ՈՉ ԲՈԼՈՐԻՆ Է ԴՈՒՐ ԳԱԼԻՍ ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Արխիվ 12-16ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Այն, որ մասամբ կամ ամբողջությամբ ռուսական կապիտալով գործող խոշոր ընկերությունները հաճախակի են հայտնվում քննադատության թիրախում, նոր բան չէ: Դա չի նշանակում, որ իրականում այդ քննադատությունն ուղղված է ոչ թե այդ ընկերություններին, այլ Ռուսաստանին, այսինքնª տնտեսական պատրվակների տակ ունի գլոբալ քաղաքական հիմք: ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերության գլխավոր տնօրեն ՎԻԿՏՈՐ ՌԵԲԵՑԸ մեր այդ հարցի հետ կապված հետեւյալ կարծիքին է.-Իհարկեª հայաստանյան հասարակությունը քաղաքականացված է: Կան բազմաբեւեռ քաղաքական հայացքներ: Եվ բնական է, որ հասարակական նման տրամադրվածությունները մասամբ կարող են պրոյեկտվել նաեւ մեր ընկերությունում: Այսինքնª մեր աշխատակիցների մի մասը կարող է տարբեր քաղաքական հայացքների ակտիվ կրողը լինել, մի մասը կարող է աջակցել հանրահավաքներ անողներին եւ այլն: Եվ ներկայիս աշխարհում, իհարկե, կգտնվեն ուժեր, ովքեր կցանկանան այդ տրամադրություններն ուղղել իրենց համար ցանկալի հունով: Առավել եւս, երբ տեղեկատվական պատերազմները հասել են իրենց գագաթնակետին, ինչի ականատեսը, ի դեպ, եղանք Ուկրաինայում: Եվ ես կարծում եմ, որ այդ տեղեկատվական հոսքերը, որոնք ձեւավորվում են հեռավոր արտասահմանյան հայտնի կենտրոններում, դրանք առնչվում են նաեւ Հայաստանի հետ: Առավել եւս, որ Հայաստանը վաղուց է ձեւավորել իր հստակ դիրքորոշումը Ռուսաստանի հետ համագործակցության հարցում, որոշում է կայացրել անդամակցել Մաքսային միությանը: Եվ միջոցառումների այն ողջ փաթեթը, որը պետք է հանգեցնի այդ անդամակցությանը, իր ավարտուն տեսքը կստանա մոտ ապագայում: Թերեւս արդեն իսկ մայիսին, մեկ ամսից: Պարզ է, որ օվկիանոսից այն կողմ բոլորը չէ, որ պատրաստ են ընդունել, որ Հայաստանը նման հստակությամբ է պատկերացնում եւ առաջնորդվում իր եւ ոչ թե այլոց շահերով: Այսինքնª կան ուժեր, որոնք ցանկանում են Հայաստանում առաջ բերել դժգոհություններ, եւ, բնականաբար, նման տեղեկատվական հոսքերն առաջին հերթին ուղղորդվում են ռուսական ընկերությունների դեմ` մեր, էներգետիկ, կապի ընկերությունների: Կախված այն բանից, թե ինչքանով հանրային բնույթ ունեն այդ ընկերությունները կամ դրանց ղեկավարներն ինչ դիրքորոշում են ներկայացնում:
Մի խոսքով, ոչ բոլորին է հարմար, ոչ բոլորին է դուր գալիս Հայաստանի կայացրած որոշումը: Բայց ես համոզված եմ, որ այդ որոշումը ռազմավարական առումով ճիշտ է, եւ մենք էլ մեր աշխատանքով փորձում ենք ապացուցել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական համագործակցությունը դատարկ խոսակցություններ կամ ինչ-որ քաղցր կամ մեծ բանի մասին անիրականանալի խոստումներ չեն: Որ դա կոնկրետ աշխատանք է, որն այսօր մասնավորապես մեր ընկերության պարագայում իրականացվում է հայաստանյան ենթակառույցներում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Վիկտոր Ռեբեցի հետ մեր հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք ՙԻրավունքի՚ ուրբաթ օրվա համարում:

