ՏԱՐՕՐԻՆԱԿ ՈՐՈՇՈՒՄ ԳԱՐԵՋՐԻ ՇՇԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՏԱՐՕՐԻՆԱԿ ՈՐՈՇՈՒՄ ԳԱՐԵՋՐԻ ՇՇԵՐԻ ՄԱՍԻՆ
Նախորդ կառավարության վերջին նիստում ընդունվեցին բավականին տարօրինակ մի քանի որոշումներ: Մասնավորապեսª նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը հայտարարեց, որ կառավարությունը թույլատրել է ՙԵրեւանի գարեջուր՚ ՓԲԸ-ի կողմից արտահանված ապրանքի նկատմամբ կիրառված ՙԺամանակավոր արտահանում՚ մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչեւ 2015թ. ապրիլի 5-ը: Տարօրինակ է հնչում, բայց պարզվում է, որ այդ որոշումը, որը վերաբերում է տարաների ներմուծմանը, կստեղծի ընկերության տարեկան ծրագրերի իրականացման բարենպաստ պայմաններ: Բայց չէ որ սովորաբար նման հարկային արտոնություններ տրվում են այն ընկերություններին, որոնք երկրի ներսում պարտավորվում են կատարել լուրջ ներդրումներ:
Վերոնշյալ որոշման հետ կապված մանրամասներ փորձեցինք պարզել ՙԵրեւան գարեջուր՚ ՓԲԸ-ի սեփականատեր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ: Եվ, անկեղծ ասած, այդ պարզաբանումներից հետո իրավիճակն ավելի ուշագրավ է թվում:-Կառավարության վերջին նիստում ՙԵրեւան գարեջուր՚ ՓԲԸ-ին որոշ արտոնություններ տրվեցին, քանի որ շշերի մի մասը Հայաստանում է արտադրվում, իսկ մի մասը ներկրվում է Ուկրաինայից: Նշում են, որ հնարավոր է, որ Հայաստանում այլեւս շշերի արտադրություն չլինի, եւ շշեր ներկրվեն միայն Ուկրաինայից: Որքանո±վ է դա իրական, եւ ի±նչը կարող է լինել պատճառը, որ Հայաստանում շշերի արտադրամասը այլեւս չգործի:
- Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ, որ կառավարությունը արտոնություն է տվել, որ շշերը ներմուծվեն այնտեղից: Եթե հիշում եք, նախանցյալ տարի շշերի գործարանի վառարանը շարքից դուրս եկավ, եւ մոտ վեց ամիս շշեր չարտադրվեցին: Այդ ժամանակ ՙԵրեւան գարեջուրը՚ ուներ շշերի ֆորմաներ, եւ գործարանը այդ ֆորմաները վերցրեց եւ ուղարկեց Ուկրաինա, ու այնտեղից մի քանի մեքենա շիշ ներկրվեց: Դա եղել է այն ժամանակ, երբ մեր շշերի գործարանը ժամանակավորապես չէր գործում, իսկ երբ սկսեց աշխատել, բնականաբար, մենք Ուկրաինայից որեւէ հատիկ շիշ չենք ներկրել եւ չենք էլ բերելու: Պարզապես, քանի որ ֆորմաները արտահանել ենք Ուկրաինա ժամանակավոր, խոսքը դրա մասին է: Եթե հիմա հետ բերենք, դրա ծախսը ավելի շատ է, քան այս պահին ֆորմաների արժեքը, դրա համար այս պահին կառավարությունը հետաձգել է այդ գործընթացը: Ուկրաինայից շշեր կներկրվեն միայն այն դեպքում, եթե այստեղ խնդիրներ առաջանան շշի արտադրման գործարանի հետ: Հակառակ պարագայում, ինչ խոսք, մենք այստեղից ենք շշեր վերցնում. ո±նց կարելի է տեղական արտադրողից չվերցնել եւ ներկրել դրսից, դա իմ կարծիքով` ճիշտ չէ:
- Ներկա պահին, որեւէ խնդիր կա± Հայաստանում շշի արտադրման հետ կապված:
- Ոչ, ոչ, ներկա պահին շատ լավ աշխատում է, եւ շատ լավ շշեր են պատրաստում:
- Ֆինանսների նախարարության ամփոփաթերթում, մասնավորապես նշված է. ՙՙԵրեւան գարեջուր՚ ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի գնահատականը հնարավոր չէ ներկայացնել, քանի որ առկա չէ ներդրումային ծրագիր՚: Կասե±ք, թե ինչի հետ է կապված, որ ներդրումային ծրագիրը չեք ներկայացրել:
