ՙՙՙ«ԿԱՐՈՂ Է ԿՈԱԼԻՑԻԱ ՉԼԻՆԻ, ԲԱՅՑ ԼԻՆԵՆ ՈՐՈՇԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Արխիվ 12-16«ԿԱՐՈՂ Է ԿՈԱԼԻՑԻԱ ՉԼԻՆԻ, ԲԱՅՑ ԼԻՆԵՆ ՈՐՈՇԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Համաձայն ՀՀԿ-ի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած ցուցակի` ԱԺ նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանին խորհրդարանում կփոխարինի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, ում հետ «Իրավունքը» զրուցեց ակտիվ քաղաքականություն վերադառնալու, նոր ձեւավորվող կառավարության եւ վերջերս հրաշալի համարվող, այսօր թշվառ դարձած ոչ իշխանական քառյակի մասին:
-Պարոն Ալեքսանյան, շուտով կվերսկսվի Ձեր պատգամավորական գործունեությունը, ի՞նչ ակնկալիքներով եք վերադառնում խորհրդարան:
- Շատ բնական` ոչ թե առանձնապես ակնկալիքներով, այլ աշխատանքի լծվելու տրամադրությամբ:
- Իսկ նոր կազմավորվող կառավարության մասին ի՞նչ կասեք:
- Բնականաբար, կլինեն որոշակի փոփոխություններ կառավարությունում, եւ կարծում եմ` կունենանք ավելի գործուն, քաղաքականությունից ավելի զերծ կառավարություն:
- Ըստ Ձեզ, ներքաղաքական որոշակի փոփոխություններով, մասնավորապես նոր կառավարության ձեւավորմամբ, ոչ իշխանական քառյակի, այսպես ասած, առաքելությունն ավարտվե՞ց:
- Կարծում եմ` դեռ ոչ:
- Ինչպես կգնահատեք քառյակի այսօրվա գործունեությունը, երբ մի կողմից ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «սպառնում է» ԲՀԿ-ականներին, թե ով ներգրավվի կառավարության կազմում, կզրկվի կուսակցությունից, իսկ «Ժառանգությունում» նոր կառավարության մասին կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն են հակադիր կարծիքներ հայտնում (մեկն ասում է` թող կազմավորվի, նոր գնահատականներ հնչեցնենք, մյուսը` շտապում կարծիք հայտնել):
- Բոլոր դեպքերում, դեռ կոնսուլտացիաները շարունակվում են Հանրապետական կուսակցության կողմից` ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Կարծում եմ, որ այդ քննարկումների արդյունքում որոշակի համաձայնություն կլինի: Պարտադիր չէ, որ կառավարությունում նրանք մաս կազմեն, ամեն դեպքում, ընդհանուր նպատակներ կան: Եվ այն նպատակները, որոնք ընդհանուր են, դրանց կատարման համար կհամագործակցեն: Իսկ թե ի՞նչ կարգավիճակով, դա արդեն դժվար է այսօր ենթադրել:
- Նկատի ունեք կոալիցիայի մաս կազմե՞լը:
- ԲՀԿ առաջնորդը հայտարարում է, որ կոալիցիայի մաս չի կազմի, բայց կոալիցիան շատ հեղհեղուկ հասկացություն է: Կարող է կոալիցիա չլինել, բայց լինեն համաձայնություններ: Կրկնում եմ` դժվար է ենթադրել, բայց այն, որ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ որոշակի համագործակցության որոշակի նպատակների շուրջ, հատկապես հանրապետության տնտեսական գործունեության բարելավման, անվտանգության առումով կհամագործակցեն, դրանում չեմ կասկածում:
- Ըստ Ձեզ, ո՞վ քառյակի խաղից դուրս կմնա:
- Դժվար է ենթադրություններ անել, կարծում եմ` քառյակն էլ, քանի որ որոշակի արդյունքներ գրանցել է, կշարունակի իր գործունեությունը: Ոչ ոք դուրս չի գա, համենայնդեպս կհամագործակցեն միմյանց հետ, եթե, իհարկե, այդ քառյակից կոալիցիա չկազմվի: Իսկ եթե կոալիցիայի մաս կազմեց ՀՅԴ-ն կամ որեւէ մեկը, բնականաբար, քառյակի հետագա գործունեությունն այլ կլինի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

