ԴԱՏԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԴԱՏԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Դատավորին անհրաժեշտ են չորս որակներ.
1. լսել հարգանքով, 2. տալ իմաստուն պատասխաններ, 3. մտածել սթափ, 4. անաչառ որոշումներ կայացնել:
Սոկրատես
- Բնակարանը, որտեղ ապրում եմ, ծնողներիս սեփականությունն է: Հունվար ամսին մայրս հիվանդության պատճառով մահացավ, իսկ հայրս երեւի չդիմացավ կորստին. մեկ ամիս առաջ հանկարծամահ եղավ: Նախորդ տարվա դեկտեմբերին համատիրությունը, տան գույքահարկը չվճարելու պատճառով, դատի էր տվել ծնողներիս: Քանի որ նրանք արդեն մահացել էին, ինքս ներկայացա դատական նիստին:
Համատիրությունը գրություն էր ուղարկել դատարանին, որ գործը քննեն իրենց բացակայությամբ: Երբ ցանկացա դատարանին տեղեկացնել, որ ծնողներս մահացել են, դատավորն ինձ ձայն չտվեց` պատճառաբանելով, որ լիազորագիր չունեմ, ինչպես նաեւ չունեմ ապացույց, որ նրանք իմ ծնողներն են եւ ամենակարեւորը. դատավորը գտավ, որ նրանք ստորագրել են դատական ծանուցագիրը եւ իր բառերով ասած, պատշաճ ծանուցված են: Զավեշտը հասավ նրան, որ դատ արեց, գնաց խորհրդակցական սենյակ եւ հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ կայացրեց` բավարարելով համատիրության հայցը: Վճիռն առձեռն ինձ չտվեցին, փոստով ուղարկեցին ծնողներիս անունով, իրենց տան հասցեով:
Հիշում եմ. ոչ հեռավոր իննսունական թվականներին` ընտրություններից մեկի ժամանակ, ընտրական տեղամասում գտնվող ընտրողների ցուցակում նկատեցի, որ մահացած պապիս եւ տատիս անվան դիմաց դրված էր ստորագրություն, որ իբր նրանք մասնակցել են քվեարկությանը: Հետո, երբ ընկերներով քննարկում էինք, պարզվեց, որ նրանց հարազատներն էլ, ովքեր գտնվում են ԱՄՆ-ում, կրկին ՙեկել, քվեարկել, գնացել էին՚:
Վ. Ա.
Դատական պրակտիկայում եղել են դեպքեր, երբ քաղաքացու դուռը թակել են դատական ակտերի հարկադիր կատարողները եւ ներկայացրել օրինական ուժ ստացած դատական ակտ, որն ուղղակի առնչվել է վերջիններիս իրավունք-պարտականությունների հետ, այն դեպքում, երբ տվյալ անձը դրա մասին իմացել է միայն վճռի կատարման փուլում: Ինչ խոսք, նմանօրինակ դեպքերը ոչ միայն հատուկ են Հայաստանում, այլեւ` ամենուր, ուստի պետության առաջնահերթ խնդիրը մարդու իրավունքների երաշխավորվածությունն է, եւ որ իրավունքներն ածանցյալ են մարդու արժանապատվությունից: Քանի արդարադատություն իրականացնող անձանց մեջ չի ներմուծվել այն կարեւոր իրավանորմը, որ իրավունքը գիտություն է բարու եւ արդարի մասին, իսկ մարդու արժանապատվությունն Աստվածային այն հատկությունների հանրագումարն է, որից էլ բխում է մարդու անօտարելի իրավունքը, որպես տվյալ հատկությունը կյանքի կոչելու հնարավորություն, որի հովանավորն ու պաշտպանը պետք է լինի պետությունը, ի դեմս օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, ունենալու ենք նմանօրինակ զավեշտներ, որը կլիներ ավելի քան ծիծաղելի, եթե չլիներ ողբերգական, որովհետեւ իրավունքի խախտումները Հայաստանում պետական լիազոր մարմինների կողմից մասսայական բնույթի են: Դրա լավագույն ապացույցը դատարանների գերծանրաբեռնված աշխատանքն է, որտեղ դատական սխալի հավանականությունը նորմայից բարձր է:
Սույն գործով տարօրինակ է տվյալ դատավորի վարքագիծը, երբ շահագրգիռ անձը ցանկացել է դատական նիստում անել հայտարարություն, սակայն նիստը նախագահողի կողմից թույլ չի տրվել, քանի որ չի ունեցել պատշաճ լիազորություն եւ չի եղել այդ դատավարության մասնակիցը: Տվյալ դեպքում, կարծում եմ, որ դատավորը պետք է ղեկավարվեր ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով, որով օրենսդիրը պարտադիր պայման է դիտում` ուղղակի պարտավորեցնելով դատավորին. հնարավորություն տալ գործի ելքով շահագրգռված յուրաքանչյուր անձի` իրականացնելու դատարանի կողմից լսվելու օրենքով նախատեսված իրավունքը: Դրանից հետո, եթե դատարանին կներկայացվեն սույն գործով պատասխանողների մահվան վերաբերյալ ապացույցներ, իսկ չներկայացնելու դեպքում էլ դատարանը կտրամադրեր ողջամիտ ժամկետ` այն ներկայացնելու համար, որից հետո օրենքի ուժով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105 հոդված) դատարանը տվյալ գործի վարույթը կկասեցներ, քանի որ գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

