ՙՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ ՍԿՍՎԱԾ Է՚
Արխիվ 12-16ՙՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ ՍԿՍՎԱԾ Է՚
Չէ, ինչ էլ ասեք, մեկ է, ՙհայի բախտ՚ ասվածը կա եւ հետապնդում է մեր հայրենակիցներին, աշխարհի որ ծայրին էլ որ նրանք գտնվեն: Հակառակ դեպքում ինչպես բացատրել, որ չնայած ուկրաինական եռացող կաթսայի մեջ են գտնվում տարբեր ազգություններ ներկայացնող մի 55 միլիոն մարդ, որոնց թվում հայերի թիվը, մեղմ ասած, սահմանափակ է, այնուամենայնիվ ՙհեղափոխության՚ առաջին զոհը դարձավ մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանը: Պատահականություն էր, կարող է պատահել: Բայց այդ դեպքում ինչպես է ստացվում, որ հարավ-արեւելյան ՙհակահեղափոխության՚ նկատմամբ Կիեւի ՙպատժիչ արշավանքի՚ առաջին թիրախը դարձած Սլավյանսկում նույնպես առաջին զոհը մեր հայրենակիցն էրª Ռուբեն Ավանեսյանը:
Եվ ինչպես ՙմայդանչիկներն՚ էին Նիգոյանին համարում ՙհեղափոխության՚ առաջին հերոսը, Ավանիսյանի մասին նույնպես Դոնբասի ինքնապաշտպանության հրամանատարներից մեկըª Միրոսլավ Ռուդենկոն ասում է. ՙՆա առաջին զոհն ու առաջին հերոսն էր՚:ՈՒԿՐԱԻՆԱՀԱՅԵՐԸ ԲԱՐԴ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան օրերս տեղեկացրեց. ՙՈւկրաինայում հայ համայնքը ամենամեծերից մեկն է: Թեև պաշտոնական տվյալներովª հայ համայնքի թիվը 2001 թ. մարդահամարի արդյունքներով 120-150 հազար է, բայց, իմ կարծիքով, Ուկրաինայում հիմա ապրում է 300-350 հազար հայ...՚: Եվ եթե հաշվի առնենք, որ ուկրաինահայության մի մասը բնակվում է Ղրիմում եւ հիմա դուրս է գտնվում թեժ գոտուց, մեկ է, էլի մայրցամաքային Ուկրաինայում, եթե հավատանք դեսպանին, հայերի թիվը մոտ 250-300 հազարի կարգի է: Ընդ որում, հիմնականում կենտրոնացած են Կիեւում եւ հարավ-արեւելյան մարզերում, թեեւ արեւմուտքում եւս հայերի պակաս չկա: Ուկրաինական բարիկադների երկու կողմերը ներկայացնող Նիգոյանի եւ Ավանեսյանի զոհվելու փաստերը հուշում են, որ քաղաքական հայացքների հարցում ուկրաինահայ համայնքում միատարրություն չկա: Ավելին. ուկրաինահայության զգալի մասը, որը քաղաքականությունից շատ հեռու է, դեռ փորձում է չեզոքություն դրսեւորել: Սակայն երկրում իրավիճակն այն աստիճան է շիկացած, որ չեզոք մնալը գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում, ինչը զգացվում է նաեւ համայնքի պաշտոնական ղեկավարության կցկտուր գործողություններից եւ հայտարարություններից: Եվ, վերջապես, նկատելի են նաեւ դեպքեր, երբ Ուկրաինայի ադրբեջանական համայնքի տարբեր ներկայացուցիչներ փորձում են հրապարակային սադրանքներ իրականացնել հայ համայնքի հանդեպ: Օրինակª սիրում են հատկապես Կիեւում եւ ծայրահեղականների ազդեցության մյուս տարածաշրջաններում քարոզել, թե, տեսեք, հայերը կողմնակից չեն Ուկրաինայի միասնականության գաղափարին, արեւելքում կանգնած են սեպարատիստների կողքին եւ այլն:
