ՙԹԻՄԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԱՌԱՋ ԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ԹԻՄԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԱՌԱՋ ԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Թել Ավիվում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, Հայաստանը ներկայացնում էին 10 մարզիկներ: Մեր հավաքականը նվաճեց 7 մեդալ (3 մեծ եւ 4 փոքր)` ընդհանուր հաշվարկում գրավելով 8-րդ տեղը: Այս առաջնությանը մասնակցեցին շարք վերադարձած հայ մարզիկները, որոնց մոտ ժամանակավոր մարզական դադար էր վնասվածքների պատճառով: Եվրոպայի փոխչեմպիոն դարձան գերծանր քաշային կարգում հանդես եկած Ռուբեն Ալեքսանյանը եւ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը, իսկ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն արժանացավ բրոնզե մեդալի: Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը 77 կգ քաշային կարգի պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում գրավեց չորրորդ տեղը:
85 կգ քաշային Աղասի Աղասյանը զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ գերծանրքաշային Հայկ Հակոբյանը 11-րդն էր: Հավաքականի ելույթների, արդյունքների եւ առաջիկա ծրագրերի մասին ՙԻրավունքի՚ հետ խոսեց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
-Ինչպես կամփոփեք Եվրոպայի առաջնության արդյունքները, գո՞հ եք թիմի ելույթներից:
- Առաջնությունից առաջ ես խոստումներ չէի տալիս, բայց սպասելիքներ ունեի: Մարզիկների ելույթներից եւ արդյունքներից գոհ եմ իսկապես, թիմը կատարեց բոլոր առաջադրանքները, որոնք դրել էի իրենց առաջ:
- Տիգրան Մարտիրոսյանը տեւական դադարից հետո վերադառնալով մրցահարթակ` նվաճեց փոքր ոսկե մեդալ: Ի՞նչ կասեք նրա ելույթների մասին:
- Տիգրանի ելույթից շատ գոհ եմ: Գիտեք, որ վաղուց մրցահարթակ դուրս չէր եկել: Բացի այդ, նա մի փոքր վնասվածք էր ստացել, եւ վերքը դեռ լիովին չէր լավացել: Մարզիկը պետք է միշտ մրցապայքարի մեջ լինի, որ մարզավիճակը պահի, այլապես դա զգացնել է տալիս:
- Եվրոպայի փոխչեմպիոնի՝ Ռուբեն Ալեքսանյանի մասին ի՞նչ կասեք:
- Ռուբենը 2010 թվականից մրցահարթակում չի եղել, միայն այս տարի մասնակցեց երկրի ներքին առաջնությանը: Հաշվի առնելով այդ բացակայությունը` նա հիանալի արդյունք ցույց տվեց, տեսաք, թե ինչ կիլոգրամներ բարձրացրեց: Ասեմ, որ ոչ միայն մեր երկրի համար էր դա կարեւոր, այլեւ այլ երկրների ուշադրությանն էր արժանացել, որ դադարից հետո միանգամից այդքան կիլոգրամներ կարողացավ բարձրացնել:
- Հաջորդ խոշոր մրցաշարին՝ Աշխարհի առաջնությանը հավաքականն ա՞յս կազմով կմասնակցի:
- Մեր գերնպատակը նոյեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությունն է, պետք է բոլոր ուժերը կենտրոնացնենք եւ լավ արդյունքների հասնենք, քանի որ մրցաշարը վարկանիշային է. պետք է ամեն ինչ անենք, որ ինչքան հնարավոր է շատ մարզիկներով ներկայանանք օլիմպիական խաղերին: Կազմը, իհարկե կփոխվի մեզ կմիանան նաեւ երիտասարդ մարզիկներից մի քանիսը: Բոլոր այն մարզիկները, որոնք լավագույն արդյունքները կցուցադրեն, մարզչական առաջադրանքները լավագույն ձեւով կկատարեն, կմասնակցեն Աշխարհի առաջնությանը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

