ՙՄենք չենք սպասելու կառավարության աշխատանքին եւ շարունակելու ենք պահանջել ՀՀ նախագահի հրաժարականը՚: Այս տեսակ հատարարությամբ են հանդես եկել օրերս ՀԱԿ-իստները: Քաղաքական քառյակը, ըստ էության, իր վերջակետը դրեց եւ արդյունքում մնաց դուետը, որի մյուս կողմը ներկայացնում է ՙԺառանգություն՚ կուսակցությունը: Թե արդյոք միանում են ՀԱԿ-ի վերը նշված հայտարարությանը` հարցին ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ նախ ասաց, որ այդ հայտարարությամբ նրանք ավելի շուտ են հանդես եկել` նշելով, որ ցանկանում է ամբողջական իշխանափոխություն եւ համակարգային փոփոխություն:
-ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասել է, որ դեռ կսպասենք կառավարության ծրագրին, ըստ որի` հետո կորոշենք` պահանջել նախագահի հրաժարականը, թե` ոչ: - Բայց նա նաեւ ասել է, որ միեւնույն է` դրական ոչինչ չի սպասում եւ ակնկալում: - Իսկ որքանով է ճիշտ նոր կառավարության աշխատանքի որակը նախապես կանխատեսելը: - Ոչ, կարծում եմ դրա կարիքը չկա, քանի որ նախկին վարչապետի ծրագրային դրույթում գրված չէր, որ պետք է երկիրն աղքատացվի, ժողովուրդը պետք է թալանվի, մոնոպոլիան գնալով պետք է աճի, փոքր ու միջին բիզնեսը պետք է ոչնչանան եւ այլն: Հաստատ ոչ մի նման ծրագրով Տիգրան Սարգսյանը չէր եկել կառավարություն: - Հիմա դուք միանալու եք ՀԱԿ-ի հայտարարությանը: - Մենք միանալու խնդիր չունենք, դա մենք ենք ասել: - Ստացվում է, որ իրենք Ձեր դիրքորոշումն են հայտարարում: - Ոչ էլ` իրենք մերն են արտահայտում, բայց այդ մասին մենք ավելի շուտ ենք ասել: - Բայց միասնական եք պայքարի դուրս գալու: - Ես հուսով եմ, որ բոլորս միասնական կպայքարենք: Կարծես, մրցավազքի դուրս եկած լինեն այս կուսակցությունները` ՙՈվ շուտ կասի` նա էլ կհաղթի՚ տարբերակով: