Աչքներս լույս, վաղուց չէինք լսել...
Արխիվ 12-16
Աչքներս լույս, վաղուց չէինք լսել... Կրկին մամուլի էջերում գտանք ժամանակին ՙՄԱԿ կուսակցություն՚ անունով քաղաքական բիզնես նախագիծ իրականացրած, իսկ այնուհետ ԲՀԿ ցուցակով խորհրդարան անցած ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ մտքի փայլուն արգասիքը: Սույն պարոնը, թեեւ, օլիգարխ է եւ դեռ 1992-ին գերադասել էր ոչ թե ռազմաճակատ մեկնել ՙԱնկախության բանակ՚ զորամիավորման կազմում, այլ խորասուզվել բիզնեսի մեջ, այնուամենայնիվ, շատ է սիրում փիլիսոփայել բարձրարժեք մատերիաների մասին: Այս անգամ էլ, նրա խոհափիլիսոփայության առարկան դարձավ այն, որ ըստ ՀՀ նախագահի` կառավարությունում էական փոփոխություններ են լինելու. ՙԷական՚ բառն օգտագործելիս` ամեն մարդ պետք է նկատի ունենա, որ եթե նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է էական փոփոխություններ տեղի ունենան, կսպասենք նոր կառավարության կազմին, եւ դրանից հետո մոտավոր հաշվարկ կարող ենք կատարել, նույնիսկ`
մաթեմատիկական, թե երբ հնչում է ՙէական՚ բառը, այն ինչ տոկոսային հարաբերակցություն է ունենում: Այսինքն` որ դեպքում է Սերժ Սարգսյանը օգտագործում ՙէական՚ բառը, եւ մաթեմատիկական ինչ արտահայտություն է ստանում դա, ցույց կտա նոր կառավարության կազմը՚: Դե ինչ, զարմանալով հանդերձ, արձանագրենք, որ Արսենյանը նույնիսկ կադրային փոփոխության էականությունը չափում է նույն սկզբունքով, որով բիզնեսում հաշվում են շահույթը կամ, օլիգարխիկ միջավայրի բառապաշարով ասած` ՙքյարը՚: Այժմ, երբ 20-օրյա ժամկետում պետք է ձեւավորվի կառավարությունը, տեղեկատվական հարձակումներին, խառնակչություններին, բլեֆներին հավելվել է քաղաքական պայքարի եւս մի ոճ` սպառնալիքախառը շանտաժը ՙչենք մոռանա, չենք ների՚ ոճով: Այդ ժանրին դիմել է հայտնի գրանտածիծ, տոտալիտար աղանդների մեծն պաշտպան ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ` ձգտելով ՀՅԴ-ին հետ պահել իշխող կոալիցիա վերադառնալու հնարավոր ՙմեղքից՚. ՙՀետաքրքիր է, Դաշնակցությունը, որ քննարկում է Հովիկ Աբրահամյանի կաբինետում անդամներ ունենալու հնարավորությունը, արդյոք հասկանում է, որ բռնել է օեկացման ճանապարհը, թե` ոչ: 2008-ին, Մարտի 1-ից հետո Դաշնակցության անդամագրվելը կոալիցիային շատերն են մոռացել եւ վատ հիշողության պատճառով ներել, ինչը երեւի ոգեւորել է իրենց: Երկրորդ անգամ Հանրապետականների հետ կոալիցիա ձեւավորելը արդեն չպետք է ներվի՚:
Ինչպես հայտնի է, ՙՖԵՅՍԲՈՒՔԸ՚ քաղաքականամերձ շրջանակների կյանքում մեծ դեր է խաղում: Օրինակ, այդտեղ ռեալ կյանքում կատարյալ չմոյի կարգավիճակ ունեցողները վերածվում են ցանցային ՙհերոսների՚, աջուձախ փրթում են: Ոմանք էլ, ամբողջ մաղձը թափում են ՙՖեյսբուքի՚ էջերում եւ հետո արժանանում բողոքների, որ 1000 հոգի ՙՖեյսբուքում՚ խոստացան գալ ցույցի կամ հանրահավաքի, բայց եկան տասը... Կան նաեւ այնպիսիք, որ քիչ է մնում ընտանիքի անդամների հետ շփվեն բացառապես ՙՖեյսբուքով՚, ու թերեւս այդպիսիների համար է, որ ՙՖեյսբուքը՚ մոտ ժամանակներում մտադիր է գործարկել էլեկտրոնային փողի ծառայությունը: Հետաքրքիր է, ինչ անուն կստանա այդ արտարժույթը` դրա մասին լրատվականները դեռեւս լռում են: Բայց քանի որ մեր երկրում ՙՖեյսբուքը՚ վաղուց սկսել են կոչել ՙսֆաթադավթար՚, երեւի թե, ֆեյսբուքյան փողի միավորն էլ կկնքեն ՙսֆաթ՚ անունով: Դե պատկերացնում եք չէ±, ինչ-որ մեկը ՙՖեյսբուքում՚ հայտարարություն է գրում` իմ հին համակարգիչը վաճառում եմ 150 սֆաթով:
Զարմանալի իրավիճակ է ստեղծվել Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6-րդ բ դասարանում: Այդտեղ միակ աշակերտ է մնացել ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ, իսկ ամբողջ դասարանը հրաժարվում է գալ դասերի: Այդ հակամարտության մասին շատ է գրվել, մի մասը Հարությունին ներկայացնում են որպես ծայրահեղ լկտի հրեշ, ով կոլեկտիվի հերն անիծել է, մյուս մասն էլ վստահ է, որ նրա հետ փորձել են վարվել ոհմակի սկզբունքով, ՙկոտրել՚, բայց ստացվել է հակառակը, ու պնդում են, որ եթե Հարությունի նման երեխաներ շատ լինեն, ապա մթնոլորտն ահագին կմաքրվի: Դատավորի դեր չենք ստանձնի եւ չենք փորձի պնդել` առաջին վարկածն է ճիշտ, թե` երկրորդը, սակայն մի բան ակնհայտ է: Այդ ինչքան ոչ բարեխղճորեն են այդ դպրոցում տնօրինությունն ու մանկավարժները վերաբերվում սեփական պարտականություններին, որ չեն կարողացել պատանիների սովորական կոնֆլիկտին նորմալ լուծում գտնել ու չհասցնել դա, բառիս բուն իմաստով, ՙՎարդանանց պատերազմի՚ հավասար մի բանի:
Իսկ բրիտանական ԹԵԼՖՈՐԴ քաղաքի բնակչությունը ահուսարսափի մեջ է ապրում: Կոմունալ ծառայության աշխատողները բնակիչների բողոքով պայքարելով կոյուղուց եկող անտանելի գարշահոտության դեմ, այդտեղ հայտնաբերել են սատկած ահավոր գիշատիչների` պիրանյա ձկների: Ու չնայած քաղաքային իշխանության հավաստիացումների, սարսափ ֆիլմերի վրա իրենց պատկերացումները ձեւավորած բնակիչները վախի ու խուճապի մեջ են: Շատերին զարմանալիորեն թվում է, որ իրականություն կդառնան սարսափ ֆիլմերի սյուժեները եւ հենց իրենց տների զուգարանակոնքերից դուրս կթռչեն պիրանյաները ու կհոշոտեն իրենց: Դե ինչ, զարմանալով հանդերձ, արդեն մեր երկրի քաղաքացիներին հորդորենք, քիչ դիտել ապուշ հեռուստաֆիլմեր, հատկապես քնելուց առաջ:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

