ՎԵՐՋԻՆ ՙՀԱՎԱՍԱՐՈՒՄԸ՚ ԴԵՊԻ ԱՄԵՐԻԿԱ
Արխիվ 12-16ՎԵՐՋԻՆ ՙՀԱՎԱՍԱՐՈՒՄԸ՚ ԴԵՊԻ ԱՄԵՐԻԿԱ
Ընդամենը երկու շաբաթ է մնացել մինչեւ Մաքսային միություն մտնելու մասին մեր երկրի կողմից համաձայնագրի ստորագրումը: Ու, բնականաբար, արեւմտասերների հիսթերիան գերազանցել է բոլոր հնարավոր սահմանները: Առողջապահության նախարարությունը զգուշացնում է` նյարդային համակարգի համար հույժ վնասակար է մուտք գործել տերպետրոսյանական եւ քոչարյանական քարոզչական կայքերը, ինչպես նաեւ գրանտածիծների, լիբերաստների, տոլերաստների, արեւմտասերների ֆեյսբուքյան էջերը: Դե, գենդերաստների էջերի մասին չենք էլ խոսում` պարզապես հակասանիտարական է:
ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ
Վերը հիշատակված քարոզչական կայքերում եւ սոցցանցերի էջերում այնպիսի աներեւակայելի մառազմ կարելի է տեսնել, որ հոգեպես նորմալ մարդու երեւակայությունը նման բան մոգոնել ի վիճակի չէ, դրան հասնելու համար պետք է պատկանել այն կոնտինգենտին, որը Ռոբերտ Քոչարյանի ասած ՙուրիշ մասնագետի՚ պարբերական կամ մշտական հսկողության կարիք ունի: Դրանցից ամենամեղմը, թերեւս այն ստանդարտ ստերն են, որ կա°մ Մաքսային ու Եվրասիական միության նախագծերը տապալման եզրին են, կա°մ Ռուսաստանն էսօր-էգուց կփլուզվի արեւմտյան պատժամիջոցների եւ մոտալուտ մայդանների հուժկու հարվածների տակ: Լավ, չխորանանք, նյարդային բջիջները, ինչպես հայտնի է, չեն վերականգնվում:
Իսկ բացի քարոզչական մառազմից, ունենք նաեւ ՙհրաշալի քառյակի՚ փաստացի տրոհում: ՀԱԿ-ը ՀՀ վարչապետի նշանակումից անմիջապես հետո հայտարարեց, որ իրեն ոչինչ չի հետաքրքրում եւ պայքարելու է ՀՀ նախագահի եւ ՀՀԿ-ական ամբողջ վերնախավի հեռացման համար, ՙԺառանգությունն՚ էլ պնդում է, որ վաղուց է կողմնակից ամբողջական իշխանափոխության, սակայն երկուստեք խեղդող ամբիցիաները խանգարում են կողմնորոշվել` իրենցից որն է թիվ մեկ ՙիշխանափոխիչը՚: Քանի որ ԲՀԿ-ն որոշում ունի չմեկնաբանել ՀԱԿ-ի հայտարարությունը, ՀՀ նախագահի հրաժարականն օր առաջ պահանջելու սուրբ գործում այդ երկու ՙնարնջագույն՚ ուժերը զրկվել են լիդերության հարցը ինքնաբերաբար լուծող ՙպապայից՚:
Դե, ձեռի հետ էլ, ՙքըխ՚ դաշնակները ավելի ու ավելի են հակվում վերադառնալու ՙընտանիք՚, այսինքն` իշխող կոալիցիա` դրանով իսկ ՙքառյակը՚ վերածելով զուտ նոմինալ ՙեռյակի՚:
ՀԱԿ-ի պարագայում ամեն ինչ պարզ է: Որպես քաղաքական ուժ` այն վերածվում է քաղաքական բոմժի, ու բոլորը, բացառությամբ Տեր-Պետրոսյան եւ Զուրաբյան Լեւոններից, կամ պաուզա են վերցրել, կամ բացահայտ քայլեր են անում հետագա կարիերայի խնդիրը անհատապես լուծելու համար: Օրինակ, Նիկոլը մի կողմ է թողել ե°ւ ՙքառյակները՚, ե°ւ ՙեվրոպական արժեքները՚ ու զբաղված է այնպիսի ՙանշառ՚ գործի PR-ով, ինչպիսին է Վարդան Պետրոսյանին, Շանթ Հարությունյանին եւ այլ ՙքաղբանտարկյալներին՚ հանդիսավորապես այցելելը: ԼՏՊ-ն էլ, օր ծերության խայտառակ եղավ` համացանցում հայտնվել է տեսանյութ, ուր ծերուկը բարձրաստիճան պետական այրերի մասին արտահայտվում է մի բառապաշարով, որը, մեղմ ասած, անհամատեղելի է ՀՀ առաջին նախագահի, գիտությունների դոկտորի եւ բազում մեռած լեզուների գիտակի կարգավիճակին: Ինչեւէ, ՀԱԿ-ի գնահատականը շատ չոր ու հստակ տվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա գնահատականը կարելի է բաժանել երկու մասի: Առաջին մասով առանձնացվում են նրանք, ովքեր միգուցե անհատապես առանձին-առանձին ինչ-որ բանի պիտանի լինեն. ՙԳիտե±ք, Ազգային ժողովում ես բավականին արդյունավետ համագործակցել եմ նույն ՀԱԿ-ի պատգամավորների հետ, ու միասին բազմաթիվ օրենսդրական նախագծեր ենք ավելի լավը դարձրել կամ զարգացմանը տանող նախաձեռնություններ ենք իրականացրել: Վստահ եմ, որ նույն Գագիկ Ջհանգիրյանի, Հրանտ Բագրատյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի և մեր մյուս գործընկերների հետ մենք դեռ շատ դրական գործեր կանեինք, եթե ես մնայի Ազգային ժողովում: Բայց ավելի քան վստահ եմ, որ հիմա այդ համատեղ աշխատանքը կրկնակի ավելի օգուտ կարող է բերել մեր երկրին, ու ես անպայման փորձելու եմ կրկնակի ավելին համագործակցել ԱԺ իմ բոլոր գործընկերների հետ՚:
