ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՏՎԵԼ ՖԻԴԱՅԻՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԾԱՌԵՐԸ, ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ
Արխիվ 12-16ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՏՎԵԼ ՖԻԴԱՅԻՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԾԱՌԵՐԸ, ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ
Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածի սկզբնամասում` «Ազատամարտիկների այգում» են տեղակայված Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված երիտասարդ տղաների տապանաքարերը, ինչպես նաեւ տնկված են մեր հերոսների անվանական ծառերը: Նշենք, որ այգին վաղուց մատնված է անտերության, ծառերի մի հատված հասցրել է չորանալ, իսկ որոշներն էլ պարզապես արմատախիլ են արվել: Թե ինչո՞ւ հանուն հայրենիքի զոհված տղաները պետք է արժանանային նման վերաբերմունքի, իհարկե, դժվար է պատասխանել: Հիշեցնենք, որ տվյալ հարցով մենք դիմել էինք ՀՀ Պաշտպանության նախարարությանը, որտեղից մեզ տեղեկացրել էին, որ ցանկացած զինվորական այգու մշակմամբ պետք է զբաղվի այգու սեփականատերը կամ այն կառույցը, որին վստահվել է տվյալ գործի իրականացումը:
Հասկանալու համար, թե ո՞վ է պատասխանատու ազատամարտիկների անվանական ծառերի հատման համար, ո՞ւմ է պատկանում այգին եւ ի՞նչ քայլեր է պատրաստում կատարել Երեւանի քաղաքապետարանը զինվորների պուրակի ոչնչացումը կանխելու համար, փորձեցինք ճշտել Երեւանի քաղաքապետարանից, սակայն...
«Իրավունքի» կողմից բարձրացված հարցերին պատասխանելու համար Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը պահանջվեց մեկ ամիս ժամանակ, սակայն անգամ այդ երկար ժամանակահատվածում աշխատակիցները երեք հարցից կարողացան պատասխանել մոտավորապես մեկին.
«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ 2014թ-ի ընթացքում մայրաքաղաքի բարեկարգ այգիների շարքը կհամալրի նաև Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ տեղակայված զբոսայգին: Դեռևս 2013 թ. հոկտեմբերի 31-ին Երևան քաղաքի ավագանին հավանություն էր տվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանի առաջարկությանը՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանին պատկանող զբոսայգու 5.637 հա մակերեսով հատվածը բարեկարգելու և կանաչապատելու վերաբերյալ: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում այգում նախատեսվում է կառուցել կանաչ ամֆիթատրոն, կանաչ լաբիրինթոս ու գեղեցիկ զբոսուղիներ: Կմաքրվեն և կվերանորոգվեն նաև այգում տեղակայված հուշարձաններն ու գոյություն ունեցող կառուցվածքները: Երեւանցիների ու մայրաքաղաքի հազարավոր հյուրերի լիարժեք հանգստի կազմակերպման համար հանգստի գոտում կտեղադրվեն թեթև կոնստրուկցիաներով զրուցարաններ, մանկական խաղահրապարակներ, թենիսի հարթակ, ինչպես նաև շատրվան և ցայտաղբյուրներ: Վերակառուցված այգին հարմարեցված կլինի նաև հասարակության սակավաշարժ խմբերի տեղաշարժման համար: Նախագիծը կյանքի կոչելու համար այգում ոչ միայն ծառեր չեն հատվելու, այլև նախատեսվում են լրացուցիչ ծառատնկման և կանաչապատման աշխատանքներ: Զբոսայգու մշակվող բարեկարգման և կանաչապատման նախագծանախահաշվային փաստաթղթերն, ի դեպ, իրականացվում են Ճարտարապետաշինարարական համալսարանի կողմից՝ որպես նվեր համայնքին»:
Հաճելի է, իհարկե լսել գեղեցիկ եւ բարձր հնչող խոսքեր, սակայն հարկ ենք գտնում հիշեցնել, որ Ղարաբաղյան շարժման ժամանակ զոհված տղաների անվանական ծառերն այլեւս չկան եւ նոր տնկվող ծառերն էլ դարման չեն լինի նրանց ծնողների վշտին:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

