ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԿՐՔԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Արխիվ 12-16ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԿՐՔԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՙԵղիշե Սմբատի Թորոսյանը շուրջ 12 տարի գտնվել է արտամուսնական հարաբերությունների մեջ Գյումրի քաղաքի բնակչուհի Հասմիկ Կարապետի Եղիազարյանի հետ...՚: ՙՄոտեցիր եւ թույլ տուր համբուրեմ քեզ...՚:
Դժվար է հավատալ, սակայն նշված երկու նախադասություններն էլ վերցված են մեկ քրեական գործից, որում առկա են շեքսպիրյան բոլոր կրքերը...
ՍԻՐԵԼ ԷՐ, ԹԵ ՉԷՐ ՍԻՐԵԼ
2013թ. ապրիլի 16-ին բեկորային բազմաթիվ վնասվածքներով ՙԳյումրի՚ բժշկական կենտրոն էին տեղափոխվել Հասմիկ եւ Հովհաննես Եղիազարյաններն ու Եղիշե Թորոսյանը: Նույն օրը հարուցվել էր քրեական գործª տեղի ունեցած մահափորձի փաստի առթիվ: Հիվանդանոց տեղափոխված 3 անձից ՙմարդասպանը՚ նա էր, ով ստացել էր մարմնական ավելի ծանր վնասվածքներª 57-ամյա Եղիշեն:
Տուժող Հասմիկ Եղիազարյանն իր հարաբերությունները Եղիշեի հետ դատարանին ներկայացրել էր այսպես. ՙԵղիշեի հետ ծանոթացել եմ շուրջ 12 տարի առաջ: Ընտանեկան անախորժությունների պատճառով ես առանձնացել էի հորիցս ու մենակ էի ապրում: Բնակվելու տեղի հարցում ինձ օգնել էր Եղիշեն: Մտերմացել էինք եւ սկսել համատեղ ապրել որպես ամուսիններ: Սկզբնական ընթացքում Եղիշեն իմ նկատմամբ շատ հոգատար է եղել, ես էլ հոգացել եմ նրա հիգիենայի, մաքրության հետ կապված հարցերը: Եղիշեն խանդոտ էր, տեղի-անտեղի խանդել, վիճաբանել է, միաժամանակ սեր է ունեցել ոգելից խմիչքների նկատմամբ: Դեռեւս 5-6 տարի առաջ, որոշել էի հնարավորինս շուտ խզել կապը Եղիշեի հետ, իսկ դեպքից 2-3 տարի առաջ այդ մասին հայտնել էի Եղիշեին: Նա շատ ցավագին էր ընդունել...՚:
2012-ին մահանում է Հասմիկի հայրը եւ կինը տեղափոխվում է հայրական տուն ու բնակվում եղբոր` Հովհաննեսի հետ: Հասմիկը սկսել էր հաճախել քրիստոնեական ավետարանչական եկեղեցի եւ այնտեղ տեղեկացել, որ ՙորպես աստվածաշնչյան պատվիրան` չի ընդունվել արտամուսնական, ապօրինի կապը կնոջ եւ տղամարդու միջեւ...՚:
ՍԵՐ ՆՌՆԱԿՈՎ ՈՒ ԴԱՆԱԿՈՎ
Տեղեկանալով, որ Հասմիկը ցանկանում է վերջ տալ արտամուսնական համատեղ կյանքին, Եղիշե Թորոսյանը առաջարկել էր նրան ամուսնանալ իր հետ: Հասմիկը չէր ցանկացել: Դատարանում Հասմիկը Եղիշեի համառությունը ներկայացրել էր հետեւյալ բառերով. ՙԵղիշեին ես հայտնել էի, որ ազատ մարդ եմ, ուզում եմ իմ կյանքը փոխել, հաճախում եմ եկեղեցի եւ չեմ ցանկանում նրա հետ գտնվել արտամուսնական կապի մեջ: Քանի որ չենք հանդիպել, Եղիշեն սկսել էր բջջային հեռախոսով զանգահարել, կրկին ամուսնության առաջարկություն էր արել, անհանգստացրել էր ինձ՚:
Դեպքի օրը Եղիշեն մի քանի անգամ զանգահարել էր Հասմիկին, սակայն ապարդյուն: Պահած տեղից վերցրել էր երկու նռնակ եւ գնացել Հասմիկի տուն:
ՙՀասմիկին եւ նրա եղբորը վախեցնելու նպատակով ես հանել եմ նռնակը: Հասմիկը հարձակվել է իմ վրա, ձեռքերս բռնել, եղբայրն էլ վզիցս բռնելª գցել գետին: Հասմիկի հետ հպման ժամանակ կարոտի զգացում եմ ապրել, որի ժամանակ նռնակը ընկել է ձեռքիցս եւ պայթել...՚,- դատարանում փորձել էր արդարանալ Եղիշեն: Չէր հաջողվել. նախաքննության ժամանակ նա խոստովանել էր, որ ցանկանում էր մահանալ իր Հասմիկի հետ կամ նրա աչքի առաջ:
Միգուցե, լրացնելով Եղիշեին` Հասմիկը դատարանում ասել էր. ՙՊայթյունից հետո հյուրասենյակից, պատերից բռնված, դուրս է եկել Եղիշեն եւ թիկունքը հենելով պատին` նստել է հատակին: Եղիշեի աջ ձեռքում երկրորդ նռնակ էլ կար, իսկ ձախում` դանակը, սակայն նա հարվածելու, վնասելու սպառնալիքներ չի կատարել: Բնակարան են մտել ոստիկանության երկու աշխատակիցներ, որոնց տեսնելով` Եղիշեն քաշել է նռնակի պայթուցիչի օղակը եւ ասել` հիմա բաց կթողնեմ, միասին կմեռնենք: Ոստիկաններն արագ դուրս են եկել բնակարանից աստիճանավանդակ, որտեղից նրանցից մեկն իրեն հորդորել է դուրս գալ բնակարանից, սակայն Եղիշեն առարկել է` ասելով` դուրս չգաս, ձեռքիս նռնակը կնետեմ: Դրանից հետո Եղիշեն խնդրել է իրեն մոտենալ եւ թույլ տալ իրեն համբուրել՚:
Երկրորդ նռնակը չէր պայթել: Դատական ակտում, որով Եղիշե Թորոսյանը դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման, նռնակի չպայթելը պատճառաբանված էրª ՙոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ե. Թորոսյանը պայթուցիչի օղակը տեղադրել է նռնակի վրա եւ այն հանձնել ոստիկանության աշխատակիցներին...՚:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

