ՙԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ ԿԿՐԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ՚
Արխիվ 12-16ՙԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՉԿԱՏԱՐԵԼՈՒ
ԴԵՊՔՈՒՄ ԷԼ ԿԿՐԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ՚
Նոր կառավարության նշանակմանը սպասելիս` քաղաքական դաշտում սրվել է պաշտոնների վերաբաժանման գործընթացը: Որոշակի առաջընթացի ակնկալիքներ ունեն նաեւ տարիներով գործադիրում հայտնվելու հնարավորությանը սպասող որոշ պատգամավորներ: Նշենք, որ նոր վարչապետի անունը հայտնի դառնալուց հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ չի բացառվում, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ զբաղեցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Թե որքանով է ինքը հավանական համարում իր նախարար նշանակվելը, փորձեցինք պարզել անձամբ պարոն Այվազյանից, ով, սակայն, ընդամենը ասաց. ՙԿներեք, բայց չեմ ցանկանում մեկնաբանել՚:
Փոխարենը պարոն Այվազյանն անդրադարձավ արդեն իսկ կայացած նշանակումներին. -Հովիկ Աբրահամյանը շատ փորձված անձնավորություն է, քանի որ իր աշխատած բոլոր կառույցներում շատ լավ է գործել: Ես ճանաչում եմ վարչապետին արդեն քսան տարուց ավել, իր կենսափորձը, աշխատանքային բոլոր ոլորտներում իրականացրած գործունեությունը մի բան են ապացուցում, որ ինքը փորձված, ցանկացած իրավիճակում որոշումներ կայացնող եւ ամենակարեւորը` որեւէ մի տեղ ձախողում չունեցած անձնավորություն է: Հավոզված եմ, որ նա շատ լավ վարչապետ կլինի, անհատական լավ հատկանիշներ ունի: Վստահ եմ, նաեւ որ վարչապետը կարող է հավաքել ունակ, աշխատող թիմ եւ կկարողանա այս պատասխանատու, դժվարին պահել լուծել իր առջեւ դրված խնդիրների գերակշիռ մասը:
Առանձնացնեմ նաեւ հետեւյալ կարեւորագույն հանգամանքը. նոր վաչապետը առանձնացրեց մեկ շատ լուրջ դրույթ: Այն է` տնտեսական աճը, մնացած բոլոր ցուցանիշները, պետբյուջեի կատարումը, դրանք պարզապես զուտ գործիք են հիմնական, բուն նպատակի համար: Իսկ բուն նպատակն է` Հայաստանի հանրապետության քաղաքացու համար ստեղծել բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանք:
- Նոր ձեւավորվելիք կառավարությունում, հատկապես տնտեսական բլոկում, ի±նչ կազմ եք տեսնում:
- Եկեք այդ հարցին չպատասխանեմ, որովհետեւ այդ իրավասությունը վարչապետինն է եւ հանրապետության նախագահինը. ինձ իրավունք չվերապահեմ կանխատեսումներ անելու համար: Նկատեմ միայն, որ վարչապետը նշեց մեկ փաստ, այն է` պատասխանատվությունն ու իրավունքը միասին հարազատ եղբայրներ են: Նախարարները պետք է ունենան իրավունքներ` այդ խնդիրները լուծելու համար, եւ կրեն անձնական պատասխանատվություն: Այսինքն` դաշտը շատ բաց է եւ շատ հստակ. կարո±ղ ես` կտրամադրվի հնարավորություն, չկատարելու դեպքում էլ կկրես պատասխանատվություն: Դա զուտ աշխատանքային առումով, իսկ որոշումների կայացման անձնական պատասխանատվությունը հստակեցվում է շատ հստակ սահմանագծերով: Շատ կարեւոր է նաեւ բաց լինելու հանգամանքը, որ կառավարությունը բաց է բոլորի հետ` ընդդիմադիր, իշխանամետ ուժերի հետ` քննարկելու ցանկացած խնդիրը:
- Իսկ ինչ գնահատական կտաք արդեն նախկին կառավարության աշխատանքին` որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ:
- Դե, գիտեք ինչ կա, համենայնդեպս, նախկին իշխանությունը էլի մեր իշխանությունն է: Իհարկե, բոլոր ոլորտներում էլ եղել են հավասարաչափ ե°ւ ձեռքբերումներ, ե°ւ բացթողումներ: Նախկին կառավարությունը ռեֆորմների ձգտող կառավարություն էր, իսկ ցանկացած ռեֆորմներ իրականացնելու ճանապարհին հանդես են գալիս լուրջ խնդիրներ: Լուրջ խնդիրներից մեկն այն է, որ ցանկացած ռեֆորմ սկզբում լինում է շատ ցավոտ: Եվ հնարավոր է, որ նախկին կառավարության մոտ ցավազրկման գործիքները, միջոցները պակաս են եղել, բայց որ նախկին կառավարությունը ռեֆորմներ իրականացնող եւ ռեֆորմների ձգտող կառավարություն էր, անպայման պետք է մատնանշենք: Համենայնդեպս, այդ ռեֆորմներ պետք լինեն շարունակական:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

