ԾԵՐՈՒԿԸ ԼՐԻՎ ԿՈՐՑՐԵԼ Է ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ՉԿԱՅԱՑԱԾ ՄԱՅԴԱՆԻ ՔՐՈՆԻԿՈՆ
Արխիվ 12-16ԾԵՐՈՒԿԸ ԼՐԻՎ ԿՈՐՑՐԵԼ Է ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆԸ,
ԿԱՄ ՉԿԱՅԱՑԱԾ ՄԱՅԴԱՆԻ ՔՐՈՆԻԿՈՆ
Տիգրան Սարգսյանի հրաժարականի եւ Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակվելու միջեւ ընկած ժամանակահատվածում բազում բացահայտումներ եւ ինքնաբացահայտումներ եղան: Գործնականում պարզ դարձավ, թե ով ինչ իրական նպատակներ ունի: Սակայն գործընթացը դրանով կանգ չառավ, եւ բացահայտումներն ու ինքնաբացահայտումները շարունակվեցին նաեւ վարչապետի նշանակումից հետո` արդեն կառավարության ձեւավորման փուլում, որն, ըստ Սահմանադրության, տեւելու է մինչեւ 20 օր: ՙՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ՚ ՖԻԱՍԿՈՆ
Ինչպես հայտնի է, ԼՏՊ-ն դեռ 2011-ից փայփայում էր հույսեր` ԲՀԿ-ի ձեռքով իրականացնել ՙավազակապետության կազմաքանդում՚: Եվ արդեն ձեռքերն էր շփում, երբ ոչ իշխանական ՙքառյակը՚ հայտարարել էր, որ ապրիլի 28-ից սկսում է շուրջօրյա հանրահավաքներ: Խոսվում էր, այսպես կոչված, ՙփուլային իշխանափոխության՚ մասին, իբր առաջին փուլում պետք է փողոցի ճնշումով հասնեն կառավարության հրաժարականին, ինչից հետո ԼՏՊ-ի պատկերացմամբ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կդառնան ՙտեխնիկական խնդիր՚:
Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ու ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տվեց, քանզի անհրաժեշտ էր նոր թիմ, որը պիտի զբաղվի արդեն Մաքսային միության կազմում երկրի խնդիրները լուծելով եւ ապահովելով տարեվերջին ՀՀ մուտքը Եվրասիական միություն, որպես հիմնադիր անդամ: Ու այդտեղ ծեր աղվեսը լրիվ ինքնաբացահայտվեց` կառավարության հրաժարականը վերագրելով ՙքառյակին՚ եւ նույն ՙքառյակին՚ կոչ անելով, որ ոչ մի դեպքում չմասնակցի նոր կառավարության ձեւավորմանը կամ դրա հետ համագործակցությանը, այլ անպայման ապահովի հանրահավաքները, ԱԺ-ում էլ տապալի նոր կառավարության ծրագրի հաստատումը, որպեսզի քաղաքական ճգնաժամ գոյանա:
Բայց ապրիլի 10-ին, երբ տեղի էր ունենում ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, արդեն պարզվեց, որ առկա է ոչ թե ՙքառյակ՚, այլ ՙեռյակ՚` ՀՅԴ-ն չմասնակցեց կուսակցությունների առաջնորդների հանդիպմանը եւ, ինչպես պարզվեց, չէր էլ պատրաստվում մասնակցել: Ու ընդհանրապես, ՀՅԴ-ն արդեն իսկ ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներին առնչվող 7 կետանոց առաջարկություն, այսինքն` առնվազն այդ գործընթացին մասնակցելու է, այս կամ այն կերպ համագործակցելու է իշխանության հետ: Ինչ վերաբերում է կառավարությունում պորտֆելներ ստանձնել-չստանձնելու հարցին, ապա այդ հարցի վերջնական պատասխանը թերեւս կտա Ծաղկաձորում ընթացող ՀՅԴ-ի հերթական ՙհույժ գաղտնի՚ ժողովը, ուր տարբեր կոմիտեների միջեւ կարծիքների հակադրություն է առկա: Բայց առավել հավանական է, որ կառուցողական գիծը դառնա գերիշխող: ԲՀԿ-ում էլ, կարծիքների բախումը, երկու թեւերի առկայությունը բավականին ակնհայտ է: Այսպես, կոալիցիային մասնակցելու հարցի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տվեց բավականին ուշագրավ պատասխան. ՙԵս պատասխանում եմ` որպես ԲՀԿ խմբակցության քարտուղար, եւ սա համարեք կուսակցության պաշտոնական տեսակետ: Կոալիցիոն կառավարություն մտնելու հարց ԲՀԿ օրակարգում չկա, եւ կխնդրեմ այս հարցը այլեւս հանել ձեր օրակարգից: Ինչ վերաբերում է նրան, որ որոշ ԲՀԿ-ականներ այլ ձեւաչափերով հնարավոր է` ներգրավված լինեն կառավարությունում, ապա այստեղ եւս մեր տեսակետը հստակ է` նույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից, կդադարեն լինել մեր թիմակիցը: Մենք, բնականաբար, կտանք մեր հստակ գնահատականը, սակայն, վստահաբար, ամենակոշտ գնահատականը նման մարդկանց կտա հանրությունը: Ես չեմ կարծում, թե որեւէ մեկը պատրաստ է նման բարոյական ճնշման տակ մտնել՚:
Ինչ է բխում Նաիրա Զոհրաբյանի խոսքից` որ ոչ թե թիմային սկզբունքով միասնաբար որոշում են կոալիցիային մասնակցել-չմասնակցելու հարցը, այլ առկա է խիստ տարաձայնություն, կան ազդեցիկ կուսակցականներ, ովքեր ձգտում են անպայման մասնակցել կամ առնվազն, չհակադրվել կոալիցիային, ու կան նաեւ այնպիսիք, ովքեր կտրականապես դեմ են: Խոսքը հենց Ռոբերտ Քոչարյանի հսկողության տակ գտնվող ՙնարնջագույն՚ օսկանյանական թեւի մասին է, որը խնդիր է համարում ոչ թե վարչապետի այս կամ այն անձը, կառավարության այս կամ այն ծրագիրը, այլ դեմ է հենց ՀՀ նախագահին, եւ հատկապես` դեպի Մաքսային միություն գնալու գծին: Բայց նման է, որ ԲՀԿ-ի ներսում մայդանչիները թեեւ հույժ ակտիվ են եւ ագրեսիվ, սակայն մեծամասնություն չեն կազմում: Իսկ մեծամասնությանը ընդհանրապես խորթ է ընդդիմադիր գործունեության գաղափարն իսկ, եւ չպետք է բացառել, որ այս ընթացքում կարող է եւ թեւերի լրիվ տարանջատում լինել: Ի դեպ, առկա է նաեւ ԲՀԿ խմբակցությունից առաջին դուրս եկողը` Դավիթ Քոչարյանը, եւ արդյո±ք նա կլինի վերջինը...