Իսկ երկրորդ մասով գնահատական է տրվում երկու Լեւոններին. ՙԵրբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը: Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած` սեփական ուժերից վեր ամբիցիաները եւ որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, ապա իսկապես սխալվում են: Ժամանակները փոխվել են. մեր հասարակությանը հետաքրքրում է առկա խնդիրներին լուծումներ տալը, բոլորի ուժերի միավորումը` սոցիալ-տնտեսական վերելքի համար, ոչ թե տարբեր ժամկետանց խարդավանքներին հետևելը: Չարությունն ու նենգությունը պետք է սահման ունենան, ծերությունը պետք է արժանապատիվ վայելել, ոչ թե շարունակել անել ամեն ինչ, որ Հայաստանում վատ լինի՚:
ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Ինչպես միշտ, այլ քաղաքական ուժերի հետ հարաբերությունների հարցը պարզ բանաձեւեց Գալուստ Սահակյանը: Կառավարության կազմի ու ծրագրի շուրջ քննարկումների վերաբերյալ ՙՀայ Յեղափոխական դաշնակցությունը քննարկումների մեջ է, կքննարկեն իրենց մոտեցումները եւ կհայտարարեն, իսկ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն իր հայտարարությունն արել է եւ կոալիցիա չեն մտնելու՚: ԲՀԿ-ի պարագայում նա մի ներբերանգ հիշատակեց. ՙԻրենք էդպես են հայտարարել: Ես կրկնում եմ իրենց հայտարարությունը՚: Ասել կուզե, որ բացառված չէ` հետո այլ բան հայտարարեն: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա հանրապետականները նրանց առնչությամբ զուսպ են ու ընդամենն ակնարկում են, որ ամեն մի կուսակցություն էլ իրեն թանկացնելու մարտավարություն կարող է որդեգրել...
Ինչեւէ, քոչարյանական երկու ավանդական հենարաններից մեկը` ՀՅԴ-ն, կարծես թե, արդեն անդառնալիորեն պոկվում է նրա ճամբարից եւ գերադասում նորմալ հարաբերություններ ՀՀԿ-ի հետ: Իսկ ԲՀԿ-ի պարագայում մի կողմից` (բացառությամբ օսկանյանական ՙնարնջագույն՚ թեւի) նրանք խուսափում են որդեգրելու անսքող հականախագահական-մայդանային ուղեգիծը, մյուս կողմից` ենթադրաբար ՀՀ երկրորդ նախագահի կարծր ճնշման արդյունքում, խուսափում են եւ ՀՀԿ-ի հետ համագործակցության եզրերից, թեեւ ընդդիմադիր մտածողությունից շատ հեռու ԲՀԿ-ի ավանդական ՙկորիզը՚ մեծագույն հաճույքով կվերադառնար կոալիցիոն կարգավիճակին:
Ընթանում է եւս այլ խաղ: Երեկ տարածվեց լուսանկար եւ պաշտոնական հաղորդագրություն ԲՀԿ-ի եւ ԱՄՆ դեսպանատան հանդիպման մասին: Բացի կուսակցության առաջնորդից, մասնակցում էին Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը եւ Ստեփան Մարգարյանը, իսկ յանկիները ներկայացված էին դեսպան Հեֆֆերնով, փոխդեսպանով եւ դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավարով: Նշված է ընդամենը, որ քննարկվել են բազմաթիվ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, բայց կոնկրետ ի±նչ` ԲՀԿ-ականները պարտիզանի պես լռում են: Ըստ ամենայնի, ԲՀԿ-ին Ռոբերտ Քոչարյանի եւ Վաշինգտոնի ՙքավորությամբ՚ մինչեւ Մաքսային միություն մտնելը մնացած շատ սուղ եւ արագ սպառվող ժամանակահատվածում ձգտում են ներքաշել այնպիսի շփումների, գործընթացների, գործողությունների մեջ, որ ինչ-որ մի պահի հասցնեն ՙկարմիր գիծը՚ անցնելուն, ու դրանից հետո այլեւս ուշ լինի: Եվ դա պարտադիր չէ, որ արտահայտված լինի հրապարակային խոսքով կամ գործողությամբ: Օրինակ, ով կարող է երաշխավորել, որ նույն ՙկոնֆիդենցիալ՚ եւ ՙօֆֆ ռեքորդ՚ ռեժիմով ընթացած հանդիպման տեսագրությունը մի օր չի հայտնվի համացանցում` ամերիկացիներից սպասելի է ցանկացած ստորություն:
Ինչեւէ, տարատեսակ խաղերի, ինտրիգների ու սադրանքների համար քիչ եւ սպառվող ժամանակ է մնացել, ու թերեւս չի խանգարի հորդորել իշխանական, այլընտրանքային, անգամ ընդդիմադիր ճամբարի ողջամիտ եւ սթափ ներկայացուցիչներին` լինել սառնասիրտ, չտրվել հույզերին եւ տնտեսել սեփական նյարդերը: Ամեն ինչ անցողիկ է, մնայունը ազգն ու երկիրն են:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