Իսկ նման քարոզները, եթե իրավիճակը տեղափոխվի ռազմական փուլ, կարող են մահացու վտանգավոր դառնալ ծայրահեղականների վերահսկողության գոտիներում բնակվող հայության համար: Առավել եւս այն բանից հետո, երբ նման սադրանքներից մեկի արդյունքում ՙԱջ սեկտորի՚ առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարեց, թե իր ղեկավարած կառույցն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Մյուս կողմից էլ, եթե հայերը փորձեն հրաժարվել չեզոք գործելաոճից եւ սատարեն այն կողմին, որի վերահսկողության տարածքներում բնակվում են, ապա դա էլ այն լրջագույն սպառնալիքն է պարունակում, որ հայությունը կհայտնվի բարիկադների հակադիր կողմերում: Իսկ թե դա ինչ է խոստանում, եթե Ուկրաինան թեւակոխի քաղաքացիական պատերազմի փուլ, դժվար է նույնիսկ պատկերացնել:
ԲԱՆԱԿԸ ԽԱՌՆՎՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿԱՇԱՅԻՆ
Իսկ որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը գործնականում սկսված է, գնալով ավելի ակնհայտ է դառնում: Նախª նախօրեին ստորագրված հրամանագրից հետո երեկ ՙհեղափոխական նախագահ՚ Ալեքսանդր Տուրչինովը, ապա նրա նշանակած Անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նախագահ Անդրեյ Պարուբինը հայտարարեցին, թե ՙհակաահաբեկչական օպերացիան սկսված է՚:
Սակայն որոշ հանգամանքներ այստեղ աչքաթող չանենք: Նախª այդ ՙհակաահաբեկչական օպերացիան՚ ղեկավարող Կիեւի շտաբում ներկայացված չէ ՆԳՆ նախարար Ավակովը: Եվ դա այն դեպքում, երբ մինչ այդ արեւելյան մարզերին հնազանդեցնելու հիմնական ֆունկցիան հենց նրա վրա էր դրված, եւ Ավակովը նույնիսկ վերջնագիր էր ներկայացրել, սպառնալով հակառակ դեպքում պարզապես ոչնչացնել հարավ-արեւելքի բանակը: Բայց Ավակովն այստեղ ակնհայտորեն ձախողվեց, ընդ որում, նրա ղեկավարած ուժերի հիմնական մասը պարզապես բացահայտորեն հրաժարվեց Դոնեցկում եւ Լուգանսկում ուժ գործադրել, մի մասն էլ նույնիսկ անցավ այս կողմ: Եվ արդյունքում, առավել եւս Ավակովին շտաբի կազմ չներառելը ցույց է տալիս, որ ՆԳՆ զորքեր, որպես այդպիսին, Կիեւն այսօր չունի: Իսկ պետական բանակի գործադրումը հարավ-արեւելքում այն ծայրահեղ տարբերակն է, որին Տուրչինովը հազիվ թե ցանկանար գնալ: Նախª այս դեպքում հետեւանքների ողջ պատասխանատվությունն իր վրա է ընկնում, ընդ որում Տուրչինովն ամենեւին էլ Ուկրաինայի նախագահի թեկնածուների ցանկում չէ եւ հարց է, թե ներկայիս լիազորությունները ամենաուշը մեկուկես ամսից վայր դնելուց հետո ապագա իշխանություններն ինչ վերաբերմունք կցուցաբերեն իր այդ հրամանի նկատմամբ: Իսկ այդ հրամանի հետեւանքները կարող են ծանր լինեն, հաշվի առնելով թեկուզեւ այն հանգամանքը, որ ՙհակաահաբեկչական օպերացիան սկսված է՚ հայտարարությանն ի պատասխան` Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումա ներկայացավ ռազմական համազգեստով, ինչը, անկասկած, Մոսկվայից Կիեւին հղված թերեւս վերջին պերճախոս ակնարկն էր այդ ՙօպերացիայի՚ հետեւանքների մասին: Միեւնույն ժամանակ նախօրեին Ռադայում այդ օպերացիային աջակցություն հայտնեցին միայն ծայրահեղականները, իսկ համեմատաբար քաղաքական ՙհեղափոխականները՚ նախընտրեցին միայն անորոշ հայտարարություններով հանդես գալ: Փոխարենըª Ռադայի պատերի տակ այդ պահին հերթական ՙհեղափոխությունն՚ էր կազմակերպել ՙԱջ սեկտորը՚, եւ, թերեւս, հենց այդ սպառնալիքն էր, որը Տուրչինովին վերջնականապես ՙհամոզեց՚ տալ հրաման եւ իր վրա նման անձնական պատասխանատվություն ստանձնել:
Այսպիսովª թեեւ հնչեց ՙհակաահաբեկչական օպերացիան սկսված է՚ հայտարարությունը, սակայն մինչեւ երեկ երեկո բանակի ներգրավվածությամբ գործողություններ չկային: Ընդ որում, զորքերին եւ զինտեխնիկան մինչ այս հասցրել են կենտրոնացնել Դոնեցկում եւ Լուգանսկում, եւ երբ հարձակում չկա, դա նշանակում է, որ տրված չէ հարձակման հրամանը:
Փոխարենը երեկ ՙԱջ սեկտորը՚ որոշ մանր սադրանքներ կազմակերպեց ¥որոնցից մեկի ժամանակ էլ սպանվեց Ռուբեն Ավանեսյանը¤, եւ այն տպավորությունն է, որ բենդերականները պարզապես փորձում էին առաջացնել այն կայծը, որը պետական բանակին կներքաշեր պատերազմի մեջ ու դրանից հետո արդեն մեծ պայթյունը կանխել հնարավոր չէր լինի: Բայց երեկ հայտնի դարձավ նաեւ, որ այդ սադրանքին ի պատասխան` հարավ-արեւելյան բանակի ՙՀրաձիգ՚ ազդականչին արձագանքող խմբի իրականացրած հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է ՙհակաահաբեկչական կենտրոնի՚ ողջ ղեկավար կազմը: Ընդ որում այն մանրամասներից, որոնք ներկայացնում է ՙՀրաձիգը՚, ակնհայտ է դառնում, որ իրականացվել է գերբարձր մակարդակի օպերացիա, հանգամանք, որին Կիեւը հաստատ լուրջ ուշադրություն պետք է դարձնի, մինչ կսկսի բանակային հարձակումը հարավ-արեւելքում: Առավել եւս, որ այս օրերին շրջանառության մեջ հայտնվեցին նաեւ տեղեկություններ, որ տարածաշրջան ժամանած ամերիկյան վարձկան ՙռեմբոների՚ մի մասը, մոտ երկու տասնյակի չափով, այս օրերին պարզապես ՙանհետացել՚ են, ինչը եւս վկայում է հարավ-արեւելյան բանակի պրոֆեսիոնալիզմի մասին:
Իսկ այդ պարագայում, թեեւ ուկրաինական բանակը երեկª օրվա երկրորդ կեսին հարավ-արեւելքի որոշ բնակավայրերում զրահատեխնիկայի, հրետանահրթիռային համալիրների եւ անգամ ավիացիայի կիրառմամբ որոշակի գործողություններ սկսեց, սակայն նրանց համար հիմնական վտանգը քաղաքներ մտնելն ու փողոցային մարտերի բռնվելն է: Առավել եւս, եթե խոսքը հասնի Դոնեցկի կարգի քաղաքի, որտեղ ինքնապաշտպանության ուժերն իրենց թեթեւ հակատանկային միջոցներով մեծ վտանգ են ներկայացնում: Էլ չասած, որ դեռ հարց է, թե բանակն ինչպես կարձագանքի խաղաղ բնակավայրերի նկատմամբ հարձակման հրամանին: Եվ, վերջապես, այդ բնակավայրերը գրավելու պարագայում անգամ շատ մեծ է պարտիզանական պատերազմի վտանգը: Այնպես որ, եթե բանակային այդ գործողությունները ՙաչք վախեցնող՚ բլեֆ չեն, եւ ներքին պատերազմը թափ հավաքի, կարծում ենք, որ անակնկալների պակաս չի լինի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

