ՅՈՒՍՏՈՒՍ ՖՐԱՆՑ. «ԻՆՁ ՈՉ ՈՔ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԷՐ ՀՐԱՎԻՐՈՒՄ»
Արխիվ 12-16ՅՈՒՍՏՈՒՍ ՖՐԱՆՑ. «ԻՆՁ ՈՉ ՈՔ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԷՐ ՀՐԱՎԻՐՈՒՄ»
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 11-ին ներկայացրեց համերգ` աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ: Արամ Խաչատրյան համերգասրահում հնչեց Բրամս եւ Գրիգ (Բրամսի Ակադեմիական նախերգանքը, 1-ին սիմֆոնիան եւ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը):
Ավելի քան 40 տարի Յուստուս Ֆրանցը համաշխարհային հռչակ է վայելում որպես դիրիժոր եւ որպես դաշնակահար` հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր սրահներում, կարեւորագույն նվագախմբերի եւ երաժիշտների հետ: Յ. Ֆրանցը նաեւ ակտիվորեն աշխատում է դասական երաժշտության հանրահռչակման եւ առաջխաղացման ուղղությամբ. մասնավորապես` գերմանախոս աշխարհում մեծ հեղինակություն է վայելում դասական երաժշտության վերաբերյալ Achtung! Klassik նրա հեղինակած հեռուստատեսային հաղորդաշար-շոուն, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել: Աշխարհահռչակ դիրիժորը Երեւանում հանդես եկավ առաջին անգամ. նրա հայաստանյան այցը նշանակալից է` հատկապես հաշվի առնելով 1988թ. նրա կողմից նախաձեռնած մեծամասշտաբ բարեգործական ծրագրերը` ի օգնություն Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածների: Յ. Ֆրանցը մի քանի օրում ձեռնամուխ է եղել Գերմանիայում հատուկ համերգաշարի իրականացմանը եւ գոյացած շուրջ 100.000 գերմանական մարկի չափով հասույթը փոխանցել Հայաստան:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում, համերգից հետո ՅՈՒՍՏՈՒՍ ՖՐԱՆՑՆ ասաց, որ տպավորված է հեռանում Հայաստանից. «Ես բոլորին կպատմեմ, որ հայերը մեծ հոգի ունեն, իսկական մարդիկ են` կրթված ու դաստիարակված, եւ ինձ համար մեծ նվեր էր գտնվել այստեղ»: Դիրիժորը նաեւ ասաց, որ երեւանյան այցելության ժամանակ հասցրել է լինել Գառնիի հեթանոսական տաճարում, զմայլվել Սեւանա լճով, որտեղ ի դեպ, իր իսկ խոսքերով, բավական ցուրտ է եղել:
Հարցին, թե ինչու է առաջին անգամ Երեւանում գտնվում, Յ. Ֆրանցը հումորով արձագանքեց.«Ոչ ոք ինձ չէր հրավիրում… Այս անգամ հրավեր ստացա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբից` հանձինս գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, ազատ ժամանակ գտա եւ Երեւան եկա»:
Իր խոսքում աշխարհահռչակ դիրիժորը չմոռացավ նաեւ ջերմ խոսքեր ասել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների մասին. «Դուք կարող եք հպարտանալ ձեր նվագախմբով»,- ընդգծեց զրուցակիցը:
Նշենք, որ որպես հրավիրյալ մենակատար համերգին հանդես եկավ ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆը:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

