ՙԵԹԵ ՙՀԱՅԱԿԸ՚ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ Է ԴԵՊՐԵՍԻՎ ԿԻՆՈՆ` ՄԵՆՔ ԴՐԱ ՄԱՍԸ ՉԵՆՔ ԿԱԶՄԻ՚
Արխիվ 12-16ՙԵԹԵ ՙՀԱՅԱԿԸ՚ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ Է ԴԵՊՐԵՍԻՎ ԿԻՆՈՆ` ՄԵՆՔ ԴՐԱ ՄԱՍԸ ՉԵՆՔ ԿԱԶՄԻ՚
Մայիսի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայկական կինոարտադրանքն արժեւորելու եւ գնահատելու համար արդեն երրորդ տարին է, Հայաստանում անցկացվում է ՙՀայակ՚ ազգային կինոյի մրցանակաբաշխությունը: Ազգային կինոյի ՙՀայակ-2014՚ մրցանակաբաշխության 15 անվանակարգերի համար ներկայացված 52 ֆիլմից ապրիլի 8-ին մրցութային հանձնաժողովը` նախագահ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի գլխավորությամբ, առաջին փուլի քվեարկության արդյունքում ընտրել է մրցույթի հավակնորդներին:Սակայն, կինոռեժիսոր, պրոդյուսեր, ՙՊարալլելս ֆիլմ՚ կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դիմելով ՙՀայակ՚ Ազգային կինոյի մրցանակաբաշխության նախագահությանն ու մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ է. Բաղդասարյանին` խնդրել է ըմբռնումով վերաբերվել իր մտահոգությանը եւ հանել ՙԿիսալուսնի ծովածոցը՚ ֆիլմը` ՙՀայակ 2014՚-ի նոմինանտների ցանկից եւ հետագայում վերանայել ազգային կինոմրցանակաբաշխության կանոնակարգը: Իսկ թե որն է ՙՀայակ-2014՚ մրցանակաբաշխությունից հրաժարվելու պատճառը ՙԻրավունքը՚ պարզեց հենց ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ.
- Անվստահությունը ժյուրիի անդամների եւ առհասարակ` գնահատման ձեւաչափի հանդեպ: Ազգային կոչվող մրցանակաբաշխությունը չպետք է ունենա ժյուրիի 12 անդամ: Օսկարը, որի հետ երբեմն կազմակերպիչները համեմատում են ՙՀայակը՚, ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունն է, ըստ էության` ԱՄՆ-ի ազգային կինոմրցանակը: Օսկարի նոմինանտներին եւ հաղթողներին ընտրում են կինոակադեմիայի անդամները, որոնց թիվը մոտենում է վեց հազարի: Ռուսական ազգային կինոմրցանակի դեպքում` վեց հարյուրից ավելի: Սա է ազգային մրցանակաբաշխությունը: Եթե ուզում են ազգային մրցանակաբաշխություն ունենալ, պետք է քվեարկության հրավիրեն բոլոր կինոպրոֆեսիոնալներին, որ այսօր աշխատում են հայկական կինոարտադրության մեջ: Դա է օբյեկտիվիզմի գրավականը: Հակառակ դեպքում` սա ազգային մրցանակաբաշխություն չէ, այլ սովորական կինոփառատոն: Հերթական լոկալ փառատոնը` իր կողմնակալ ժյուրիով, որը չի կարող ազգային կինոյի չափորոշիչներ թելադրել: Նախորդ երկու տարիներին նույնպես կար այդ խնդիրը: Բայց ՙՀայակի՚ ժյուրիում ընդգրկված էին մարդիկ, ում ավանդը հայկական արդի մշակույթում անուրանալի է` լուսահոգի Սոս Սարգսյանը, Ռուբեն Հովսեփյանը, Դավիթ Մուրադյանը, Լեւոն Աթոյանցը, Գայանե Մարտիրոսյանը, Ռազմիկ Դավոյանը: Այս մարդկանց ներկայությունն ինքնին նվազեցնում էր կողմնակալության ռիսկերը: Այս տարի նրանք փոխարինվեցին երիտասարդ մասնագետներով, որոնք տակավին կայանալու, ինքնահաստատվելու խնդիր ունեն: Ավելին` նրանց մի մասը մարդիկ են, ովքեր պատասխանատու են վերջին 20 տարում հայկական կինոյի դեպրեսիվ-դեստրուկտիվ փուլի համար, այդ փուլի կերտողներն են: Դա մի փուլ է, որը հայկական կինոյի պատմության մեջ կմնա որպես միջազգային կինոպրոցեսից դուրս մղման եւ ներքին հանդիսատեսին կորցնելու փուլ: Ահա այդ մարդկանց այսօր վստահվում է ազգային կինոյի չափորոշիչների թելադրումը: Սա անընդունելի է մեզ համար: Եթե ՙՀայակը՚ խրախուսելու է դեստրուկտիվ-դեպրեսիվ կինոն, մենք դրա մասը չենք կազմի: Ավելին` կապացուցենք, որ ազգային կինոյի ակունքներն այլ վայրում են:
- ՙՀայակ-2013՚-ին ՙԿիսալուսնի ծովածոցը՚ ֆիլմն արժանացավ մրցանակի, գուցե դա հաշվի առնելո±վ են ժյուրիի անդամները որոշել այս տարի չընդգրկել անվանակարգերում: Թեպետ, այս տարի 2 անվանակարգերում ֆիլմի դերասաններն ընդգրկված են:
- Այո, ՙԿիսալուսնի ծովածոցի՚ մի հատվածը` ՙՓասիանի որսորդը՚ կարճամետրաժն անցյալ տարի ստացավ մրցանակ ՙԼավագույն դեբյուտ՚ անվանակարգում: Մեկ ամիս անց մեր ֆիլմը ընտրվեց Ա կարգ ունեցող Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցույթում: Այս տարի նույն ռեժիսորի լիամետրաժը մրցակցությունից դուրս դնելով, ՙՀայակը՚ հաստատում է, որ գեղագիտական իմաստով դեռ կայացման փուլում է: Գիտեք, կայացած փառատոները, մրցանակաբաշխությունները ուշի-ուշով են հետեւում իրենց մրցանակակիրներին, որովհետեւ նրանց հետագա հաջողությունները նաեւ իրենց պատիվն է: Եթե մրցանակաբաշխությունը նույն ռեժիսորի նույն ֆիլմի մի հատվածը համարում է լավագույն, մյուս հատվածները` տապալված, նշանակում է դա չկայացած մրցանակաբաշխություն է:
- Ձեր ՙկռիվը՚ մրցանակաբաշխության կազմակերպիչների±, թե ժյուրիի անդամների դեմ է:
- Կռիվ չկա: Մենք կենտրոնացած ենք աշխատանքի վրա, անիմաստ է կռիվներով ժամանակ վատնել: Պարզապես հայկական կինոն, չնայած ուռճացրած արտադրության թվերին, անընդհատ անկում է ապրում: Անկախությունից ի վեր մենք գրեթե չկանք խոշոր կինոստուգատեսներում: Ի տարբերություն հարեւան Վրաստանի` չափազանց դժվար է միջազգային համագործակցություն իրականացնելը: Տեղի սուղ ռեսուրսները, տեսնում ենք, շարունակում են խրախուսել այն կինոն, որը ոչ այլ ինչ է, քան չարչրկված արթհաուզի նմանակման փորձ եւ ժամանցային գռեհկաբանության քարոզում: Մեկ դարից ավելի է, որ կինոյում որոշվել են այն չափորոշիչները, որոնք տարբերում են չկայացած ռեժիսորին կայացածից, ապաշնորհ ֆիլմը` հաջողվածից: Ֆիլմը պետք է կա°մ հանդիսատես ունենա, կա°մ ընդունվի մասնագիտական հանրության կողմից` խոշոր կինոփառատոներում: Այլ աճպարարություններ չկան: Նույն ՙՀայակ 2014՚-ի ժյուրիի նախագահի դեբյուտը մեծ կինոյում եղել է ՙՍեւ պատը՚ ֆիլմը, որը որեւէ հետք չի թողել ո°չ շուկայում, ո°չ փառատոնային կյանքում: Հիմա մարդը որոշել է, որ ՙԿիսալուսնի ծովածոցը՚ դեբյուտային ֆիլմ է, որի ցուցադրության համար մենք ամեն օր առաջարկներ ենք ստանում Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս, ուր շուտով ֆիլմը կսկսվի տարածվել համաշխարհային դիստրիբյուտորի կողմից, այդ ֆիլմը չի կարող դրվել այն ֆիլմերի կողքին, որոնք էկրան են դուրս եկել մեկ տարի առաջ եւ հենց իր ֆիլմի ճակատագիրը կրկնելով` որեւէ հետք չեն թողել... Ես համաձայն եմ, այո, Մարինեի ֆիլմը նման ֆիլմերի հետ չպետք է մրցակցի: Այդ պատճառով էլ հանել ենք: Խնդիրը գեղագիտական տարաձայնությունն է:
- Իսկ անվանակարգվածներից երկու դերասանները համաձայնե±լ են հրաժարվել մրցանակաբաշխությունից:
- Ըստ կանոնակարգի` ֆիլմը, այդ թվում եւ դերասաններին մրցանակի ներկայացնում է արտադրողը: Արտադրողը անվստահություն է հայտնել Ժյուրիին եւ հանել է ֆիլմը: ՙԿիսալուսնի ծովածոցը՚ չի մասնակցում ՙՀայակ-2014՚-ին:
- Այնուամենայնիվ, ֆիլմին ինչ ճանապարհ է սպասում:
- Հիմա խումբն աշխատում է ֆիլմի անգլերեն տարբերակի վրա: Այն ներկայացնելու ենք Կաննի կինոշուկայում, որտեղ պայմանագիր ենք կնքելու ֆիլմի համաշխարհային տարածման վերաբերյալ: Դիստրիբյուտորի հետ կորոշենք, թե որտեղ է նպատակահարմար անել ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ունենք առաջարկներ ԱՄՆ-ից, փառատոներից, որոնք արդեն հետաքրքրված էին ֆիլմի նախորդ հատվածով: Այն, ինչ արել են Մարինեն եւ իր թիմը, դեմ է այսօրվա մոխրագույն իրականությանն ու հակադրվում է օրվա կինոարտադրանքին: Դրանում է այս ֆիլմի ուժը: Մենք վստահ ենք, որ Սարոյանի լուսավոր խոսքը, երեխաների չքնաղ կերպարները, ֆիլմի յուրահատուկ կառուցվածքը, հրաշալի օպերատորական աշխատանքն ու ֆիլմի համար գրված երաժշտությունը գրավելու են հանդիսատեսին, ինչպես այս օրերին տեսնում ենք ՙՄոսկվա՚ կինոթատրոնում: Ի դեպ, այդ ամենն արել են մարդիկ, ովքեր առաջին անգամ են գործ ունենում մեծ, լիամետրաժ կինոյի հետ: Եվ նրանք փայլուն արդյունքի են հասել: Նրանք հայկական կինոյի վաղն են:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

