16«ՀՀԿ-Ն ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԱՇԽԱՏՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ` ԱՆԿԱԽ ՆՐԱՆՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԱԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ»
Վերջերս քաղաքական դաշտում գրեթե աչքի չընկնող «Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է հիշեցնել իր մասին եւ որոշում կայացրեց դառնալ ընդդիմադիր` բոլոր երեք նախագահների օրոք այս կամ այն կողմ թռչկոտելուց հետո: Թե նման որոշումը կբարձրացնի՞ ՕԵԿ-ի վարկանիշը, «Իրավունքը» հետաքրքրվեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ.
-Պետք է, որ սրանով ՕԵԿ-ի վարկանիշն ընկնի, քանի որ նրանք ունեին իշխանամետ ընտրողների ձայների մի զգալի մասն ու դրանով ապահովում էին իրենց 5-6 տոկոսանոց էլեկտորատը: Իսկ ընդդիմադիր դաշտը կարծես թե զբաղեցված է. ԲՀԿ-ն կենտրոնամետ ընդդիմություն է, ՀՅԴ-ն` չափավոր, իսկ ՀԱԿ-ը` ծայրահեղ, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի արանքում էլ գտնվում է «ժառանգությունը», որն ավելի ընդդիմադիր է, քան` չափավոր: Հիմա, ինչպես ասում են, տեղերը զբաղեցված են, ուրեմն` ՕԵԿ-ը չի կարող ԲՀԿ-ին կենտրոնամետությունից մղի դուրս կամ դառնա ծայրահեղ` ՀԱԿ-ի նման: Եվ լինելով չափավոր ընդդիմություն` նա պետք է հնարներ գտնի տարբերակվելու մի կողմից ՀՅԴ-ից, մյուս կողմից «ժառանգությունից», որը բավական բարդ է այն առումով, որ «ժառանգությունը» ընտրություններին բավականին ձայն հավաքեց, չնայած պարտվեց եւ հիասթափեցրեց, բայց ցույց տվեց, որ կարող է էլեկտորատ դերակատարություն ունենալ ընտրողների շրջանում: Իսկ ՀՅԴ-ն իր դիքերը պահպանում է` չի աճում, չի էլ պակասում: Այնպես որ, ՕԵԿ-ն այսօր լուրջ խնդիր ունի ընդիմադիր դաշտում տեղավորվելու:
- Իսկ ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը Հանրապետական կուսակցության վրա ի՞նչ կերպ կազդի:
- Ոչ մի կերպ չի ազդի, որովհետեւ իրենք նախ ցույց կտան, որ ՀՀԿ-ն գնահատում է աշխատող նախարարներին` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից` ի դեմս այն երեք նախարարների, որոնք դուրս եկան ՕԵԿ-ից: Եվ դա իշխանական թեւում վստահություն կսերմանի, որ Հանրապետականն իր կադրերին ընդհանրապես չի հանում, քանի որ նրանք աշխատում են հանուն ազգի, հանուն հանրապետության եւ այլն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

