Ինչպես հայտնի է, թեեւ պաշտոնապես վարչապետի անունը հայտարարվեց կիրակի, դեռ օրեր առաջ քաղաքական վերնախավում գրեթե համոզված էին, որ ՀՀ վարչապետ կնշանակվի Հովիկ Աբրահամյանը:
Առաջիկայում նոր վարչապետի հետ համագործակցության կառավարություն, այսինքն կոալիցիա մտնել-չմտնելու վերաբերյալ իրենց պատասխանները կտան ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ն կառավարությունում կունենա մեկ-երկու ներկայացուցիչ եւ ընդդիմությունից կվերադառնա իշխանության մեջ: Դա սպասվում էր, քանի որ ակնհայտ էր, որ կարկառուն դաշնակցական Վահան Հովհաննիսյանին հենց այնպես դեսպան, այն էլ` Գերմանիայի նման կարեւոր երկրում, չէին նշանակի: Իսկ քառյակի առաջնորդների նիստին, ՀՅԴ-ի չմասնակցելը առավել քան խոսուն փաստ է: Որպես ՀՅԴ ներկայացուցիչ կառավարությունում, տրվում է Դավիթ Լոքյանի անունը, վերջինս փորձ ունի աշխատելու ինչպես գործադիր, այնպես էլ` օրենսդիր իշխանության մեջ: Հիշեցնենք, որ ԱԺ-ում Դ. Լոքյանը ղեկավարում էր նաեւ ՙմազութի գործով՚ ժամանակավոր հանձնաժողովը: Նա երբեք իրեն թույլ չի տվել քննադատել Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին: Ավելին, որոշ տեղեկություններով, Լոքյանը ՀՅԴ-ում ներքին ընդդիմություն էր, դեմ էր ՀՅԴ-ի ներկայիս երեւացող դեմքերի պոպուլիստական գործողություններին եւ արեւմտամետ խաղերին: Նշենք նաեւ, որ Դ. Լոքյանը որպես անձ ընդունելի է անձամբ Հովիկ Աբրահամյանի համար, իսկ Լոքյանի որդին Հ. Աբրահամյանի ամենանվիրված օգնականերից է: Բացի այդ, կարեւոր է նշել, որ Լոքյանը անձնապես լավ հարաբերություններ է պահպանել շատ հանրապետականների հետ եւ ունի հարգանք` նրանց շրջապատում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնի, սակայն կդադարի հանդես գալ ընդդիմադիր կեցվածքով եւ կվերադառնա այլընտրանքի դիրքերին: Այս պարագայում սպասվում է վերջին շրջանի ներքաղաքական լարվածության կտրուկ նվազում, ինչը նորանշանակ վարչապետին եւ նորաստեղծ կառավարությանը թույլ կտա իրականացնել մի շարք ծրագրեր` երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար: Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա այստեղ գործելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի ներսից պառակտված ՀԱԿ-ը եւ ծաղրածուի վերածված Րաֆֆի Հովհաննիսյանի ՙԺառանգության՚ մնացորդները: Հավանաբար, նրանց միջեւ կծավալվի պայքարը` ընդդիմության դրոշակակիրը լինելու համար: Սակայն այդ դեպքում ԼՏՊ-ն եւս մեկ անգամ կճաշակի ԲՀԿ-ի հետ միավորվելու իր ֆիքս գաղափարի սխալ լինելու դառը պտուղները, ու դա կբերի ՀԱԿ-ի ներքին հակասությունների աճ, եւ, հավանաբար, ՀԱԿ-ը վերջնականապես քաղաքական աղբանոց կտեղափոխվի: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