Ինչ վերաբերում է ԼՏՊ-ին ու ՀԱԿ-ին, ապա նրանք միայնության մեջ, ինչն արձանագրեցին իրենց հայտարարությամբ. ՙՀայաստանի իշխանությունների մեղքերի եւ ձախողումների համար պատասխանատու է ամբողջ հանրապետական մեծամասնությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մենք չպետք է սպասենք կառավարության ձեւավորմանը եւ նրա կողմից ծրագրի ներկայացմանը, որպեսզի վերաբերմունք հայտնենք նոր կառավարության նկատմամբ: Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանությունները` ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի, ի վիճակի չեն Հայաստանի զարգացման որեւէ ծրագիր իրականացնել եւ կորցրել են Հայաստանում կառավարություն ձեւավորելու որեւէ իրավունք՚: Խոսքն իրոք միայնության մասին է, քանզի անգամ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը գերադասում է մինչեւ գնահատական տալը սպասել կառավարության ծրագրի հրապարակմանը, իսկ դաշնակները` ի դեմս խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, ՀԱԿ-ի հայտարարությունը մտադիր է քննարկել ՙքառյակի՚ առաջիկա նիստում, եւ ընդհանրապես ՙՀայ ազգային կոնգրեսն ինչ-որ առանձին հայտարարում է, դա իրենց գործն է՚:
Բայց արդյո±ք մինչեւ ՙառաջիկա նիստը՚ ՙքառյակ՚ ընդհանրապես կլինի` որպես քաղաքական ձեւաչափ:
13-ՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՀԵԼՈՒ Է ՀՍՏԱԿ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ
Դեռ Տիգրան Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո, երբ լրատվական դաշտում քննարկվում էին վարչապետի հնարավոր թեկնածուները, արդեն այն ժամանակ աչքի զարնեց քարոզչական թունդ հարձակումը հենց Հովիկ Աբրահամյանի վրա: Հարձակվողների մեջ էին բոլոր տեսակի արեւմտամետները, անձամբ ԱՄՆ քաղաքացի, ամերիկյան լրտեսի համբավ ունեցող Ռիչարդ Կիրակոսյանը, իսկ ավելի ուշ` Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից Գառնիկ Իսագուլյանը եւ քոչարյանական քարոզչամեքենան որպես այդպիսին: Դրանից պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը շատ-շատերի ծրագրերն ու մտադրությունները դարձնում են անիրագործելի:
Եվ որոշ փակագծեր բացեց հենց Սերժ Սարգսյանը, երբ ապրիլի 13-ին ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստին որոշվում էր 13-րդ վարչապետի հարցը: Այսպես, ՙԱյս օրերի ընթացքում ես հանդիպել եւ զրուցել եմ շատ-շատերի հետ, մեր գործադիր մարմնի յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին եմ խոսել, խոսել եմ խորհրդի բազմաթիվ անդամների հետ, խոսել եմ մեր համակիրներից շատ-շատերի հետ եւ լսել, բնականաբար, հավաքագրել եմ շատ-շատերի կարծիքներն ու ակնկալիքները, համադրել եմ դրանք, իհարկե, հանդիպել եւ խոսել եմ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՚: Ավելին, ըստ Սերժ Սարգսյանի. ՙՎերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին: Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ` կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ: Բոլոր խնդիրների մասին խոսել ենք անկեղծ, բաց, ու ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները: Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու եւ աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով եւ, որ ամենակարեւորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով: Ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրանում եւ անձամբ ամեն ինչ անելու եմ` օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը՚: Ինչ վերաբերում է աշխատանքային առաջնահերթություներին, ապա ամենակարեւորը ՙՄաքսային միությանը միանալու աշխատանքները նոր թափով են շարունակվելու եւ ակտիվ գործողություններով բարեհաջող ավարտին է հասցվելու այս կարեւորագույն աշխատանքը՚: Իսկ ներքին կյանքում ՙԿադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն` պահպանելով լավագույններին` անկախ հայացքներից, առաջադրելով նորերին` հնարավորինս զերծ մնալով ՙծանոթ-բարեկամ՚ նշանակումներից՚ եւ ՙՎերաամրագրել ենք կարեւորագույն առաջնահերթություն բոլորի համար. ՙպետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն` արգելված՚:
Ինքը` Հովիկ Աբրահամյանը, արդեն որպես վարչապետ պատասխանելով լրագրողների հարցին, նշել է. ՙԱմեն ինչ էլ անելու ենք նոր կառավարության հետ: Նախագահի սատարմամբ եւ վստահությամբ ձեւավորելու ենք պրոֆեսիոնալ կառավարություն եւ փորձելու ենք այսօր առկա խնդիրներին լուծումներ տալ: Դրա համար ժամանակ է պետք եւ ռեսուրսներ, որը մենք աշխատելու ենք կուտակել եւ գնալ առաջ՚: Հարցին` ոչ իշխանական ուժերից կլինե±ն արդյոք կառավարության մեջ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ համագործակցելու են խորհրդարանում ներկայացված ուժերի հետ, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների եւ փորձագիտական խմբերի հետ` լսելով բոլորի կարծիքները: ՙԵթե ցանկություն կլինի այդ ուժերի կողմից: Հիմա հանրապետության նախագահը բանակցում է Ազգային ժողովում ներկայացված ուժերի հետ, միասին որոշում կկայացնենք՚:
Այսքանից բավականին պարզ հասկացվում է, որ մի կողմից` դեպի Մաքսային միություն գնալու աշխատանքները շարունակվելու են նույն եւ նույնիսկ ավելի մեծ թափով, ինքը` Հովիկ Աբրահամյանը որպես վարչապետ, ապահովելու է ինչպես այլ քաղաքական ուժերի հետ, այնպես էլ իշխանության թիմի ներսում հավասարակշռության պահպանումը, միաժամանակ ունենալով կադրային հարցերում ազատության մեծ աստիճան: Այսինքն` բավականին մեծ փոփոխություններ կլինեն կառավարությունում, միաժամանակ ՀՀԿ-ի թիմի ներսում լարվածության էական դրսեւորումներ չեն լինի: Ինչ վերաբերում է ծրագրի փոփոխությանը, ապա, բնականաբար, շատ բան ածանցյալ է լինելու Մաքսային ու Եվրասիական միություն գնալու հանգամանքից:
Ինքը` վարչապետը չի շրջանցել նաեւ ամենուրեք ծամծմվող խնդիրը` իր խնամիական կապերը, նշելով, որ քաղաքականությունում առաջնորդվում է ոչ թե դրանով, այլ` ՀՀ նախագահի եւ ՀՀԿ-ի ուղեգծով:
Ըստ էության` Հովիկ Աբրահամյանը որպես վարչապետ եւ նոր կառավարությունը անշեղորեն աշխատելու են եվրասիական ինտեգրման ռազմավարական ուղեգծի շրջանակում, միաժամանակ էլ բացառելով ներքին ցնցումները, առավել եւս` մայդանային դրսեւորումները: Հենց դա է պատճառը, որ ապրիլի 13-ից հետո էլ շարունակվեց արեւմտասերների եւ քոչարյանականների թունդ տեղեկատվական-քարոզչական հարձակումը ընդդեմ Հովիկ Աբրահամյանի: Ի դեպ, երեւում է նաեւ մեկ այլ երեւույթ` այսպես կոչված ՙհանրային սեկտորի՚ քաղաքականացում, քանզի մի շարք գրանտածիծ ՀԿ-ների կողմից տարածվել է հայտարարություն` նոր կառավարությանը ներկայացվող պահանջների երկար ցուցակի տեսքով: Այդ կոնտինգենտը առավելապես թունդ արեւմտամետ է, ու դրա ներքաշումը հրապարակային քաղաքական պահանջների դաշտ, նշանակում է, որ ՙքեռի Սեմը՚ մարտի է նետում իր վերջին ռեսուրսները:
Ինչեւէ, առաջիկա երեք շաբաթները լեցուն են լինելու տարատեսակ ապատեղեկատվություններով, բլեֆներով, ինտրիգների փորձերով, գլոբալ եւ խմբակային բնույթ ունեցող քարոզչական արշավներով: Բայց բոլոր դեպքերում, խորհրդարանում պատգամավորական քվեների թվաբանությունը լրիվ կանխատեսելիորեն ապահովելու է կառավարության ծրագրի ընդունումը, ու հետեւաբար նաեւ` այլ ակնկալիքներ ունեցողների հոգեբանական-քաղաքական ֆրուստրացիան, կամ երեւանցու խոսքով ասած` ՙմանթրաժը՚:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

