Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ
Արխիվ 12-16Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ
Ապրիլի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը` ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի:
Առաջին անգամ Հայաստանում կհնչի Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան- Բէօմ» պատարագը: Համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Արսեն Այտընեանը ծանոթ է հայագիտական շրջանակներում որպես մեծ հայագետ և հայտնի է գրաբարի և աշխարհաբարի հոյակապ աշխատություններով: Բազմաթիվ հայագիտական աշխատանքների, հայերեն տառատեսակների և զարդագրերի հեղինակ է, և հայտնի է իր հոյակապ հայատառ մեծ աշխարհագնդով,/գլոբուս/, որը այսօր Վիեննայի Մխրթարյան միաբանության մատենադարանի զարդն է համարվում:
Բացի այդ նա օժտված էր բազմաթիվ տաղանդներով: Ծնված լինելով Պոլսում, կրթությունը ստացել է տեղի Մխիթարյան վարժարանում, այնուհետ կրթությունը շարունակել է Վիեննայի Մխիթարյան վանքում: Տիրապետել է բազմաթիվ լեզուների, զբաղվել է աստղագիտությամբ, երաժշտությամբ և նկարչությամբ: 1845 թ.-ին, 22 տարեկանում օծվել է կուսակրոն քահանա Մխիթարյան միաբանությունում, իսկ 1886թ-ին` ստացել է արքեպիսկոպոսական օծում:
Այտընեանը Վիեննայի վանքում հնչեցրած պատարագները մշակել է եվրոպական նոտագրությամբ, այնուհետ Վայսի օգնությամբ վերածել խառը երգչախմբի համար քառաձայնի: Ավելի ուշ Յոզեֆ Բէօմը ավելացրել է նվագախմբի բաժինը ՝ լարային, փողային և հարվածային գործիքներով:
Երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ այս պատարագը առաջին անգամ կատարվել է 1887-ին Այտընեանի եպիսկոպոսական օծման առթիվ:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