- Ինչ-որ պետք է եղել մեզ` ժամանակին արել ենք եւ այս պահին ներդրման խնդիր չունենք: Հենց ունենանք` կանենք անպայման, ծրագիր էլ կունենանք:
- ՙԵրեւան գարեջուրը՚ արտահանվո±ւմ է այլ երկրներ, եթե այո, հատկապես ո±ր երկրներ եւ ի±նչ ծավալի:
- Իհարկե արտահանվում է, գարեջրի մեծ մասը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Արտահանման ծավալը աճում է: Հուսով եմ, որ Հայաստանի` ՄՄ-ին անդամագրվելուց հետո ցուցանիշները ավելի դրական են լինելու:
- Գարեջրի սիրահարները նշում են, որ ամառային եւ ձմեռային գարեջրի մեջ փոփոխություններ կան, մասնավորապես նշում են, որ ամռանը գարեջուրը ավելի ջրիկ է: Ի±նչ կասեք դրա հետ կապված:
- Ես` որպես մասնագետ, կարող եմ հաստատապես ասել, որ նման բան չկա: Նույն հումքով պատրաստվող ապրանք է` լինի ամառ, թե ձմեռ: Պարզապես, երբ սառն է եղանակը, մարդը մի ձեւ է խմում, իսկ երբ տաք է` մի այլ ձեւ: Երբեք գարեջրի պատրաստման տեխնոլոգիան մենք չենք խախտում, անկախ եղանակից:
- Արդեն հայտնի է Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետի անունը: Ի±նչ գնահատական կտաք արդեն նախկին կառավարությանը եւ ի±նչ ակնկալիքներ ունեք ձեւավորվելիք կառավարությունից:
- Նախկին կառավարությունը նախկին վարչապետի գլխավորությամբ աշխատել է վեց տարի, բնականաբար եղել են եւ դրական տեղաշարժեր, եւ բացթողումներ: Գիտեք, որ անցյալ տարի տնտեսական աճը պակաս է եղել, բայց բոլոր դեպքերում նախկին կառավարության աշխատանքը գնահատում եմ դրական:
Ինչ վերաբերում է ներկայիս վարչապետին` Հովիկ Աբրահամյանին, ես նրա մասին շատ բարձր կարծիք ունեմ, թե° որպես անձնավորություն, թե° որպես ղեկավար: Բայց, բնականաբար, Հովիկ Աբրահամյանը միայնակ չի կարող ոչինչ անել, եթե չունենա լավ կառավարության անդամներ: Երբ կառավարությունը ձեւավորվի, թերեւս այդ ժամանակ կարող եմ Ձեր հարցին լիարժեք պատասխան տալ: Ամեն դեպքում նոր կառավարությունից մեծ սպասելիքներ ունեմ:
- Եվ վերջում, Դուք` որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, ինչպես եք վերաբերվում պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը, քանի որ հանրության մի ստվար զանգված կարծում է, որ դեռեւս վաղ էր այս համակարգի ներդրումը Հայաստանում:
- Կարծում եմ, որ հանրությունը դեռեւս լիարժեք տեղեկացվածություն չունի համակարգի մասին, ինքն էությամբ բավականին լավ բան է: Երբ նայում ենք արտերկրում կենսաթոշակ ստացող տարեց մարդկանց, տեսնում ենք, որ նրանք բավականին լավ բարեկեցիկ ծերություն են վայելում: Ես էլ կցանկանամ, որ մեր հայերը եւս նման բախտի արժանանան, եւ համոզված եմ, որ նման կարգի միջոցառումները արվում են հենց դրա համար: Չնայած հիմա շատ ասեկոսեներ են շրջանառվում, պայքար է գնում այսօր, բայց ինձ թվում է, որ խորությամբ ուսումնասիրելուլուց հետո նման խառնաշփոթ չի լինի: Պետք է հանրությանը օրինակներով բացատրվի, քանի որ այսօր զուտ խոսքերով ոչ ոք ոչ ոքի չի հավատում: Կարծում եմ` ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթվի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

